Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մինչև ո՞ւր կգնա ՊԵԿ-ը

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 16 Մայիս 2017

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց կառավարության կարճաժամկետ ծրագրով հարկային և մաքսային ոլորտներում նախատեսված աշխատանքների արդյունքները։

Իհարկե, ՊԵԿ-ի աշխատանքը գնահատելու հարցում ամենակարևոր ցուցանիշը հարկերի հավաքագրումն է։ Վարդան Հարությունյանը հենց դրանից էլ սկսեց՝ ներկայացնելով 2016թ. հոկտեմբերից մինչև 2017-ի ապրիլ ամիսներին՝ այսինքն իր պաշտոնավարման 7 ամիսների օրոք հավաքագրված հարկերը։

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի՝ ներկայացվեց նաև նախորդ համապատասխան 7 ամիսների (2015թ. հոկտեմբերից մինչև 2015թ. ապրիլ) հարկային ցուցանիշների հետ համեմատականը։

2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 46.1 մլրդ դրամ կամ 7.6%: 500.3 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 մլրդ դրամ կամ 9.4%, իսկ մաքսային մասով` 3 մլրդ դրամ կամ 1.9%:

Ավելին՝ համեմատական է ներկայացված նաև այս տարվա առաջին եռամսյակի և նախորդ տարվա առաջին եռամսյակի միջև։ Այսպես, եթե 2016-ի առաջին եռամսյակում ՊԵԿ-ը հավաքագրել էր 230.7 մլրդ դրամի հարկեր, ապա այս տարի այդ ցուցանիշը 255 մլրդ դրամ է։ Հարկերի հավաքագրումն աճել է 24.3 մլրդ դրամով կամ 10.5 %-ով։ Ուշագրավն այն է, որ 2017-ի ծրագրային առաջադրանքը եղել է 242.4 մլրդ դրամ։ Այսինքն՝ ՊԵԿ-ը գերակատարել է հարկերի հավաքագրումը շուրջ 12.6 մլրդ դրամով կամ 5.2%-ով։ Վարդան Հարությունյանը հատուկ ընդգծեց, որ հարկերի աճը գերավճարներով պայմանավորված չէ. հարկային մուտքերի աճին զուգահեռ՝ գերավճարները, հակառակը՝ նվազել են։ Կարճ ասած՝ կառավարության փոփոխությունից և ՊԵԿ նախագահի փոփոխությունից հետո հարկային մուտքերն աճել են։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված հարկերի աճը։

harker

ՊԵԿ-ը դա պայմանավորում է ստվերի կրճատմամբ։ Ըստ կոմիտեի գնահատականների՝ 2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8 %, իսկ մարտին այն նվազել է մինչև 33,2%: Իսկ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32%-ով:

Ի դեպ, խոսելով հարկային ցուցանիշների մասին՝ ՊԵԿ նախագահը հատուկ ուշադրություն դարձրեց ապրիլին և նշեց, որ 2017թ. ապրիլին հարկային մուտքերն աննախադեպ բարձր են եղել՝ ավելի քան 107 մլրդ դրամ։ Զարմանալի զուգադիպությամբ՝ մեկ տարի առաջ ապրիլյան աննախադեպ ցուցանիշի մասին խոսում էր նաև հանրապետության նախագահը։ Հանրային խորհրդի անդամների հետ անցած տարվա մայիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլին հավաքագրվել է աննախադեպ՝ 100 մլրդ դրամի հարկեր։ Դրանից կարճ ժամանակ առաջ տեղի էր ունեցել կառուցվածքային փոփոխություն, ՊԵԿ-ն առանձնացվել էր Ֆիննախից և ՊԵԿ նախագահ էր նշանակվել Հովհաննես Հովսեփյանը։ Այն ժամանակ նույնպես դա ներկայացվեց՝ որպես ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք։

Հետո այդ թիվը ճշգրտվեց և պարզ դարձավ, որ հավաքագրվել է ոչ թե 100, այլ 97 մլրդ դրամ։ Դա նույնպես աննախադեպ չէր, սակայն կարևորն այն էր, որ 2-3 ամիս անց հարկային մուտքերը կրկին սկսեցին նվազել։ Ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը լճացավ։

Իսկ հնարավո՞ր է՝ այս դեպքում նույնպես ՊԵԿ-ը թուլացնի տեմպերը։ Բնականաբար, ՊԵԿ նախագահը հավաստիացնում է, որ ոչ՝ ավելի հետևողական են լինելու և մեկնարկում են բարեփոխումների երկրորդ փուլը, որն իր արդյունքները տալու է։ Սակայն այստեղ մեկ այլ՝ չափազանց կարևոր պահ էլ կա. հարկային մուտքերը գերակատարելով՝ ՊԵԿ-ն իրեն «կրակի մեջ է գցել»։ Տեսնելով, որ փաստացի կարելի է ավելի շատ հավաքել, քան ի սկզբանե նախատեսվում էր՝ կառավարությունը բարձրացրել է նշաձողն ու ՊԵԿ-ից ավելի շատ է պահանջելու։

ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ հարկային մուտքերի գերակատարման արդյունքում տարվա կտրվածքով ակնկալվող հարկային մուտքերը կարելի է ավելացնել 50 միլիարդ դրամով, և միևնույն ժամանակ՝ այդքան էլ կատարել կապիտալ ծախսերը։ Ըստ նրա՝ կապիտալ ծախսերի ավելացումը թույլ կտա 2018-ին թիրախավորել շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ:

Որպես հիմք ընդունելով այդ պահի դրությամբ հարկային մուտքերի գերակատարումը 11.5 մլրդ դրամով՝ Արամյանն ասաց. «Եթե այդ վարքագիծը մենք կարողանանք պահպանել, իսկ կարծում ենք, որ, մեր ՊԵԿ-ի գործընկերները բավականին ագրեսիվ են, որպեսզի բարեփոխումներն իրականացվեն հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում, մեզ համար հասանելի կլինի շատ ավելի բարձր ցուցանիշ»: Կառավարությունն էլ գնաց բյուջետային մուտքերն ու ծախսերը 50 մլրդ դրամով ավելացնելու քայլին։

Սա նշանակում է, որ ավելի հավաքած 12.6 մլրդ դրամը և հետագայում ակնկալվող լրացուցիչ հարկային մուտքերը ՊԵԿ-ի համար արդեն ոչ թե գերակատարում են, այլ պարտականություն։ ՊԵԿ-ը պարտավոր է տարվա կտրվածքով 50 մլրդ դրամով ավելի շատ հավաքել։

Վարդան Հարությունյանը հարցին՝ կկարողանա՞ն արդյոք ապահովել 50 մլրդ դրամի լրացուցիչ մուտքեր, պատասխանեց՝ կարող ենք ասել, որ արդեն ապահովել ենք։ Սա նշանակում է, որ խոշոր հարկատուների ստվերի մակարդակը 33.2%-ից (ըստ ՊԵԿ գնահատականի) պետք է նվազի և տարեվերջին ավելի փոքր ցուցանիշ լինի։ Հարցին՝ ստվերի ի՞նչ մակարդակ է ակնկալվում տարեվերջին, այսինքն՝ ՊԵԿ-ը մինչև ո՞ւր է պատրաստվում գնալ ստվերի դեմ պայքարում, կոմիտեի նախագահը հստակ թիվ չնշեց, սակայն հավաստիացրեց, որ ստվերի նվազում անպայման կլինի։ Իհարկե, զրոյի չի հասնի և 15-16 տոկոսային կետով դժվար նվազի, ինչպես առաջին եռամսյակում, սակայն ձգտելու են առավելագույնին։

Թեպետ, մյուս կողմից՝ ՊԵԿ-ի ակտիվությունը վտանգ է պարունակում հենց իր՝ ՊԵԿ-ի համար։ Եթե երկրորդ եռամսյակում հարկային մուտքերը գերակատարվեն ոչ թե 12 մլրդ դրամով, այլ, ասենք, 20 կամ 25 մլրդ-ով, կառավարությունը կարող է մտափոխվել և է՛լ ավելի բարձրացնել նշաձողը՝ տարվա համար պահանջելով, օրինակ, 80-100 մլրդ դրամի լրացուցիչ հարկեր։

Մյուս պոտենցիալ վտանգը տնտեսության համար է՝ բիզնեսից մի քանի տասնյակ միլիարդ դրամ լրացուցիչ փող հավաքելը կարող է խոչընդոտել տնտեսական աճին։ Սակայն դա արդեն այլ նյութի թեմա է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Հայաստանի միջոցով գործարարները հնարավորություն են ստանում աշխատել խոշորագույն շուկաներում. Տիգրան Ջրբաշյան

Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, խոսելով Հայաստանի զարգացման հիմնական հիմնախնդիրների մասին, նշեց, որ առկա են թե լուրջ մարտահրավերներ