Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեր քաղաքական որոշումը հստակ է և միանշանակ՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու և պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ». Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

23:16 , 12 Սեպտեմբեր 2019

Կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է ընդունել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը: Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը:

Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից և բարձրաձայնվել իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար: Դա պայմանավորված է նրանով, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործերի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում որոշման նախագծով ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, նշել է. «Հարգելի գործընկերներ այս թեման շատ երկար և շատ բարդ, ամենատարբեր ձևաչափերով քննարկվել է, առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բազմաթիվ մտավախություններ և այսպես շարունակ: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հետևյալն է՝ մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ կա՛մ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետև կիսապայքարն ընդունելի չէ:

Ես ձեզ կոնկրետ ասեմ՝ այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ իքս բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ասենք, ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, այդ գույքը վաճառվել է, և իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է, և գումարը Հայաստանի Հանրապետությունից դուրս է հանվելու: Այսինքն՝ ըստ էության, ոչ թե մեր աչքի առաջ, բայց մենք իմացել ենք, որ հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց օրենսդրությամբ այնպիսի սահմանափակումներ են եղել, որ կամ պետք է ապօրինի, շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ կամ էլ պետք է լուռ հետևեինք, թե ինչպես են թալանվածը թաքցնում:

Մեր քաղաքական որոշումը հստակ է և միանշանակ՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու և պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես որևէ կասկած չլինի Հայաստանի Հանրապետության, ժողովրդի և կառավարության՝ այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ: Եվ ես կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է, որը, էլի ուզում եմ ընդգծել, ոչ թե անում ենք ոտքի վրա՝ ափալ, այլ մեկ տարի շարունակ, բոլոր հնարավոր ձևերով, տեմպերով քննարկել ենք: Մենք այս քաղաքական որոշումը կայացրել ենք և պետք է այս որոշումը նաև դե յուրե արձանագրենք: Չկա մի տեսակետ, որը չենք լսել, չենք կարդացել, բայց այս խնդիրը պետք է լուծվի և պետք է լուծվի հիմա»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը նվազել է

Այդ կարծիքն է հայտնել ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը՝ «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում:

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

Յան Վան Բիլսենը ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը:

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է 2019 թ. հոկտեմբերի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման մանրամասները

2019 թ-ի սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%: