Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հսկիչ գներ» կոչվող խայտառակությունը կարող է վերանալ

Վերադարձ լուրերի բաժին

17:20 , 11 Հոկտեմբեր 2016

Հայաստանի գործարարներին և առհասարակ՝ որևէ ապրանք Հայաստան ներմուծող քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնող հարցերից մեկը «հսկիչ գին» կոչվածն է։

Ի՞նչ է դա։ Ենթադրենք դուք արտերկրում մեքենա կամ այլ ապրանք եք գնել՝ լրիվ օրինական հիմունքներով, և ցանկանում եք այն բերել Հայաստան։ Մաքսազերծելու ժամանակ ներկայացնում եք ինվոյսը (հաշիվ-ապրանքագիրը), որպեսզի դա հիմք ընդունվի, և ԱԱՀ-ն վճարեք՝ ըստ այդտեղ նշված գնի։

Սակայն մաքսային մարմնին, արի ու տես, ինչ-ինչ պատճառներով հավատ չի ներշնչում ձեր ներկայացրած փաստաթուղթը և մաքսային արժեքը որոշում են ինքնուրույն՝ ելնելով ինչ-որ չափորոշիչներից։

Արդյունքում, փաստացի 100 դոլարով գնված ապրանքը կարող է ըստ հսկիչ գների մեթոդի գնահատվել մի քանի հարյուր դոլար, և ստիպված լինեք ապրանքի գնի չափով ԱԱՀ մուծել։

Գործարարներն ու քաղաքացիները միշտ դժգոհել են այս պրակտիկայից՝ կոչ անելով հրաժարվել հսկիչ գներից։ Մաքսային մարմնի հակափաստարկը հետևյալն է՝ կան երկրներ, որտեղ 1000 դոլարանոց ապրանքի համար կարող են 100 դոլարի ինվոյս տալ (կեղծ թիվ ներկայացնել)։ Իսկ դրա հիման վրա մաքսազերծելը սխալ է։

Սա հասկանալի փաստարկ է, եթե խոսքը վերաբերում է երրորդ երկրներին։ Սակայն, օրինակ, ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում տրված ինվոյսը հաշվի չառնելը ոչ միայն անհասկանալի է, այլ ինչ-որ տեղ նաև՝ վիրավորական այդ երկրների համար։

Ժամանակից առաջ չընկնենք, բայց այս հարցը, ինչպես երևում է, լուծում է ստանում։

Այսօր ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին աշխատակազմին ներկայացնելու ժամանակ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է հսկիչ գներին։ Նա նշել է, որ անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը:

Ըստ գործադիրի ղեկավարի, այդ ոլորտում բավականին աշխատանք է կատարվել, բայց անելիքներ դեռ կան. «Օրինակ, հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»: 

Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը կարևորել է օրինապահ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը: «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ և որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել: Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության համար: Հայտանիշը հետևյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկն ու ժամկետները: Մասնավորեցնելով, վարչապետը նշել է, որ խոսքը գնում է ոչ միայն այն տեղեկանքների մասին, որոնք ՊԵԿ-ն է պահանջում, այլ նաև այն տեղեկանքների, որոնք անհրաժեշտ են այլ գերատեսչություններից՝ ձևակերպումներն իրականացնելու համար:

«Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձևակերպված լինեն, քաշքշուկը և անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ՊԵԿ աշխատակազմից ակնկալում է ծառայողի կերպարի արմատական վերափոխում: «Մենք առավելագույնս պետք է աշխատենք, որպեսզի օրինապահ բիզնեսը, իրավաբանական անձը նվազագույն կերպով զգան ձեր միջամտությունը և հակառակը, ովքեր այդ դաշտում չեն գործում, պարբերաբար պետք է զգան ձեր ներկայությունը»,- ասել է վարչապետը: Վարչապետի խոսքով՝ բոլորի համար պետք է լինի հավասար դաշտ և, որպեսզի բոլորը համոզվեն դրանում, ըստ կառավարության ղեկավարի, անհրաժեշտ է գործել առավելագույնս թափանցիկ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: