Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկ առաջարկ ՀՀ կառավարությանը՝ մենաշնորհների դեմ պայքարի մասով

Վերադարձ լուրերի բաժին

19:27 , 17 Մայիս 2016

Հինգշաբթի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ եկել է թերությունները շտկելու ժամանակը, և որ կառավարությունը  պայքար է սկսում մենաշնորհների, կոռուպցիայի և տնտեսական զարգացմանը խոչընդոտող մյուս արատավոր երևույթների դեմ դեմ: Վարչապետը խնդրեց բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Իսկ երեկ հաղորդագրություն տարածեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ ակնկալում է ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, շահառուների, անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հակամենաշնորհային քաղաքականության ձևավորման գործում:

Սակայն որպեսզի ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները կարողանան այս հարցով ակտիվ մասնակցություն ունենալ և հասցեական դիտարկումներ ներկայացնեն՝ այս կամ այն շուկայի կամ ընկերության մասով, նախ անհրաժեշտ է ապահովել դրա համար անհրաժեշտ բազան։ Թափանցիկ և հասանելի դարձնել տեղեկատվությունը, որը հնարավոր կլինի մշակել և վերլուծել։

* * *

Սրա հետ կապված՝ Business for Business (B4B.am) վերլուծական կենտրոնի թիմը ներկայացնում է 1 առաջարկ, որը կարելի է կարճ ձևակերպել այսպես՝ բացեք տեղեկատվությունը։

Ի՞նչ նկատի ունենք «տեղեկատվությունը բացել» ասելով։ Ստորև շարադրված է  պրակտիկ  բնույթի 7 քայլ, որոնք իրականացման առումով հեշտ են և ծախսեր չեն պահանջում։ Սակայն սկզբնական փուլում կարևոր են՝ հակամենաշնորհային քաղաքականության և մրցակցային միջավայրի բարելավման առումով։

Քանի որ ամենից շատ քննարկվող մենաշնորհները կապված են հիմնականում ներմուծվող ապրանքների հետ, առաջարկների մեծ մասը  մաքսային ծառայության մասով են։

     1. Արտաքին առևտրի ցուցանիշները հրապարակեք եռամսյակը մեկ (ինչպես նախկինում)

Նախկինում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը եռամսյակային կտրվածքով հրապարակում էր արտաքին առևտրի մանրամասն տվյալները (բնեղեն արտահայտությամբ, ապրանք-երկիր կտրվածքով): ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցությունից հետո այդ պարբերականությունը խախտվեց, հրապարակվել է 2 կիսամյակային զեկույց, այն էլ՝ մեծ ուշացումով։

     2. Առևտրի տվյալները հրապարակեք ոչ թե քառանիշ կոդով, այլ ութանիշ

Արտաքին առևտրի տվյալները մաքսային ծառայության կողմից ներկայացվում են քառանիշ կոդով, այսինքն՝ խոշորացված ապրանքախմբերով։ Օրինակ, 2710 կոդով ներկայացվում է «Նավթ և նավթամթերք» ապրանքախումբը, ինչը հնարավորություն չի տալիս տեսնել, թե ներմուծման մեջ որքանն է բենզին, որքանը՝ դիզվառելիք կամ այլ ապրանք։

Ութանիշ կոդով արտաքին առևտրի տվյալները երբեմն հրապարակում է ԱՎԾ-ն, սակայն մեծ դադարներով (ամենաթարմ տվյալները 2014 թվականի համար են) և առանց ապրանք-երկիր կտրվածքի։

     3. Տվյալներ ներկրողների մասին

Հրապարակվող զեկույցներում ներկրվող յուրաքանչյուր ապրանքատեսակի դիմաց նշեք ներկրողների թիվը։ Դա թույլ կտա միանգամից հասկանալ՝ որ շուկաներում գործ ունենք մոնոպոլիաների կամ օլիգոպոլիաների հետ։ Իսկ առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների դեպքում՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի դիմաց նշեք նաև ներկրողների տվյալները, եթե նրան բաժին է ընկնում տվյալ ապրանքատեսակի ընդհանուր ներկրման ծավալի 30%-ից ավելին։

Ներկայիս օրենսդրությունը պաշտպանում է ներկրողների տվյալները, սակայն թափանցիկություն ապահովելու համար անհրաժեշտ է բացել այդ տեղեկատվությունը խոշոր խաղացողների համար՝ թեկուզ օրենսդրական փոփոխության տեսքով։

     4. Տեխնիկական «մանրուքներ»

Նախկինում մաքսային ծառայության զեկույցները հրապարակվում էին excel ձևաչափով, ինչը բավականին հեշտացնում էր տվյալները մշակելու գործը։ Նախորդ տարվանից անցում է կատարվել PDF ձևաչափի։

     5. Խոշոր հարկատուների ցանկում նշեք նաև շրջանառության և շահույթի չափը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկում 1-2 սյունակ ավելացնելը դժվար բան չէ։ Դա թույլ կտա  շրջանառությունների հիման վրա առանձնացնել գերիշխող դիրք ունեցողներին, և այն ընկերություններին, որոնք գերշահույթներ են գրանցել։

     6. Պետական ռեգիստրի «պրայսլիստը»

Պետական ռեգիստրի էլեկտրոնային կայքը (e-register.am) սահմանափակ տեղեկատվություն է տրամադրում ընկերությունների բաժնետերերի և հիմնադիրների վերաբերյալ։ Ներկայացնում է ընդամենը հիմնադիրների անվանումը և քաղաքացիությունը։

Առավել խորը տեղեկատվությունը (ով որքան բաժնեմաս ունի և ինչ փոփոխություններ են եղել) վճարովի է և բավականին թանկ արժե։ Անվճար դարձրեք այս տեղեկատվությունը, թեկուզ գոնե լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների համար։

    7. Պարտադիր աուդիտ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր նշանակումից կարճ ժամանակ անց վերացրեց խոշոր ընկերությունների՝ պարտադիր աուդիտի և հաշվետվությունների հրապարակման պահանջը։ Ճիշտ է, բոլորն էլ հասկանում են, որ ստվերի պատճառով հարկային հաշվետվությունները կարող են ամբողջությամբ չարտացոլել իրական պատկերը, սակայն դրանք թույլ կտան գոնե պատկերացում կազմել և հասկանալ շուկայի համամասնությունները։

* * *

Այս ամենը՝ որպես այդպիսին, մրցակցային միջավայրի բարելավմանն անմիջապես չի նպաստում, սակայն թույլ կտա լրագրողներին և վերլուծաբաններին ավելի արդյունավետ կերպով ուսումնասիրել գործարար միջավայրի զարգացումներն ու վեր հանել խնդրահարույց կետերը։

Իհարկե, կան ակնհայտ մենաշնորհներ և օլիգոպոլիաներ, որոնց մասով հատուկ վերլուծություններ անելու կարիք չկա։ Սակայն թվերի ետևում թաքնված են նաև ոչ պակաս հետաքրքիր բաներ։

Այս քայլերը կատարելուց հետո կարող եք համոզված լինել, որ կստանաք մեծ թվով ավելի կոնկրետ առաջարկներ՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ վերլուծաբանների, թե՛ քաղացիների կողմից։

Հարգանքով

B4B.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ