Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հրաշքներ»՝ ԴԱՀԿ-ի կատարմամբ

Վերադարձ լուրերի բաժին

21:05 , 13 Հոկտեմբեր 2016

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշադրությունը կենտրոնացրել է պետական համակարգի անարդյունավետ և անօգուտ կառույցների վրա։ Կարճ ասած, պորտաբույծ կառույցների, որտեղ աշխատողների մեծ մասը, պատկերավոր ասած, զբաղված են «շարիկ գլորելով», և մենք՝ հարկատուներս, մեծահոգաբար վճարում ենք նրանց (այդ կառույցների) չարդարացված գոյությունը ապահովելու համար։

Վարչապետը հանձնարարում է վերջապես ազատվել այս բեռից՝ ՊՈԱԿ-ներից և ԾԻԳ-երից, գնալ կտրուկ կրճատումների և խնայել բյուջեի սուղ միջոցները։ Այս առումով նա, իհարկե, ճիշտ է։

Սակայն մյուս կողմից՝ անուշադրության են մատնվում այն կառույցները, որոնք խիստ արդյունավետ են աշխատում, անում են անհավանականը և տարբեր ցուցանիշներով՝ աստղաբաշխական աճ գրանցում։ Դրանց թվում առաջիններից մեկը (եթե ոչ ամենաառաջինը), իհարկե, ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող) ծառայությունն է։ Կամ ինչպես ժողովուրդն է բարեկամաբար անվանում ԴՀԱԿ-ը։

Ինչո՞վ է աչքի ընկել այս կառույցը։ Նայեք գծապատկերին և ամեն ինչ պարզ կդառնա։

Այստեղ ներկայացված է ԴԱՀԿ-ում ստացված կատարողական վարույթների քանակը՝ ըստ տարիների։ Հատկապես 2014-2015 թվականների ընթացքում շեշտակի աճ կա։

DAHK1

Համեմատեք 2010 թվականը (83,3 հազար կատարողական վարույթ) 2015-ի հետ (893,2 հազար վարույթ), և կպատկերացնեք այն տիտանական աշխատանքը, որ կատարում է այս կառույցը։ 10 անգամ ավելի շատ գործ են անում մարդիկ։

Այս տարին դեռ չի ավարտվել, սակայն առաջին կիսամյակի տվյալներով արդեն ստացվել է 366 հազար կատարողական վարույթ։ Մոտ 300 հազար վարույթ էլ ժառանգություն էր մնացել նախորդ տարվանից։ 666 հազար վարույթ։ Այս սատանայական թիվն անգամ չի վախեցրել մեր հայրենի հարկադիր կատարողներին և կիսամյակի ընթացքում նրանք ավարտել (կամ կարճել) են մեծ մասը՝ 589 հազարը։

Արդյունքում՝ ԴԱՀԿ-ն բռնագանձել է ավելի քան 11 մլրդ դրամ։ Ճիշտ է, դեռ 67.8 մլրդ դրամ էլ մնացել է՝ որպես չվերականգնված մնացորդ, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Օրինակ, միայն 2015 թվականին ԴԱՀԿ-ն գույքային և ոչ գույքային կատարողական վարույթներով վերականգնել է շուրջ 25 մլրդ դրամ։ Իսկ 2010-2016թթ ժամանակահատվածում ԴԱՀԿ-ն վերականգնել է շուրջ 135 մլրդ դրամ։

DAHK2

Այդ թվում, պետբյուջեի և պետական եկամուտների օգտին, միայն գույքային վարույթներով, բռնագանձվել է շուրջ 20 մլրդ դրամ։

Հիմա՝ եկեք անկեղծ լինենք. կա՞ որևէ այլ պետական կառույց, որը այսպիսի տպավորիչ արդյունավետությամբ աշխատի։ Այն էլ՝ համատարած անկումային ցուցանիշների ֆոնին։ Ոչ։

Իսկ եթե ավելի լուրջ լինենք, ապա ԴԱՀԿ-ի կատարմամբ այս հրաշք արդյունքների պատճառը հենց այդ անկումային ցուցանիշներն են։ Սա հենց այն բանի վկայությունն է, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք ի վիճակի չեն լինում կատարել իրենց պարտավորությունները՝ պետբյուջեի, այլ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ, և գործը հասնում է ԴԱՀԿ։

Մյուս կողմից, ԴԱՀԿ-ին այս հարցում օգնել են ճանապարհներին ու խաչմերուկներին տեղադրված արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, որոնք իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։

Իսկ ԴԱՀԿ-ն իր գործը կատարում է՝ մեթոդների մեջ խտրականություն չդնելով։ Բանը հասել է նրան, որ կարող են կենսաթոշակառուի քարտային հաշիվը սառեցնել՝ մարդուն զրկելով առանց այն էլ ծիծաղելի ցածր ապրուստի միջոցից։ Էլ չենք խոսում տհաճ անակնկալներից, երբ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին բանկոմատի մոտ հանկարծ պարզում է, որ իր բանկային քարտին փող չկա (սառեցվել է ԴԱՀԿ-ի կողմից)։

Ամենավատ կողմերից մեկն այն է, որ գումարները վերականգնելու մոլուցքով տարված՝ ԴԱՀԿ ծառայությունն իրականում լուրջ բացասական ազդեցություն է թողնում ֆինանսական շարժի վրա։ Աշխարհը կամաց-կամաց հրաժարվում է կանխիկ փողից, իսկ մեզ մոտ այս համակարգի պատճառով հակառակ պրոցեսն է գնում. մարդիկ քարտերից գումարը հանում են, որպեսզի մի օր հանկարծ չհայտնաբերեն, որ հաշվի վրա զրո է կամ բացասական մնացորդ։ Սրա հետևանքով՝ նվազում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների ծավալը: Սա էլ իր հերթին թույլ չի տալիս, որ բանկերը ավելացնեն վարկավորման ծավալները։ Ու սա էլ իր հերթին՝ արգելակում է տնտեսական ակտիվությունը։

Իսկ ամենավատ հետևանքն այն է, որ իր գործելաոճով՝ այս կառույցը դարձել է ՀՀ քաղաքացիների աչքի փուշը։ Եվ նույնացվելով պետության հետ՝ մեծացնում է անվստահությունն ու ատելությունը պետական համակարգի նկատմամբ։

Շատ լավ է, որ նոր կառավարությունը սկսել է տարբեր ուղղություններով քայլեր ձեռնարկել կամ գոնե՝ բարձրաձայնել խնդիրները։  Բայց ամենակարևոր խնդիրներից մեկի՝ ԴԱՀԿ-ի մասին, դեռ չի խոսվել։

Խնդիրը միայն անձերի մեջ չի, խնդիրը համակարգի ու օրենքով այդ համակարգին տրված լիազորությունների մեջ է։

Այնպես որ, կամ պետք է կարգի բերել այս համակարգը, կամ անվանափոխել կառույցը, ասենք, դառը անակնկալների հրաշալի կատարումն ապահովող ծառայություն։ Այդպես ավելի ազնիվ կլինի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Ինչպես է փոփոխվել Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ-ն 2020 թ.-ին

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 13.7% և 13.2% համապատասխանաբար:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: