Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Միջազգային դատարանում հայտնվելը կվտանգի օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան». Economist Intelligence Unit

Վերադարձ լուրերի բաժին

Քանի դեռ Հայաստանի կառավարությունը հապաղում է Ամուլսարի վերաբերյալ կոնկրետ որոշում կայացնելու հարցում, և ընտրված ընկերությունն էլ դեռ չի ավարտել իր ուսումնասիրությունը հանքում, միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները Հայաստանի համար ոչ ցանկալի զարգացումներ են կանխատեսում:

The Economist Intelligence Unit-ը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ փորձել է կանխատեսել, թե ինչ կկատարվի, եթե Ամուլսարի հարցում կառավարությունը և Լիդիան ընկերությունն ընդհանուր հայտարարի չգան, և հանքավայրի գործը հայտնվի միջազգային արբիտրաժային դատարանում: Փակ, սակայն ազդեցիկ շրջանակի համար նախատեսված Economist Intelligence Unit-ի վերլուծությունները կարդում են հեղինակավոր տնտեսագետները, կարծիք ձևավորողները, որոշում կայացնողները, պոտենցիալ ներդրողները և օտարերկրյա պետությունների ղեկավարները:

Այդ հոդվածները ներառում են խոշոր կորպորացիաների, առանձին երկրների տնտեսական զարգացման կանխատեսումներ, ռիսկերի գնահատականներ և տնտեսության առանձին ոլորտների խոր վերլուծություններ, կանխատեսումներ: «Բրիտանա-ամերիկյան Lydian International ընկերությունը մարտի 11-ին պաշտոնապես հայտարարեց կազմակերպության և ՀՀ կառավարության միջև առկա վեճի մասին: Ընկերությունը Հայաստանին հիշեցրեց Միացյալ Թագավորության և Կանադայի հետ ներդրումների պաշտպանության համաձայնությունները, որոնք թույլ են տալիս հարցը կարգավորել միջազգային արբիտրաժում»,- նշված է վերլուծության մեջ:

Ասել է, թե՝ Լիդիանի և Հայաստանի կառավարության հակասություններն արդեն հայտնվել են միջազգային փորձագիտական և վերլուծական ազդեցիկ շրջանակների ուշադրության կենտրոնում: Կենտրոնի վերլուծաբանները հիշեցրել են, որ Լիդիանը հույս է հայտնել, թե կկարողանա Հայաստանի կառավարության հետ հասնել համաձայնության և խուսափել միջազգային դատարաններում երկարատև, ծախսատար ու ժամանակատար գործընթացներից: «2016 թ. Հայաստանի հարավ-արևելքում Լիդիանը սկսեց կառուցել ոսկու հանք և ձուլարան, որին նախորդել էր Հայաստանի նախկին իշխանության շնորհած արտոնագիրը ստանալու երկարատև գործընթացը: Ընկերությունը պլանավորում էր շուտով սկսել հանքի շահագործումը, ինչը սակայն կասեցվեց 2018 թ. կառավարության փոփոխությունից հետո, որն իշխանության բերեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին»,- նշում է վերլուծական կենտրոնի հոդվածը:

Կենտրոնն իր ընթերցողներին տեղեկացնում, իսկ ոմանց հիշեցնում է, որ անցած տարվա հունիսից մի քանի տասնյակ ցուցարար փակել է դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ պահանջելով որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բնապահպանական հիմնավորումներով դադարեցնի նախագծի գործունեությունը:

«Լիդիանը պնդում է, որ նախագծի պատճառով հանքի շրջապատի էկոհամակարգին լուրջ վնաս հասցնելու ռիսկեր չկան: Նոր կառավարությունն անտեսել է ճանապարհները բացելուն ուղղված՝ Լիդիանի պարբերաբար կրկնվող կոչերը՝ միաժամանակ ձեռնպահ մնալով ընկերության լիցենզիան չեղյալ համարելուց: Նաև կառավարությունը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Լիդիանի հայտարարությանը»: Արդյոք արժե՞, որպեսզի նման լուրջ և հեղինակավոր վերլուծական կենտրոնի հոդվածից ընթերցողը հանգի եզրակացության, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վճռական չէ և ունակ չէ արագ որոշումներ կայացնելու: Կարծում ենք՝ այս պահին ունեցած միջազգային բարձր հեղինակության պարագայում երկրի իմիջին նման վնաս հասցնելու ռիսկին պետք չէ գնալ:

Կառավարությունը որպես հարցի լուծում առաջարկեց Ամուլսարում անցկացնել միջազգային փորձաքննություն, որի արդյունքների հիման վրա էլ պետք է կայացվեն հանգուցային որոշումներ: Ահա, թե ինչ է գրում Economist Intelligence Unit-ն այդ կապակցությամբ. «Փետրվարի 21-ին Հայաստանի կառավարությունը վարձեց «Earth Link and Advanced Resources Development» (ELARD) անունով քիչ հայտնի լիբանանյան խորհրդատվական ընկերությանը, որպեսզի վերջինն անցկացնի Ամուլսարի գնահատումը: Գնահատումն ընդգրկվելու է 2016 թ. հանքի շահագործման լիցենզիան տրամադրած պետական մարմինների հանդեպ տարվող հետաքննության մեջ, որը մեկնարկել է 2018 թ. հուլիսին: Պարոն Փաշինյանը սեպտեմբերին հայտարարեց, թե Ամուլսարում գործողությունների վերսկսման կամ դադարեցման վերաբերյալ իր կառավարության որոշումը հիմնված կլինի «հեղինակավոր միջազգային փորձագիտական կազմակերպության» հայտնաբերած փաստերի և եզրահանգումների վրա»:

Պարբերականը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետը մի քանի անգամ իր անհամաձայնությունն է հայտնել նախագծի իրականացման վերաբերյալ՝ հարուցելով ԱՄՆ կառավարության տարակուսանքը: «2018 թ. վերջին ԱՄՆ պաշտոնյաները Հայաստանի կառավարությանը բացահայտ զգուշացրեցին, որ Լիդիանի հանդեպ նման վերաբերմունքը կարող է վախեցնել ամերիկյան մյուս ներդրողներին»,- նշում է Economist Intelligence Unit-ը: Դրան գումարենք նաև մարդու իրավունքների իրացմանը նվիրված՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած տարեկան զեկույցը Հայաստանի մասին, որտեղ առանձին պարբերությամբ Ամուլսարի թեմայով նշվում է հետևյալը. «Հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և կապալառուները զրկվեցին աշխատելու հնարավորությունից, քանի որ ցուցարարները փակել էին ճանապարհները: Արդեն մի քանի ամիս շարունակվող ճանապարհային շրջափակման արդյունքում հանքում գործողություններն ամբողջությամբ դադարեցվեցին, ինչն ի վերջո հանգեցրեց մոտ 1400 աշխատակցի և կապալառուի հետ պայմանագրերի խզմանը»:

Նախորդ հոդվածներից մեկում b4b.am-ն անդրադարձել էր նաև Fitch-ի կանխատեսմանը: Անդրադառնալով 2018 թ.-ին արձանագրված տնտեսական աճին, ինչպես նաև ներկայացնելով իր սպասումները 2019-2020 թթ. վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի մնացորդի մասին՝ Fitch-ը հստակ նշել էր, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված վեճի հանգուցալուծման հետ կապված անորոշության կրճատումը կարող է օժանդակել արտահանման աճին և օտարերկրա ներդրումների ներգրավման հեռանկարին։

Սակայն վերադառնանք Economist Intelligence Unit-ի վերլուծությանը: Հեղինակները նշում են. «Հաշվի առնելով, որ Լիդիանը, իր պնդմամբ, հանքի շահագործման մեջ արդեն կատարել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում՝ Հայաստանի կառավարությունը գնում է մեծ ռիսկի, քանի որ միջազգային արբիտրաժային դատարանը կարող է նրան ստիպել ամերիկյան ընկերությանը վճարել խոշոր գումար կազմող փոխհատուցում»: Իսկ որքա՞ն կարող է կազմել այդ փոխհատուցումը: Այդ հարցին դեռևս հստակ պատասխան չի տվել որևէ վերլուծաբան և փորձագետ: Կարելի է կանխատեսել, որ այն պակաս չի լինի 350 միլիոն դոլարից՝ Լիդիանի՝ արդեն կատարած ներդրման չափից: Իսկ եթե այդ թվին ավելացնենք նաև ընկերության կորցրած շահույթը և հանքի արժեքը, փոխհատուցման արժեքը կարող է հասնել … 1 միլիարդ դոլարի:

Կանխատեսումներ

Իսկ ի՞նչ են կանխատեսում վերլուծաբանները, եթե Հայաստանի կառավարությունը և Լիդիանը վեճը տեղափոխեն միջազգային արտբիտրաժային դատարան: Փորձագետները պնդում են հետևյալը. «Ամուլսարի վեճի վերաբերյալ միջազգային դատական գործն ի դերև կանի կառավարության հույսերը` Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու միջազգային ուղղակի ներդրումներ, որոնք իրականություն կդարձնեին պարոն Փաշինյանի խոստացած տնտեսական բարեփոխումների ազդեցությունը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Նախագիծը հաստատվեց հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝17-ը:

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 19-06-19

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 26504.00 կետ: