Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

20:58 , 28 Մայիս 2017

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:

Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ:

Հանրապետության տոնի առթիվ, մարզական փայլուն մրցելույթների և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել Հայաստանի ազգային հավաքականի և Մանչեսթեր Յունայթեդ ակումբի ֆուտբլիստ Հենրիխ Մխիթարյանը:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրման արարողության ժամանակ

 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ հյուրեր,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի և մեր պետության բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու առթիվ:

Հայաստանը թևակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ: Այդ փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը:

Մեր երկրի դիմագիծը փոխելու համար մենք մշտապես պետք է բացահայտենք և մեծարենք արժանավորներին: Դա է լավը՝ վատից, ճիշտը՝ ստից, բարին՝ չարից զատելու և առանձնացնելու ուղին: Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա:

Վստահ եմ, որ լավը, ճիշտը, բարին մեր հասարակության անդամներին միավորող արժեքներ են: Դա է մեր պետականության հիմքերն ամրապնդելու և վստահորեն առաջ շարժվելու ճանապարհը:

Այսօր մենք տոնում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը: Անցած 99 տարիների ընթացքում ստեղծվել են բազում արժեքներ՝ նյութական, հոգևոր, տեխնոլոգիական: Դրանք արդյունք են նվիրյալների և պրոֆեսիոնալների աշխատանքի, նրանց տաղանդի և նպատակասլացության:

Մեր օրերում դուք եք արժանիների հերթափոխը: Եվ մեր հասարակությունը երախտապարտ է ձեր ջանքերի և նվիրումի համար:

Այսօր մեր երկրում ընթացող բարեփոխումները ընդլայնվելու են՝ դառնալով լայնածավալ ու համակարգային, իսկ արդյունքները չպետք է երկար սպասել տան: Ավելին, դրանք պետք է զգալի լինեն և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:

Գալիք երկու-երեք տարիները բեկումնային են: Ակնկալում եմ, որ դուք ևս ձեր ողջ ներուժը և ձեր ամբողջական գիտելիքները ներդնելու եք այդ շնորհակալ աշխատանքում:

Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է:

Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր:

Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլորիս նախանձախնդիր և հետևողական աշխատանքը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բարեկամներ, այս կարևոր տոնի և պարգևատրման կապակցությամբ:

Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար:

 
h001

h002

h003

h004

h005

h006

h007

h008

h009

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է». Աբել Աղանբեգյան

Ըստ տնտեսագետի՝ գնաճի դանդաղումը բնակչության իրական եկամուտների նվազման հետևանք է

Թերսնվող Հայաստան. մոտ 450 հազար հոգու սննդակարգում 70%-ը հացն է և կարտոֆիլը

Օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%