Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեր քաղաքացիների վերաբերմունքը ԵԱՏՄ-ին դեռևս, մեղմ ասած, սպասողական է». Սերժ Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

19:41 , 16 Դեկտեմբեր 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:

«Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին:

Այս ընթացքում, համոզված եմ, հսկայական աշխատանք է կատարվել, և ընդամենը տասն օր հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփելու որոշակի արդյունքներ»,-ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը կարևորել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառված հայեցակարգային փաստաթղթերն ու որոշումները, այդ թվում՝ Եվրասիական միության Մաքսային օրենսգիրքը, որի ընդունումը, Նախագահի համոզմամբ, մաքսային վարչարարության միջազգային լավագույն փորձը կբերի միության մաքսային պրակտիկա՝ գործարարների ու բնակչության համար հնարավորություն ստեղծելով մաքսային կառույցների հետ աշխատելու պարզեցված և ժամանակակից միջոցներով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև դեպի երրորդ երկրներ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը, նշելով, որ հայկական կողմն այդ գործում օգտագործում է առանձին երկրների հետ հարաբերությունների իր փորձն ու ներուժը: «Մենք ակտիվորեն աջակցում ենք Եվրասիական հանձնաժողովի և մեր ավանդական գործընկերոջ՝ Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ և արդյունավետ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը»,-նշել է Հանրապետության Նախագահը:

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպման և եվրասիական ինտեգրման օրակարգի նկատմամբ նրա մշտական ուշադրության ու աջակցության համար:

«Պարո՛ն Նախագահ, Եվրասիական տնտեսական միության օրակարգային հարցերի հետ կապված կուզենայի տեղեկացնել, թե այսօրվա դրությամբ ինչպիսի խնդիրներ կան, որոնց շուրջ մեր հանձնաժողովն աշխատում է բոլոր երկրների հետ: Ձեզ հետ կքննարկենք այն առաջնայնությունները, որոնք Ձեր կարծիքով պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով խորացնել մեր ինտեգրացիոն միությունը, որպեսզի անդամ բոլոր երկրները ստանան այն տնտեսական օգուտները, որոնց վերաբերյալ ձևավորվել են լուրջ ակնկալիքներ ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ քաղաքական գործիչների մոտ»,-ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հաջորդ «Եվրասիական շաբաթը» կանցկացվի Երևանում

Աստանայում օգոստոսի 24-26-ը անց է կացվում «Եվրասիական շաբաթ» համաժողովը։

«Առաջիկա հինգ տարում մենք նախեւառաջ պետք է խորացնենք ինտեգրացումը՝ վերացնելով խոչընդոտները». Տիգրան Սարգսյան

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Աստանայում ընթացող ԵԱՏՄ-ի երկրների «Եվրասիական շաբաթ» համաժողովում, կարևորել է կառավարման սովորական մոդելների արդիականացումը:

ԵԱՏՄ երկրները մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել միավորման թվային զարգացման ռազմավարությունը. Տիգրան Սարգսյան

«Ներկայիս օրակարգի թիվ մեկ թեման, ինչպես նշեցին կառավարությունների ղեկավարները, թվային տրանսֆորմացիան է: