Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մերկ ապոկալիպսիս. Ինչո՞ւ են համատարած փակվում հագուստի խանութները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 05 Մարտ 2018

Մեղավորը միայն ինտերնետը չէ

Աշխարհի ամենամեծ և կարևոր սպառողական շուկայում՝ ԱՄՆ-ում, բնակչության գնողունակությունը դեռ երբեք այսքան բարձր չի եղել, իսկ գործազրկությունը՝ այսքան ցածր։ Սակայն հարստացած ամերիկացիները կարծես որոշել են խանութներ չայցելել։ Ռիթեյլի հսկաները՝ Guess, Gap, Michael Kors, Abercrombie & Fitch և մյուսները, զանգվածաբար փակում են իրենց խանութները։

American Apparel-ը սնանկացել է։ Իսկ ամերիկյան միջին խավի համար ամենագլխավոր ցանցը՝ Macy’s-ը, պատրաստվում է 10 հազար հոգու կրճատել։ Nike-ը հրաժարվում է վաճառել ապրանքները գործընկեր-խանութներում, որպեսզի սեփական վաճառքի կետերը դիմանան մրցակցությանը։ Վերլուծաբանների կանխատեսումներով, առաջիկա 5 տարում ԱՄՆ-ում կփակվի առևտրի կենտրոնների կեսը։

Թվում է՝ ինտերնետի դարաշրջանում զարգացած երկրներին այլևս շատ խանութներ պետք չեն։ Հյուսիսային Ամերիկայում առևտրային տարածքների կենտրոնացումը հինգ անգամ գերազանցում է Եվրոպայի միջինը։ Ընդ որում, խանութների մեծ մասը խրված է պարտքերի մեջ՝ վարկերի և վարձավճարների գծով։

Moody’s-ի գնահատականով, 5 տարի անց այս շուկայում պարտքային անդունդ կառաջանա, խուճապահար ռիթեյլերները կսկսեն վերաֆինանսավորման ուղիներ գտնել և, ամենայն հավականությամբ, չեն գտնի։ Եվ այդ ժամանակ պարտքային փուչիկը կպայթի, ինչպես եղավ 2008 թվականին։ 

Ամերիկայից Եվրոպա

2017 թվականին բրիտանական Topshop-ի հասույթը կրճատվել է 79%-ով։ Շուկայի հսկա H&M-ի վաճառքի ծավալն ամենաքիչն է եղել վերջին 10 տարում։

Ռուսաստանում հագուստի շուկան ավելի փոքր է, սակայն խնդիրներն այստեղ էլ են ակնհայտ։ 2014 թվականի ճգնաժամի հետևանքով այս երկրից հեռացան մի շարք միջազգային բրենդեր՝ La Senza, Mexx, C&A, New Look, American Eagle Outfitters։ Նրանց փոխարեն քչերն են գալիս։ Նույն H&M-ը մշտապես հետաձգում է իր մյուս բրենդերի (օրինակ՝ COS-ի) բացումը։ Adidas-ը, որին Ռուսաստանում կարծես ոչ մի վտանգ չի սպառնում, արդեն մի քանի տարի շարունակ կրճատում է մանրածախ վաճառքը։ Իսկ կանացի ներքնազգեստի շուկայի համաշխարհային առաջատար երկար ժամանակ մեծ զգուշությամբ ուսումնասիրում էր ռուսաստանյան շուկան՝ սկզբնական շրջանում բացելով միայն օծանելիք և աքսեսուարների վաճառքի կետեր։

Ինտերնետային «մարդասպանը»

Այո, աշխարհի խոշորագույն ինտերնետ-խանութը՝ Amazon-ը, նախանձելի տեմպերով աճում է։ 6 տարվա ընթացքում ընկերության հասույթը աճել է 5 անգամ՝ հասնելով 80 մլրդ դոլարի։ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մարդկության պատմության ամենահարուստ մարդն է։ Ամերիկյան ընտանիքների կեսը Amazon-ի պրեմիում բաժանորդագրություն ունի, որը տրվում է շաբաթը առնվազն մեկ գնում կատարելու դեպքում։ 

bbb

Եթե ցանկացած բան տուն են հասցնում արագ և մատչելի գնով, ի՞նչ իմաստ ունի խանութ գնալ։ Առևտրային կենտրոններ այցելելը այլևս ընտանեկան հանգստի մաս չի։ Շոփինգով կարելի է զբաղվել այլ գործերի հետ զուգահեռ։ Իսկ ամենահարմար խանութը հյուրասենյակի բազմոցն է։

Այսօր գնումների 20%-ը կատարվում է սմարթֆոնների միջոցով։ Եվ այդ պատճառով, օրինակ, H&M-ը ստիպված է կրճատել տեսականին, քանի որ պարզեցված և կատալոգավորված օնլայն-շոփինգին սովորած հաճախորդները խճճվում են միանման ապրանքների օվկիանոսում։ ԱՄՆ ռիթեյլերների ազգային ֆեդերացիայի տվյալներով, 2016 թվականի «սև ուրբաթի» ժամանակ ինտերնետ-խանութները ավելի շատ հաճախորդների են սպասարկել, քան մանրածախ խանութները։

Սակայն Topshop-ը, H&M-ը, Guess-ը, Gap-ը, Ralph Lauren-ը և մյուս «անհաջողակները» նույնպես իրենց ապրանքները վաճառում են ինտերնետում։ Ինչո՞ւ դա նրանց չի փրկում։

Երկվորյակ բրենդեր

Համարյա բոլոր բրենդերը, որոնց վաճառքները նվազում են, ներկայացնում են ցածր և միջին գնային կատեգորիաների զանգվածային շուկան։ Նախկինում նրանք ամեն անկյունում խանութներ էին բացում, ցուցանակներն ու հենց հագուստի վրա զետեղված լոգոտիպերը ուշադրություն էին հրավիրում բրենդերի վրա։ Մարկ Ցուկերբերգի սովորելու տարիներին Հարվարդի ուսանողների կեսը հաճույքով հագնում էր շապիկներ՝ կրծքին GAP գրությամբ։ Իսկ Abercrombie & Fitch բրենդի ապրանքները 90-ականներին ամերիկացի դեռահասների համար լիարժեք համազգեստ էին։ Սակայն այժմ՝ 2010-ականների վերջին, այդ լոգոմանիան նկատվում է միայն լյուքսային սեգմենտում։

Այժմյան 20 տարեկանները մեծ տարբերություն չեն տեսնում GAP-ի և, այսպես կոչված, no-name ապրանքների միջև, որոնք կարելի է գնել օնլայն ռիթեյլերներից։ Նույն Amazon-ը թողարկում է ապրանքներ՝ մի քանի «անդեմ» բրենդերով, և արդեն գրավել է էժան հագուստի և ներքնազգեստի շուկան։ Իսկ բրիտանական Asos օնլայն-խանութը ոչ թանկ հագուստ է կարում սեփական բրենդով։

Գնալով ավելի քիչ թվով մարդիկ են ցանկանում 55 դոլար վճարել Abercrombie & Fitch սվիթշոթի համար՝ հաշվի առնելով, որ նույն տիպի բան կարելի է հեշտությամբ գտնել 12 դոլարով։

Մատչելի հագուստը շատացել է և դարձել միանման։ Բրենդը ոչինչ չի նշանակում։ Ընդ որում, սրանից շահում են ոչ միայն օնլայն-ռիթեյլերները։ Ինչպես Ռուսաստանում, որտեղ արժութային ճգնաժամից հետո սպառողները դեռ խնայում են, ԱՄՆ-ում նույնպես աճում է հագուստի ամենաէժան գնային սեգմենտը։ Օրինակ, էժան ապրանքների TJMAxx ցանցը, որն ուշադրություն չի դարձնում օնլայն առևտրին և զարգանում է միայն ֆիզիկական վաճառակետերի միջոցով, վերջին 5 տարում 30%-ով ավելացրել է հասույթը։ Իսկ ընկերության բաժնետոմսերի գինը կրկնապատկվել է։ Նույնը կարելի է ասել նաև գերէժան հագուստի՝ Burlington Stores Inc. ցանցի մասին։

Իրականում ինքնատիպ, օրիգինալ ապրանքներ մարդիկ փնտրում են հատուկ հավաքածուներով՝ նրանց մասին իմանալով սոցցանցերի կամ Asos-ի տիպի ագրեգատորների միջոցով, իսկ բազային հագուստը գնում են որտեղից պատահի։ «Անհոգի» մասսայական բրենդերի նկատմամբ հավատարմությունը գնալով թուլանում է։

Զանգվածային սեգմենտում թերևս միակ ռիթեյլերը, որը խնդիրներ չունի, Zara-ն է։ Այս բրենդը իր տեղը գտել է՝ լյուքս դասի ամենաթրենդային նորույթները արագ կրկնօրինակելու և խանութները դրանցով լցնելու միջոցով։ Ի տարբերություն մյուս ռիթեյլերների, Zara-ն ունի հսկայական շուրջօրյա տվյալների կենտրոն (data centre), որը վերահսկում է ապրանքի քանակը աշխարհի 2000 վաճառքի կետերում։ Դա ընկերությանը թույլ է տալիս արհեստական դեֆիցիտ ստեղծել և գնորդների մոտ սպառողական «լարվածություն» առաջացնել, այդ իսկ պատճառով ընկերության արտադրանքը հազվադեպ է «թթվում» խանութներում։

Հագուստն այլևս այնքան էլ կարևոր չէ

Փոխվում է ոչ միայն բրենդերի նկատմամբ վերաբերմունքը, այլ հենց սպառման մոդելը։ Երիտասարդներն այժմ նախընտրում են փող ծախսել ոչ թե նոր հագուստի, այլ զվարճանքների և տպավորություններ ստանալու վրա։ Օրինակ, ամերիկացիների ընտանեկան բյուջեներում ճամփորդությունների և սննդի ծախսերը շատ ավելի մեծ են, քան նոր հագուստ գնելու ծախսերը։

Այս միտումը բացատրվում է նաև նրանով, որ ամենօրյա հագուստը սկսել է օգտագործվել ամենատարբեր իրավիճակներում։ Նոր սերնդի միլիարդատերերի շնորհիվ այժմ գործնական բանակցությունների կարելի է գնալ ոչ թե դասական պիջակով, այլ ազատ ոճի հագուստով։

NPD Group-ի հետազոտության համաձայն, ամերիկացիների կեսը կարող է հայտնվել աշխատավայրում ամենօրյա հագուստով։ Իսկ ռուսաստանյան ընկերությունների ընդամենը 8%-ով է խստորեն պահպանվում դրես-կոդը։ Փողկապները և բարձրակրունկ կոշիկներն այլևս արդիական չեն անգամ HR-ի աշխատակիցների և հաճախորդների հետ աշխատող մարդկանց համար։

Եվ վերջապես, նույն բրենդերը այսօր առաջարկում են մեծ թվով «տրանսֆորմեր»-ապրանքներ, որոնք կարելի է հագնել և՛ աշխատավայրում, և՛ երեկույթի ժամանակ, և՛ շանը զբոսանքի տանելիս։ YouTube-ում կարելի է գտնել բազմաթիվ հոլովակներ, թե ինչպես կարելի է առօրյա կերպարը դարձնել տոնական՝ առանց հագուստը փոխելու։ Իսկ սովորական առօրյա կոշիկներով այսօր անգամ ամուսնանում են։

Ըստ SecretMag-ի

Գլխավոր նկարը՝ Erick Herrera / Getty Images

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

6 հրաշալի խորհուրդ՝ մենեջերների համար և ոչ միայն

Ամուսինը բաղնիք է մտնում կնոջ դուրս գալուց անմիջապես հետո։ Այդ պահին հնչում է դռան զանգը։