Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մակրոտնտեսական զարգացումները 2019 թ. առաջին կիսամյակում

Վերադարձ լուրերի բաժին

11:51 , 25 Նոյեմբեր 2019

Տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, Կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների և դրամավար-կային խթանող քաղաքականության ներքո պահպանվել է տնտեսական աճի կայունությունը: Դրական զարգացումների պայմաններում Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ 2019 թ. առաջին կիսամյակի՝ ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:

Nkar-1_Irakan_HNA_GDP_Tntesutyan_Himnakan_Chyugheri_Ach

Ըստ փաստաթղթի՝ կիսամյակի կտրվածքով տնտեսական աճը գերազանցել է կանխատեսումները՝ կազմելով 6.8%: Տնտեսական աճին գլխավորապես նպաստել են վերամշակող արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը, մինչդեռ գյուղատնտեսության նպաստումը տնտեսական աճին եղել է բացասական։ Ծառայությունների ճյուղում գրանցված տ/տ 10.2% աճը զբոսաշրջության, հանգստի և զվարճությունների ոլորտների, ինչպես նաև առևտրի բարձր աճի արդյունք է:

Առաջին կիսամյակում արդյունաբերության ճյուղի 5.2% աճը պայմանավորվել է մշակող արդյունաբերության ենթաճյուղի աճի արագացմամբ, ինչպես նաև եռամսյակի երկրորդ կեսին հանքարդյունաբերության ճյուղի վերականգնման միտումներով։ Շինարարության ոլորտում արձանագրված 3.5% աճը զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին, ինչը մեծապես պայմանավորված է որոշ պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող շինմոնտաժային աշխատանքի կրճատմամբ:

ԿԲ մասնագետները նշել են, որ ընթացիկ կիսամյակում, տնտեսական աճը հիմնականում պայմանավորող մասնավոր սպառումը, տնային տնտեսություններին տրամադրված վարկավորման ծավալների բարձր աճի տեմպի պահպանման պայմաններում, կիսամյակի ընթացքում ավելացել է 14.0%-ով: Մասնավոր ներդրումների աճը կազմել է 8.4%: Մասնավոր ծախսումների աճին նպաստել է դրամավարկային խթանող քաղաքականության պահպանումը:

Տարեսկզբից բյուջեի զսպող քաղաքականությամբ պայմանավորված՝ պետական սպառումը և ներդրումները տ/տ նվազել են համապատասխանաբար 5.9% և 32.4%-ով: Արդյունքում հարկաբյուջետային հատվածը համախառն պահանջարկի վրա ունեցել է զգալի զսպող ազդեցություն:

Վարկավորման պահանջարկի աճը և վարկավորման պայմանների շարունակական դյուրացումը նպաստել են վարկավորման տ/տ 5.4% աճին: Զգալի չափով ավելացել են առևտրի, կեցության և հանրային սննդի կազմակերպման, գյուղատնտեսության, շինարարության և մշակող արդյունաբերության ոլորտներին տրամադրված վարկերի ծավալները: Վարկային ներդրումների աճն ուղեկցվել է ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշռի ավելացմամբ՝ կիսամյակի վերջին կազմելով 5.1% (2018 թ.՝ 4.4%): Վատորակ վարկերի տեսակարար կշիռն ավելացել է իրական հատվածի գրեթե բոլոր ոլորտներում, առավել մեծ ծավալով՝ մշակող արդյունաբերության, առևտրի, կեցության ու հանրային սննդի և գյուղատնտեսության ոլորտներում: Չնայած չաշխատող վարկերի տեսակարար կշիռը կիսամյակի ընթացքում որոշակի աճել է, այն զգալի զիջում է վերջին տարիների միջին ցուցանիշին:

Կենտրոնական դրամատան վերլուծության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վարկավորման առաջարկի պայմանները շարունակել են բարելավվել բոլոր ուղղություններով: Արդյունքում դյուրացվել են վարկավորման պայմանները և մոտեցումները՝ մրցակցային պայմանների ճնշումների և տնտեսական ակտիվացման սպասումների ներքո։ Վերջինս նպաստել է տոկոսադրույքի մարժայի նվազմանը հիմնականում ներգրավվող միջոցների տոկոսադրույքների որոշակի աճի արդյունքում։ Այս պայմաններում արձանագրվել է տնային տնտեսությունների վարկարժանության մակարդակի վատթարացում, ինչի հետ կապված՝ խստացվել են նաև վարկարժանության գնահատման չափանիշները։ Ըստ հարցման արդյունքների՝ երկրորդ եռամսյակի ընթացքում բավարարվել է ընդհանուր վարկային պահանջարկի 52%-ը, ինչը նախորդ ցուցանիշին զիջում է 4%-ով:

Nkar-2_HNA_GDP-um_Cakhsayin_Baghadrichnere

Աղբյուրը նշում է, որ թեև մինչև տարեվերջ հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի մասով նախատեսել է խթանող ազդեցություն, այդուհանդերձ ընդհանուր տարվա կտրվածքով հարկաբյուջետային քաղաքականությունը դեռևս մնում է զսպող: Շնորհիվ հետևողական և նպատակային հարկային վարչարարության իրականացման՝ արձանագրվել է եկամուտների երկնիշ աճ՝ 25.1%: Ծախսերի մասով իրականացվող զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում գրանցվել է ծախսերի ընդամենը 4.3% աճ: Վերոնշյալ զարգացումների պարագայում արձանագրվել է պետական բյուջեի հավելուրդ: Կառավարության որդեգրած ՀՀ պետական պարտքի շարունակական կայունացման խնդրի ներքո իրականացված զսպող հարկաբյուջետային քաղաքականությունն իր դրական ազդեցությունն է ունեցել արտաքին պարտքի բեռը բնութագրող ցուցանիշների վրա: Արտաքին պարտքի ցուցանիշը տարեվերջի նկատմամբ նվազել է 1.7%-ով, արդյունքում արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3.4 տոկոսային կետով և կազմել 45.6%:

2019 թ. հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%, որը հիմնականում պայմանավորված է երկրորդ եռամսյակում գյուղմթերքի գնի ավելի խոր սեզոնային նվազմամբ: ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում` հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: Արդյունքում՝ ԿԲ-ն երկարաժամկետում կպահպանի խթանող պայմանները՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: