Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մարգարիտ Բարանկիցեն՝ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

11:37 , 25 Ապրիլ 2016

Երեւանում երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց. «Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ  եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»։Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

«Ես ընտրել եմ այս կազմակերպությունները, որովհետեւ նրանք աջակցում են ինձ եւ երբեք չեն լքում՝ նույնիսկ դժվարին ժամանակներում: Նրանք նույն սկզբունքն ունեն, ինչ ես եւ Մեզոն Շալոմը՝ կարեկցանք, բարյացակամություն, արժանապատվություն եւ մեծահոգություն»,- ասաց Բարանկիցեն:

«Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող  հալածանքների եւ անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ,- ասաց Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին եւ շարունակեց,- տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի  խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են եւ ովքեր  մեր աջակցության կարիքն ունեն»:

Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար  նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա են եղել նաեւ մարդասիրության ասպարեզի առաջատարներ եւ  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին եւ Վարդան Գրեգորյանը։

«Մրցանակի ընտրական փուլում մենք առնչվեցինք մարդկային ոգու տոկունության բացառիկ դրվագների եւ ծանոթացանք մեծ թվով ոգեշնչող անհատականությունների, որոնք հենց այս պահին աշխարհում ինչ-որ մի տեղ լրջագույն գործ են կատարում»,– ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Մենք հպարտ ենք, որ պատիվ ենք ունեցել ճանաչման արժանացնելու Մարգարիտ Բարանկիցեին եւ աջակցելու անձամբ նրա կատարած մեծարժեք գործին։ Իր գործունեությամբ նա գալիս է ապացուցելու, թե ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ անհատը բազմաթիվ մարդկանց կյանքում»։

«Ավրորա» մրցանակի մասին
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:
Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։

Ո՞րն է դրա կապը 100 LIVES նախաձեռնության հետ։
«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության ձեռնարկումն է, որի ոգեշնչման աղբյուրը հարյուր մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ընթացքում, ցուցաբերված խիզախության եւ վերապրումի պատմություններն են։

Ովքե՞ր են ընգրկված Ընտրող հանձնաժողովի կազմում։
Ընտրող հանձնաժողովը բաղկացած է ինը անդամներից՝
Ջորջ Քլունի՝ Not On Our Watch կազմակերպության համահիմնադիր, բարերար, դերասան եւ կինոարտադրող,
Էլի Վիզել՝ «Էլի Վիզել մարդկության համար» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր,
Հինա Ջիլանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ,
Վարդան Գրեգորյան՝ 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ,
Գարեթ Էվանս՝ Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար,
Մերի Ռոբինսոն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ,
Օսկար Արյաս՝ Կոստա-Ռիկայի կրկնակի նախագահ, Նոբելյան դափնեկիր,
Շիրին Էբադի՝ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր; Նոբելյան դափնեկիր,
Լեյմա Գբովե՝ Կանանց խաղաղության եւ անվտանգության ընկերակցության գործադիր տնօրեն (WIPSEN-Africa), Նոբելյան դափնեկիր:

Ովքե՞ր են հիմնել «Ավրորա» մրցանակը։
«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Նրանք փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին: Այն նաեւ փառաբանում է մարդասիրությունը՝ մրցանակ շնորհելով մերօրյա հերոսին, որը մարդկանց օգնում է՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Ինչպե՞ս է այն առնչվում Հայաստանին եւ 1915թ. Հայոց ցեղասպանությանը։
100 LIVES նախաձեռնության «Ավրորա» մրցանակը համաշխարհային մարդասիրական նոր ձեռնարկում է, որն իր արմատներով գնում է դեպի Հայոց ցեղասպանությունը: Չնայած Օսմանյան Թուրքիայի կողմից սպանվել է 1,5 միլիոն հայ, մոտ 500,000 հայեր կարողացել են փրկվել եւ ապաստան գտնել աշխարհով մեկ, որոնցից շատերը՝ այլոց մարդասիրության շնորհիվ։ 100 LIVES համաշխարհային նախաձեռնությունը երախտագիտություն է հայտնում այն անհատներին եւ կազմակերպություններին, որոնց քայլերն ու միջամտությունը մեկ դար առաջ բազում կյանքեր են փրկել։ Ամենամյա այս մրցանակը, մեծարելով մարդկային ոգու տոկունությունն ու փառաբանելով մարդասիրությունը, եւս մեկ անգամ մարդկության ուշադրությունն ուղղում է աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին:

Ինչպես են որոշվում հաղթողները
Թեկնածուների տվյալները խիստ ընթացակարգով ենթարկվելու են մանրակրկիտ քննության, իսկ վերջնական որոշումը կայացնելու է Ընտրող հանձնաժողովը՝ հետեւյալ հստակ չափանիշների հիման վրա.
Խիզախություն

Որքանով է թեկնածուն՝

– Խիզախություն ցուցաբերել մարդկանց գոյատեւմանն օգնելու համար
– Հաղթահարել զգալի ռիսկեր մարդկանց գոյատեւմանն օգնելու համար
– Հանուն մարդկանց գոյատեւման՝ արել ավելին, քան իր մասնագիտական պարտքն է
– Նվիրվածություն

Որքանով են թեկնածուի քայլերը ցուցաբերել՝

– Ուրիշներին գոյատեւելու հարցում օժանդակելու բացահայտ նպատակ
– Ուղղակի ներգրավվածություն մարդկանց գոյատեւմանն օգնելու գործում
– Նվիրվածություն ընդհանուր բարոյական արժեքներին, ինչպիսիք են՝ շիտակությունը, ազատությունը, արդարությունը, ազնվությունը, ճշմարտասիրությունը, պատասխանատվությունն ու -կարեկցանքը
– Ազդեցություն

Որքանով են թեկնածուի քայլերը՝

– Ազդել կյանքերի փրկության վրա
– Երկարաժամկետ հետեւանքներ ունեցել մարդկանց փրկության գործում
– Ուղղակի կամ անուղղակի կերպով ոգեշնչել մարդկանց՝ մղելով նրանց կյանքեր փրկելու:

Ո՞վ կարող է առաջադրել
Ցանկացած անձ կամ կազմակերպություն կարող է մրցանակի առաջադրել մարդու եւ մարդկանց, եթե հաշվի են առնված հետեւյալ պահանջները, որոնք մշակվել են ընտրական գործընթացի անաչառությունը պահպանելու եւ շահերի հնարավոր բախումները բացառելու նպատակով.
Առաջադրողը չի կարող լինել առաջադրված կողմին, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի հետ կապ ունեցող որեւէ կողմին (Քարտուղարություն, Ընտրող հանձնաժողով, Անկախ դիտորդ) վճարովի ծառայություններ մատուցող աշխատակից կամ պաշտոնյա,
Առաջադրողը չի կարող լինել առաջադրված կողմի պաշտոնյայի կամ աշխատակցի ընտանիքի անդամ,
Ինքնառաջադրումներ չեն ընդունվելու,
Ընտրական գործընթացի արդարությունն ապահովելու եւ շահերի հնարավոր բախումներից խուսափելու համար Ընտրող հանձնաժողովի անդամները եւ նրանց ընտանիքների ներկայացուցիչները թեկնածու առաջադրելու իրավունք չեն ունենալու, սակայն կարող են խորհուրդ տալ առաջադրել այս կամ այն մարդուն։
Թեկնածուները կարող են լինել անհատներ կամ խմբեր աշխարհի բոլոր կողմերից՝ պայմանով, որ բավարարեն հետեւյալ պահանջներին.
– Ողջ են («Ավրորա» մրցանակը հետմահու չի շնորհվում),
– Երբեւէ չեն ստացել «Ավրորա» մրցանակ,
– «Ավրորա» մրցանակի հետ կապ ունեցող որեւէ կողմին (Քարտուղարություն, Ընտրող հանձնաժողով, Անկախ դիտորդ) վճարովի ծառայություններ մատուցող աշխատակից, պաշտոնյա կամ որեւէ այլ անձ չեն,
– Չեն մասնակցել/հարում որեւէ ահաբեկչական/ծայրահեղական խմբի/գործողության, կամ չունեն եւ/կամ հրապարակայնորեն չեն արտահայտել ծայրահեղական տեսակետներ,
– Երբեւէ ընդգրկված չեն եղել հակամարդասիրական գործողություններում, այն է՝ չեն մասնակցել զինված հակամարտության կամ պատերազմի եւ/կամ մեղավոր չեն ճանաչվել դաժան հանցագործություններում։

 Տեղեկատվությունը, լուսանկարը և տեսանյութը՝ «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական կայքից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիզնեսի աճի գործիքներ՝ հայաստանյան 13 հաջողակ գործարարների կողմից (լուսանկարներ)

«Մարքեթինգի ու բիզնես թրենդերը Հայաստանում» կոնֆերանսին ելույթ ունեցան բիզնեսում հաջողության հասած 13 գործարարներ

«Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը». Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. 168.am

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դաս է անցկացրել «Այբ» դպրոցում

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։