Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

Վերադարձ լուրերի բաժին

15:16 , 19 Մարտ 2019

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում:

«Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, այլ գործարարները, որոնք շուկաների հանդեպ լուրջ չեն մոտենում: 2017 թվականի աշնանը մենք փորձում էինք Հունաստանին ներգրավել Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներ, սակայն չստացվեց: Այսօրվա հույն գործարարներին, Աթենքի առևտրաարդյունաբերական պալատին կոչ եմ անում Հայաստանը դիտարկել հարթակ ձեր այդ ցանկալի խոշոր շուկա դուրս գալու համար Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան»,- ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ հույները կարող են հայկական ծագումով ապրանքներն առանց մաքսատուրքի մտցնել Եվրասիական շուկա` 170-միլիոնանոց շուկա, իսկ շուտով դրան կգումարվի նաև 80-միլիոնանոց Իրանը: «Ուղղակի մենք պետք է այս լճացած վիճակից դուրս գանք: Հավատանք, որ ունենք բոլոր ոլորտներում համատեղ ներուժը աշխատելու: Մենք չդիտարկենք Հունաստանը 7-միլիոնանոց շուկա, Հունաստանը չդիտարկի Հայաստանը 3-միլիոնանոց շուկա: Մենք մեծ ներուժ ունենք իրար հետ աշխատելու, ուստի պետք է ակտիվանալ: Պալատը և միությունը այդ հրավերը կընդունեն: Մենք տարվա վերջ մեծ պատվիրակությամբ կայցելենք Աթենք ոչ միայն վայելելու հունական հյուրասիրությունն ու բարիքները, այլ նաև բիզնես անելու»,- եզրափակեց Ղազարյանը:

«Հայաստանը և Հունաստանը տնտեսական ոլորտում ունեն մեծ ներուժ, սակայն այն շատ քիչ ենք օգտագործում: Հայաստանը այսօր ունի շատ մեծ հնարավորություն հույների հետ դուրս գալու երրորդ երկրներ: Եթե ավելացնենք այն, որ մենք ունենք հնարավորություններ GSP և GSP+ ռեժիմով դուրս գալ մյուս երկրներ, դա արդեն, կարծում եմ, հունական գործընկերների համար մեծ խթան կարող է հանդիսանալ ներդրումներ կատարելու Հայաստանում և Հայաստանից ապրաքները արտահանելու երրորդ երկրներ որպես հայկական ծագումով ապրանքներ»,- ասաց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը:

Ioannis_Brachos

«Մենք ունենք երկարատև, պատմական կապեր Հայաստանի և Հունաստանի միջև: Սա ևս ակնհայտ է մեր քաղաքական հարաբերությունների մեջ: Այդուհանդերձ մեկ բան, որ ցանկանում եմ կարևորել, մենք ցանկանում ենք զարգացնել մեր քաղաքական կամքը և քաղաքական կապերը»,- Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների և զարգացման համագործակցության գլխավոր քարտուղար Իոաննիս Բրաչոսը

Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի խոսքով`Հունաստանը տնտեսական իրավիճակը օրեցօր կայունանում է: Նա նշեց, որ Հունաստանի տնտեսությունը 2017-ին աճել է 1.4 տոկոսով, իսկ 2018-ին 1.9 տոկոսով, որի խթանիչ ուժն է եղել արտահանումը: Ակնկալվում է, որ հաջորդ տարի Հունաստանը արձանագրելու է 2.3 տոկոս տնտեսական աճ:

Իոաննիս Բրաչոսի կարծիքով` հայ-հունական գործարար համաժողովը շատ կարևոր է` առևտրի հոսքերը խթանելու և էլ ավելի զարգացնելու համար:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմանի առևտրի ծավալները աճելու են: Սա միակ ներուժը չէ երկու երկրների միջև, այլ գոյություն ունեն մի շարք այլ հանգամանքներ: Միջկառավարական հանձնաժողովը տնտեսական համագործակցության շատ օգտակար գործիք է հանդիսանում: Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մեր գործընկերների համատեղ բավականին քննարկումներ եղան` բարենպաստ միջավայր ստեղծելու, տնտեսական հարաբերություններում խթանող չափորոշիչների որդեգրելու մասով: Հավելյալ հանդիպումներ ևս տեղի են ունենալու երկկողմանի հարաբերությունների զարգացմանը միտված: Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրելու համագործակցության հնարավորություններ հետևյալ ոլորտներում` գիտելիքի փոխանակման, սիներգիաներ ստանալու, արդյունաբերական, արտադրական, օրգանական սննդի զարգացման ոլորտներում: Հունական արտադրությունները նաև հետաքրքրված են այլ ենթակառուցվածքներում ծրագրեր ներդնելով»,- ասաց Բրաչոսը:

Նա վստահ է, որ դրա արդյունքում բեղմնավոր է լինելու գործակցությունը հայ-հունական ձեռնարկատիրական համայնքների միջև:

«Վստահ ենք, որ այս առաքելությունը, թեև առաջինն է, սակայն հետագայում մեծ ուղիների դարպաս է հանդիսանալու: Համոզված ենք, որ նորանոր դռներ են բացվելու հայ ձեռնարկատերերի համար, և մեր հարաբերությունները էլ ավելի են զարգացնելու»,- եզրափակեց Բրաչոսը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նախագահը Հայաստանը պատկերացնում է, որպես լավ միջնորդ ԵՄ-ԵԱՏՄ միջև

Նա նկատեց, որ հայ գործարարները միշտ էլ եղել են հիանալի բանակցողներ: Սարգսյանը նշեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Եվրոպայի և Ասիայի միջև, եթե այդ դերը վստահեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին: Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանն ու Բուլղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

Ռումեն Ռադևը կարևորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում և նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է Թումո կենտրոնում և տպավորվել վերջինիս գործունեությամբ: Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում Թումոյի մասնաճյուղի ստեղծմամբ: