Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հունաստանի հետ մեր հարաբերություններում ամենաթույլ օղակն առևտրատնտեսական կապերն են». Սերժ Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

16:33 , 15 Մարտ 2016

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

Սերժ Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարևորել են առևտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը և շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջև՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաև Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, որ նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս-Իսրայել և Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ: Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատման առումով և ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին: Հունաստանի վարչապետն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները:

ՀՀ Նախագահը և Հունաստանի վարչապետը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի` մտքեր են փոխանակել միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ալեքսիս Ցիպրասը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Նա ևս ընդգծել է, որ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի` խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակում` ցանկություն ունենալով տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում:

ՀՀ Նախագահի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով.

«Իմ հույն գործընկերների հետ քննարկումներում համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների օրակարգում ամենաթույլ օղակը, ցավոք, առևտրատնտեսական կապերն են, ինչը, անշուշտ, պայմանավորված է նաև օբյեկտիվ գործոններով։ Պարոն Ցիպրասին ասացի, որ մենք ուշադրությամբ հետևում ենք առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված Հունաստանի կառավարության ջանքերին: Վստահ ենք, որ ձեր երկրին կհաջողվի հաղթահարել բոլոր փորձությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է բարեկամ Հունաստանի տնտեսական և քաղաքական կայունությամբ ու առաջընթացով»,- իր խոսքում նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև Հունաստանի հետ համագործակցությունը Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համատեքստում, քանի որ ԵՄ-ն, նրա խոսքով,  շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը թե՛ բարեփոխումների իրականացման առումով և թե՛ որպես տնտեսական խոշոր գործընկեր. «Շնորհակալ ենք նաև այս առանցքում մեզ ցուցաբերվող աջակցության համար»,- հավելել է նախագահը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ