Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ». վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

13:53 , 06 Հոկտեմբեր 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը:

Ողջունելով մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետը համաժողովների օրակարգը չափազանց կարևոր և արդիական է համարել: Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Հայաստանում այսօր առկա հնարավորությունների վրա՝ նա նշել է. «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար և դիտարկվել ոչ միայն որպես զուտ հայաստանյան ներքին շուկա, այլև որպես հարթակ մեր հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Առաջիկայում մենք ավարտում ենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման շուրջ աշխատանքները և իրանական կողմի հետ պայմանավորվում ենք սահմանին հատուկ ռեժիմի մասով: Հայաստանն այսօր ունի GSP+ և GSP արտոնյալ ռեժիմներ՝ համապատասխանաբար ԵՄ երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Կարծում եմ, որ հնարավորության դեպքում ճիշտ կլինի քննարկել նաև այս աշխատանքներում մեր երկրների մասնակցության հեռանկարները»:

Անդրադառնալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովին՝ կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների միջկառավարական բոլոր մակարդակներում տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բայց առկա ներուժը դեռ լիարժեք չի օգտագործվել:

«Ավելին, ներուժը շատ ավելին է, քան այսօր գոյություն ունեցողը: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումը կարևոր բաղադրիչ է, առավել ևս, որ վերջին շրջանում մենք Հայաստանի կառավարությունում ընդգծել ենք մեր մարզերի ղեկավարների հաշվետվողականության տնտեսական բաղադրիչի կարևորությունը:
Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ունենք ներմուծման և արտահանման աճ: Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում», 
– նշել է վարչապետ Կարապետյանը և բոլորին արգասաբեր ու արդյունավետ աշխատանք մաղթել:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի շրջանակում անցկացվելու են թեմատիկ նիստեր՝ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և հումանիտար ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու, այս մակարդակում ինտեգրացիոն գործընթացները խթանելու վերաբերյալ:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու զարգացման գործում». Դմիտրի Մեդվեդևը՝ Մեղրիի ԱՏԳ-ի մասին

Եթե ԵԱՏՄ մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը