Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեր տնտեսական կյանքում երեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել». Վահագն Խաչատրյան

Վերադարձ լուրերի բաժին

13:36 , 17 Փետրվար 2016

ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` մեր տնտեսական կյանքում երեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Բրյուսելում սկսվել են բանակցությունները Հայաստանի և Եվրամիության միջև հենց տնտեսական համագործակցության շրջանակում. «Սպասվում է, որ Եվրամիությունը չի դադարեցնի Հայաստանի հետ իր համագործակցությունը, քանի որ կան թե՛ ընդհանուր քաղաքական խնդիրներ, որ կարելի է միասին լուծել, ինչպես նաև կշարունակվի համագործակցությունը տնտեսական բնագավառում. այն 4 տարիների աշխատանքը, որ տարվել է Եվրամիություն-Հայաստանի Հանրապետություն շրջանակում, չի կարելի ջուրը գցել: Մոտ մեկ տասնյակից ավելի հարցեր կան, որոնց շուրջ մեր երկրները պետք է փորձեն համաձայնության գալ»,- այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած հանդիպման ընթացքում նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով` 2013թ.ն Հայաստանը կողմ քվեարկեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրին` ելնելով ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ու աշխարհաքաղաքական շարժառիթներից, այսինքն` ԵՏՄ-ին մեր անդամակցությունը գնահատելիս պետք է հաշվի առնել հենց այդ կոմպոնենտը, որի նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար շատ ավելի մեծ էր, քան տնտեսականը:

«Թե՛ այն ժամանակ, երբ քննարկումներ էին ընթանում, թե՛ հիմա ես ասում եմ, որ երբևէ չի եղել հաշվարկ, թե ինչ է նշանակում լինել ԵՏՄ անդամ` տնտեսական արդյունավետության առումով: Այն հաշվարկները, որոնք ներկայացնում էին և՛ իշխանության ներկայացուցիչները, և՛ ոչ իշխանական ներկայացուցիչներն ու փորձագետները, որևէ քննադատության չէին դիմանում, որովհետև այդ հաշվարկները հիմնավորվում էին բազմաթիվ «եթե»-ներով, օրինակ` եթե Ատոմակայանը վերագործարկվի, եթե Հյուսիս-Հարավ երկաթգիծը կառուցվի, եթե ներդրումներ կատարեն ռուսական երեք-չորս խոշոր ընկերություններ և այլն: Նման հաշվարկներ էին կատարում ու համեմատում Եվրամիության հետ, և արդյունքում ասում` այ տեսեք, թե ինչ առավելություններ ունի ԵՏՄ-ին անդամակցելը:

Ասեմ, որ Եվրամիության ներկայացուցիչները տնտեսական մասով շատ ավելի ռեալ էին, ու նրանք նախօրոք էլ զգուշացնում էին, որ մոտ ապագայում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը տնտեսական առումով որևէ էֆեկտ չի տալու: Ճիշտ է, քաղաքական առումով էլ Եվրամիության ներկայացուցիչներն էին ավելի չափազանցված իրենց ձգտումներում, ու նրանց հիմնավորումները ռեալ չէին: Եվ պատճառը դա էր, որ 2013թ սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետությունը կտրուկ որոշեց փոխել իր ուղղությունը. ավելի լավատեղյակ լինելու պայմաններում նրանք կհասկանային, որ Հայաստանը երբեք չի կարող քաղաքական ու ռազմաքաղաքական առումով լինել մեկ միության մեջ (ՀԱՊԿ, ԱՊՀ), իսկ տնտեսական առումով` մեկ այլ, առավել ևս որ Ռուսաստանի կողմից շատ դժվարությամբ էր ընկալվում այն, որ իր ռազմաքաղաքական նշանակության գործընկերները կարող են դառնալ մեկ այլ տնտեսական միության անդամ»,- նկատեց Վահագն Խաչատրյանը:

Փորձելով գնահատել ԵՏՄ տնտեսական զարգացումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա` նա ընդգծեց` նախկինում կային անհանգստություններ, որ եթե Հայաստանը չդառնա ԵՏՄ անդամ, ուրեմն տրանսֆերտները կկրճատվեն, գուցե Ռուսաստանի կողմից նորից կոպիտ միջոցներ ձեռնարկվեն, և ուղղակի արգելվի ֆինանսական արտահոսքը, որն էլ մեզ համար էական նշանակություն ունեցող գումար էր` այդ ժամանակաշրջանում մոտ 2 մլրդ: Բայց 2015թ. արդյունքներով` այդ գումարն արդեն դարձել է 1 մլրդ 200 մլն, այսինքն` առանց որևէ միջամտության, պարզապես տնտեսական իրավիճակից ելնելով` տրանսֆերտները կրճատվել են համարյա 50 տոկոսով:

«Այսինքն` մենք ուզելով թե չուզելով հայտնվեցինք մի իրավիճակում, որ մեր տրանսֆերտները զգալիորեն կրճատվել են: 2-րդ անհանգստությունն այն էր, որ եթե մենք չդառնանք ԵՏՄ անդամ, ապա ռուսական շուկան մեզ համար կփակվի: Ստացվեց, որ ռուսական շուկան ինքնուրույն փակվեց` զուտ տնտեսական-շուկայական կանոններից ելնելով: Եվ վերջինը ներդրումների առումով. ասում էին` եթե չդառնանք ԵՏՄ անդամ, ներդրումները կպակասեն, բայց տեսնում ենք, որ առանց դրա էլ ներդրումներն էականորեն պակասել են, այսօր չկան ֆինանսական օգնություններ, և այսօր ԵՏՄ-ն խնդիրներ ունի այն պատճառով, որ Ռուսաստանի տնտեսությունն ունի այդ խնդիրները: Այսինքն` ստացվեց այնպես, որ այսօր ռուսական շուկան դարձել է նաև տնտեսական պատերազմների թատերաբեմ»,- հավելեց տնտեսագետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Մի քանի միլիոն դոլարանոց հսկա Caterpillar-ներն արդեն Ամուլսարում են

Ընդհանուր տեխնիկայի արժողությունը 65 միլիոն դոլար է: Բեռնատարները բերվել են ԱՄՆ-ից, էքսկավատորը՝ Գերմանիայից: Ամեն ինչը բերվում է մաս-մաս, հետո այս մեքենաներն այստեղ հավաքվում է

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը: