Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հունվարյան տնտեսական ցուցանիշները. Ինչ կհետևի տպավորիչ մեկնարկին

Վերադարձ լուրերի բաժին

12:59 , 25 Փետրվար 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակեց 2018 թվականի հունվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ 2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։

Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ 2011 թվականից ի վեր, երբ սկսեց հրապարակվել տնտեսական ակտիվության ցուցանիշը, հունվար ամսին ավելի բարձր արդյունք չի եղել։ 2011-2017թթ. ընթացքում տնտեսական ակտիվության ամենաբարձր աճը գրանցվել էր 2013 թվականի հունվարին՝ 9.3%։

Հունվարյան աճը արժևորվում է նաև այն հանգամանքով, որ բազային (համեմատվող) ամիսը՝ 2017-ի հունվարը, նույնպես աչքի էր ընկել բարձր աճով՝ 6.8%։

Սակայն միայն տնտեսական ակտիվությունը չէ, որ երկնիշ աճ է գրանցել հունվարին։ 10 տոկոսից բարձր աճ է գրանցվել գրեթե բոլոր ցուցանիշների գծով՝ բացառությամբ գյուղատնտեսության։

Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.9%-ով և կազմել 128.2 մլրդ դրամ։

Ծառայությունների ոլորտն աճել է 15.2%-ով, ծավալը՝ 111.4 մլրդ դրամ։ Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 17.3%-ով, ծավալը՝ 157.4 մլրդ դրամ։ Նախորդ տարիների «ձախողակը»՝ շինարարության ոլորտը, այս տարվա հունվարին չեմպիոնական արդյունք է գրանցել՝ 19.7%-աճ։ Տարվա առաջին ամսվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 9.3 մլրդ դրամի շինարարություն։

Ինչպես նշեցինք, միայն գյուղատնտեսական արտադրանքի ծավալն է նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել 0.4%-ով և կազմել 17.5 մլրդ դրամ։

Արտաքին առևտրի թվերը նույնպես տպավորիչ են։ Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականի հունվարին՝ 2017-ի հունվարի համեմատ, աճել է 47.6%-ով և կազմել 504.2 մլն դոլար։ Առաջին անգամն է, որ առևտրաշրջանառությունը հունվարին գերազանցում է կես մլրդ դոլարը։ Այդ թվում՝ արտահանումն աճել է 45.2%-ով և կազմել 176.7 մլն դոլար։ Իսկ ներմուծումն աճել է 48.9%-ով և կազմել 327.5 մլն դոլար։

Երկնիշ աճ է գրանցվել անգամ աշխատավարձի գծով։ Այսպես, միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, աճել է 10.2%-ով և կազմել 198.8 հազար դրամ։ Այդ թվում, պետական հատվածում աշխատավարձն աճել է 7.1%-ով և կազմել 162.3 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 11.3%-ով և կազմել 241.4 հազար դրամ։
Սպառողական գները նույն ժամանակահատվածում՝ 12 ամսվա կտրվածքով, աճել են 2.7%-ով։ Ստացվում է՝ հունվար ամսին աշխատավարձը մոտ 4 անգամ ավելի արագ է աճել, քան գները, ինչը կարող է համարվել վարձու աշխատողների գնողունակության մակարդակի աճ։

Սա էր հունվար ամսվա նախնական տնտեսական պատկերը։ Հանուն արդարության՝ պետք է նշել, որ ցուցանիշները լավն են, ինչով էլ բացատրվում է տնտեսական բլոկի պաշտոնյաների անթաքույց ուրախությունը։

Մյուս կողմից, ինչպես բազմիցս նշել ենք, հունվարի ցուցանիշները դեռևս ոչինչ չեն նշանակում, և դրանց հիման վրա հեռուն գնացող հետևություններ անել չի կարելի։ Հատկապես Հայաստանի պարագայում, հունվարյան ցուցանիշներով շատ տարվելը (չափից դուրս ոգևորվել կամ տխրել) սխալ է, որովհետև ամսվա համարյա կեսը ոչ աշխատանքային է։ Հեռուն չգնալու համար հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարին տնտեսական ակտիվությունն աճել էր 5.5%-ով, սակայն տարին փակվեց զրոյական աճով։

Հունվարյան ցուցանիշների մասին խոսելիս պետք է նաև նկատի ունենալ, որ խոսքը նախնական (շտապ հավաքագրված) ցուցանիշների մասին է։ Հունվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամբողջական զեկույցը կհրապարակվի փետրվարի վերջին։ Ճիշտ է՝ թվերը չեն փոխվի, սակայն տնտեսական պատկերի և աճի որակի մասին պատկերացում կարելի է կազմել միայն մանրամասն տվյալների հիման վրա։

Բայց չնայած այս ամենին՝ սկիզբը հուսադրող է։ 2017 թվականի հունվարին տնտեսական ակտիվությունն աճել էր 6.8%-ով, իսկ տարվա կտրվածքով ակտիվության աճը կազմեց 7.7% (ՀՆԱ-ի աճը գնահատվում է 6.5-7 տոկոսի սահմաններում՝ ի սկզբանե կանխատեսված 3.2 տոկոսի փոխարեն)։ Այս տարվա համար կառավարությունը կանխատեսում է 4.5% տնտեսական աճ, իսկ տարին սկսում ենք 10.2%-ով։ Ինչ խոսք, սա հուսադրող է։

Սակայն տարօրինակն այն է, որ միջազգային կառույցներն այդքան էլ լավատես չեն, և տնտեսական ցուցանիշների էական բարելավմանը զուգահեռ՝ չեն շտապում համարժեք չափով վերանայել իրենց կանխատեսումները Հայաստանի համար։ Համաշխարհային բանկը, օրինակ, 2018 թվականին մեր երկրի համար կանխատեսում է 3.8% տնտեսական աճ։

Իսկ մի քանի օր առաջ իր կանխատեսումները հրապարակեց նաև Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ)։ ԵԶԲ-ն Հայաստանի հարցում պակաս լավատես է, քան անգամ Համաշխարհային բանկը։ Ըստ այս կառույցի գնահատականների՝ 2018 թվականին Հայաստանում ակնկալվում է ՀՆԱ-ի 3 տոկոս աճ։ ԱՊՀ երկրների մեծ մասում ԵԶԲ-ն ավելի բարձր աճ է կանխատեսում, քան Հայաստանում. Ղազախստանում՝ 3.7%, Ղրղըզստանում՝ 4.2%, իսկ Տաջիկստանում՝ 7.3% աճ: Միայն Բելառուսում և Ռուսաստանում է կանխատեսվող աճն ավելի ցածր, քան Հայաստանում՝ համապատասխանաբար՝ 2.6% և 2%։

2017 թվականի համար էլ աճի կանխատեսումները շատ ավելի ցածր էին, քան փաստացի ցուցանիշը, որը շուտով կհրապարակվի։ Հուսով ենք՝ այս անգամ էլ 2018-ի հարցում միջազգային կառույցները կսխալվեն՝ հօգուտ մեզ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։