Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախկին նախարարի համոզմամբ՝ պետությունը չի արգելի աջ ղեկով մեքենաների շահագործումը

Վերադարձ լուրերի բաժին

14:14 , 10 Հոկտեմբեր 2017

Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան վարորդների ամենաբուռն քննարկման թեման աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելման հարցն է։

Այս թեման նոր չէր. ամիսներ առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ կառավարությունը մտադիր է արգելել աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում և ժամանակ տալ՝ դրանք ձախակողմյանի վերափոխելու համար։ Սակայն այս լուրը պաշտոնապես չհաստատվեց, ինչի արդյունքում՝ կրքերը ժամանակավորապես հանդարտվեցին։

Սակայն օրեր առաջ կրքերը նորից բորբոքեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ ճի՞շտ է, որ կառավարությունում քննարկում է եղել աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասին, նախարարը նշեց, որ քննարկումներ եղել են: Նա նաև ասաց, որ դեռ որոշում վերջնական չեն ընդունել, բայց առաջին հերթին փորձում են ճանապարհային անվտանգության խնդիրները լուծել. «Հաշվի առնելով ոստիկանության կողմից ներկայացված վթարների քանակը, թե որ տոկոսն է կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, հաշվի առնելով այդ ամենը՝ կունենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի նաեւ ԱԺ խմբակցություններում»,- ասաց նա։

Իրական և վիրտուալ տիրույթում այս հարցը, ինչպես նշեցինք, նույնպես բուռն քննարկվում է, կարծիքներն էլ տարբեր են։

Մի մասը գտնում է, որ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելը ճիշտ որոշում է, քանի որ այդ մեքենաները նախատեսված չեն ձախակողմյան երթևեկության համար, և վթարների հավանակությունը ավելի մեծ է։ Մյուս մասը չի կիսում այդ կարծիքը՝ համոզմունք հայտնվելով, որ ղեկի աջ կամ ձախ կողմում լինելը վթարների և անվտանգության  հետ կապ չունի. ավելի ճիշտ կլինի կարգավորել վարորդական իրավունքների ստացման գործընթացը, որպեսզի ճանապարհային երթևեկության կանոնները չիմացող մարդիկ վարորդական իրավունք չստանան։

Կան նաև մարդիկ, ովքեր չնայած համաձայն են, որ աջ ղեկով մեքենաները Հայաստանի երթևեկությանը հարմար չեն, կարծում են, որ պետությունը չպետք է արգելի դրանց շահագործումը, քանի որ ժամանակին թույլ է տվել անարգել ներմուծել։

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը նույնպես գտնում է, որ դժվար է երթևեկել աջ ղեկով` ձախակողմյան երթևեկության պայմաններում, և հակառակը: Այսինքն՝ խնդիր, ամեն դեպքում, կա։

Սակայն  արդեն շահագործման մեջ գտնվող աջ ղեկով մեքենաների արգելումը, ըստ նախկին նախարարի, խնդրի լուծում չէ, և պետությունն էլ դժվար թե այդ ճանապարհով գնա։ «Պետությունը չի կարող, և կարծում եմ՝ չի էլ փորձի արգելել արդեն ներմուծված և շահագործման մեջ գտնվող աջ ղեկով ավտոմեքենաների օգտագործումը: Հակառակ դեպքում` պետական միջոցներից պիտի ահռելի ծավալի փոխհատուցում նախատեսի, որը պարզապես անիմաստ է», – նշում է Կ. Ճշմարիտյանը:

Որպես այլընտրանքային տարբերակ շատերն առաջարկում են արդեն շահագործման մեջ գտնվող աջ ղեկով մեքենաների շահագործումը չարգելել, փոխարենը՝ արգելել դրանց հետագա ներմուծումը։

Սակայն պարզվում է՝ դա էլ այնքան հեշտ չէ, որքան կարող է թվալ։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և նման հարցերում այլս ինքնուրույն չէ։ Կարեն Ճշմարիտյանը նշում է, որ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու դեպքում կարող է խնդիր առաջանալ ԵԱՏՄ-ի կանոնակարգերի հետ, և անհրաժեշտություն է առաջանալու՝ բանակցել և համաձայնեցնել անդամ երկրների հետ:

Այդ դեպքում՝ ո՞րն է լուծումը, գոնե այս փուլում։ Կ. Ճշմարիտյանը այդ լուծումը  այսօր տեսնում է միայն սեփականատեր-ապահովագրող հարաբերությունների դաշտում, «որովհետև վթարների փոխհատուցումը այնուամենայնիվ իրականացվում է այդ սուբյեկտների միջև կնքված պայմանագրի տիրույթում:

«Կարծում եմ` այս փուլում, անկախ ղեկի աջ կամ ձախ լինելուց, ԱՊՊԱ համակարգում պիտի ներդրվեն այնպիսի կարգավորումներ, որոնք պայմանագրային հիմունքներով կերաշխավորեն անվթար երթևեկող վարորդների խրախուսումը(տարբեր բոնուսներ), և հաճախակի վթար առաջացնողներից առավել ապահովագրական գումարների գանձումը( օրինակ` նախորդ տարվա ընթացքում վթարի պատճառ լինելու դեպքում, կնքվելիք պայմանագրում առավել բարձր ապահովագրական գների սահմանումը): Սա նաև թույլ կտա առավել ճշգրիտ վիճակագրություն ունենալ՝ հետագա լուծումները գտնելու համար»,- կարծում է Կարեն Ճշմարիտյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ ոլորտների վճարած հարկերն են ամենից շատ աճել և նվազել (ցանկեր)

Հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են առևտրային վերադիրների նվազումով և գերավճարների հաշվին պարտավորությունների մարումով

Որ երկրներից են Հայաստան գալիս զբոսաշրջիկները (գծապատկերներ)

Զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը

Տրանսֆերտները աճում են. Որքան փող է ուղարկվել Հայաստան առանձին երկրներից

2017 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397.7 մլն ԱՄՆ դոլար