Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մեր գործունեության մեջ առաջնահերթությունը պետք է տրվի պրոֆեսիոնալիզմին». Նիկոն Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

17:39 , 08 Հոկտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում էր և հիմա առավել ևս պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն: «Մենք հետագայում պետք է մտածենք այս պատասխանատվությունն առավել արդյունավետ դարձնելու կառուցվածքային մեխանիզմների լրամշակման շուրջ, բայց ընդհանուր առմամբ մեր խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի: Այս գործում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դերը պետք է ավելի առաջ մղվի», – ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ տրանսպորտի և կապի ոլորտներում ևս աշխատանքի կազմակերպումը պետք է լինի տեխնոլոգիական, և այս առումով մեծ կարևորություն ունի կառավարման թվայնացումը: «Ընդհանրապես 21-րդ դարում՝ սկսած գյուղատնտեսությունից վերջացրած աշխատանքի կազմակերպմամբ, պետք է լինի տեխնոլոգիական: Ընդ որում, ուզում եմ, որ շփոթմունք չլինի. երբ ասում եմ՝ գյուղատնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիական, դա չի նշանակում, որ գյուղմթերքը պետք է լինի էկոլոգիապես ոչ մաքուր: Հակառակը, տեխնոլոգիաները պետք է կիրառենք, որպեսզի մեր գյուղմթերքը լինի բնապահպանական առումով ավելի մաքուր, որովհետև Հայաստանը պետք է լինի մաքուր սննդի երկիր: Տնտեսական կառուցվածքի մասին մեր պատկերացումներում առանցքային տեղ է զբաղեցնում էկո Հայաստանի՝ կանաչ Հայաստանի հայեցակարգը, և տեխնոլոգիաները երբեք և որևէ դեպքում չի կարելի հակադրել բնությանը, բնապահպանությանը, հակառակը, մենք այս ամենը դիտարկում ենք մեկ ընդհանուր հայեցակարգի մեջ», – նշել է վարչապետը՝ աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ նախարարին և նախարարության անձնակազմին:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այս ընթացքում տարբեր տեղերում և նաև նախարարություններում լինում են, չեմ ուզում ասել սաբոտաժի, բայց ինչ-որ պաուզայի դրսևորումներ, որ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Մի անգամ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բարձրաստիճան մի պաշտոնյայի ասեցի, որ իզուր մի սպասեք, որովհետև այն, ինչին սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի հաղթանակն անշրջելի է, և ինչքան շուտ սա գիտակցենք, այնքան լավ բոլորիս համար: Վերջին միջազգային հարցումների համաձայն՝ մեր կառավարությունը, հեղափոխությունն ունի ՀՀ քաղաքացիների 92 տոկոսից ավելիի աջակցությունը: Կարծում եմ՝ այս և մյուս փաստերը պետք է բոլորիս հուշեն, որ հին էջից պետք է դուրս գալ: Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում հին էջից դուրս գալ, մենք կփակենք հին էջը, և նրանք նույնպես կմնան հին էջում: Մենք բոլորին հաջողություն ենք մաղթում իրենց գործերում, իրենց կյանքում և առօրյայում: Բայց Հայաստանն իսկապես ազատ և երջանիկ դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչ ոք և ոչինչ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս շատ հստակ սա գիտակցենք:

Մենք խնդիր ունենք, ի վերջո, այս ամենի շուրջ և հանուն այս ամենի համախմբել մեր ազգի ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Մեզ համար բացարձակապես կապ չունի և մենք մարդկանց մեղադրանքներ չենք ներկայացնելու միայն այն բանի համար, որ երկար տարիներ աշխատել են այս կամ այն կառավարության, այս կամ այն քաղաքական թիմի հետ: Մեր գործունեության մեջ առաջնահերթությունը պետք է տրվի պրոֆեսիոնալիզմին և պետությանը, հայրենիքին ծառայելու ներուժին: Այդ ծառայության կարիքն ունի մեր կառավարությունը, մեր ժողովուրդը և մեր պետությունը: Ես բոլորիս հաջողություն եմ մաղթում այդ ծառայությունն իրականացնելու գործում»:

ՏԿՏՏ նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և էլ ավելի մեծ նվիրումով հայրենիքին ծառայելու հնարավորության համար: Նա հավաստիացրել է, որ նախարարությունն աշխատելու է՝ առաջնահերթությունը դնելով ինքնադրսևորման, նախաձեռնություններ վերցնելու և աշխատանքներն իրականացնելու սկզբունքների վրա: Հակոբ Արշակյանի խոսքով՝ նախարարության թիմը կկարողանա առաջ տանել այդ աշխատանքը, և յուրաքանչյուրը պետք է զգա իր վրա դրված պատասխանատվությունը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ինքնադրսևորումն ու նախաձեռնողականությունը՝ նշելով, որ պետական համակարգը պետք է աշխատի ոչ թե այն տրամաբանությամբ, որ եթե վերևից գաղափարները կգան՝ կգան, եթե չեն գա, ուրեմն ոչ մի անելիք չկա: «Կարծում եմ՝ դա փոխադարձ շարժում պետք է լինի, և գաղափարները պետք է գեներացվեն և′ նախարարություններում, և′ կից կառույցներում, և′ կառավարությունում, և′ աշխատակազմում, որովհետև շատ կարևոր է, որ այդ գաղափարները, որոնք առաջ են քաշվում, նաև շատ արագ իրականություն դառնան, կամ առնվազն դրանց իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարվեն», – եզրափակել է վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: