Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

17:19 , 05 Օգոստոս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց 2014 թ.-ին նախկին իշխանության կազմած գաղտնի զեկույց, որը, նրա բնորոշմամբ, հանգեցնում է այն եզրակացության, որ նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա, ու «երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է տակը կառավարման համակարգ չկա»։

«Այս զեկույցը տալիս է ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչ վիճակում է եղել կամ հիմա ինչ վիճակում է Հայաստանը, որովհետև այն պրոբլեմները, որոնց մասին այստեղ գրված է, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր շտկել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ իրավիճակում ենք մենք ժառանգել Հայաստանը։ Եզրակացությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ձախողված է»։

Նա ընդգծեց, որ ներկայիս կառավարությունը, ըստ էության, պետք է զրոյից ստեղծի ինստիտուտներ, որոնք կլուծեն պետության առջև կանգնած խնդիրները՝ մատնանշելով, օրինակ, դատական, պետական գնումների համակարգերը։ «Մեզ շատ ամուր նյարդեր են պետք այն առումով, որ ոչ թե պետք է խուճապահար վազենք բոլոր հարցերի հետևից, այլ պետք է ունենանք մարտավարական և ռազմավարական առաջնահերթություններ, և հերթով, առանց տուրք տալու էմոցիանալ ֆոներին, պետք է լուծենք այդ ինստիտուցիոնալ պրոբլեմները»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանին այդ խնդիրների լուծման համոզմունք է ներշնչում հասարակական դրական վերաբերմունքն իշխանությունների գործողություններին՝ Իջևանի դեպքերի և հասարակության որոշակի խմբերի համար արտոնյալ վարկերի հնարավորություն տալու և հարկային բեռի թեթևացման առումով։

Նա կարևորեց հարկային օրենդրության փոփոխությունները, մասնավորապես, միկրոբիզնեսը 2020-ից հարկերից ազատելու վերաբերյալ, և ներառական տնտեսությանն անցնելը։ Փաշինյանի գնահատմամբ՝ դա նախկինում սահմանափակում էր օլիգարխիան, որ միջոցները գեներացվեն իրենց հսկողությամբ, և դրանք օգտագործվեն իրենց քաղաքական նպատակներով։ «Հիմա մեր գործն է վերացնել այդ սահմանափակումները, որ հնարավորինս մեծ թվով մարդիկ մասնակցեն ՀՆԱ-ի ստեղծմանը»,- նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ տնտեսական հեղափոխությունը կլինի անշրջելի, երբ ՀՆԱ-ի ստեղծմանը հնարավորինս շատ մարդ մասնակցի իր տնտեսական գործունեությամբ։

ՀՀ վարչապետը վերոնշյալ զեկույցից ընթերցեց մի հատված, այն է՝ «Կանայք թեև հասուն տարիքում կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը, նրանք խիստ սահմանափակ են օգտագործվում որպես ռեսուրս», և կարևորեց հատկապես միկրոբիզնեսում կանանց ներգրավումը, որպեսզի կանայք ընձեռված հնարավորություններից օգտվեն և կբարձրացնեն իրենց ընտանիքների սոցիալական վիճակը։ «Գիտեմ դեպքեր, որ ամուսինները չեն թողնում կանանց ձեռնարկատիրությամբ զբաղվել՝ թե ոնց կլինի դու բիզնես անես, ու պարզվի, որ դու մեր ընտանիքին ավելի շատ եկամուտ ես բերում։ Որքան էլ ես՝ որպես տղամարդ, սա կարող եմ հասկանալ, որպես վարչապետ չեմ կարող հասկանալ, որովհետև նոր իրողության պայմաններում անտրամաբանական է, որ կա ընտանիքի սոցիալական վիճակը բարելավելու հնարավորություն, բայց թույլ չի տրվում դա անել»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր

Այդ մասին վստահեցրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Աշխատանք է տարվում հարստության հարկման ուղղությամբ

Նախաձեռնության հեղինակը ֆինանսների նախարարությունն է:

ՀՀ ԿԲ-ն և KfW-ն ստորագրել են երեք նոր վարկային համաձայնագիր

Բազմաոլորտ աջակցության պայմանագրի արժեքն է 60 միլիոն եվրո: