Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հուլիսյան գնաճի մասին՝ ավելի մանրամասն

Վերադարձ լուրերի բաժին

09:41 , 12 Օգոստոս 2018

2018 թվականի հուլիսին 12-ամսյա գնաճը (2017 թվականի հուլիսի համեմատ) կազմել է 2.3%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Հիշեցնենք, որ նախորդ երեք ամիսներին 12-ամսյա գնաճը կայուն նվազում էր. եթե մարտին ցուցանիշը 3.7% էր, ապրիլին դարձավ 2.4%, մայիսին` 1.6%, հունիսին՝ 0.9%։

Հուլիս ամսվա գնաճի արագացումը պայմանավորված է հիմնականում ալկոհոլային խմիչքների և ծխախոտի (4.9%), հագուստի և կոշիկի (4.6%), առողջապահական ծառայությունների (5.2%), տրանսպորտի (7.7%) և ռեստորանների ու հյուրանոցների (5.7%) գների աճով։

EE290AFE-9004-4E18-A84F-1B62AEC2FBD4

Ավելացնենք նաև, որ ժամանակահատվածի կտրվածքով (2018թ. հունվար-հունիսը՝ 2017 թ. հունվար-հունիսի համեմատ) գնաճը կազմել է 2.4%։ Իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ ունենք գնանկում՝ 1.7%-ի չափով։

Ի՞նչ է սա նշանակում՝ ոչ թե սպառողի, այլ տնտեսության տեսանկյունից։

Մի քանի անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ գնանկումը կամ խիստ ցածր գնաճը տնտեսության տեսանկյունից նույնքան անցանկալի է, որքան բարձր գնաճը։ Գնանկումը վկայում է տնտեսության լճացման միտումների մասին։ Այդ իսկ պատճառով, Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ոչ թե գնաճի դեմ պայքարն է, այլ գների կայունության ապահովումը՝ 4% ±1.5% միջակայքում։ Այսինքն, գնաճի ամենացանկալի մակարդակը տարեկան 4%-ն է, ներքին շեմը՝ 2.5%, առավելագույն շեմը՝ 5.5%։ 2.5%-ից ցածր գնաճի դեպքում ԿԲ-ն ձգտում է այն սահուն բարձրացնել, 5.5%-ից բարձրի դեպքում՝ նվազեցնել՝ օգտագործելով դրամավարկային քաղաքականության գործիքները։

Հիմա կրկին նայեք գծապատկերին։ Ինչպես տեսնում եք, տարվա առաջին 3 ամիսներին գրանցվել է գնաճի միջին մակարդակ։ Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին գնաճը դանդաղել է և հունիսին հասել 0.9%-ի։ Այս միտումը մի շարք տնտեսագետներ մտահոգիչ էին համարում՝ վախենալով, որ դրա շարունակման դեպքում կարող ենք կրկին մտնել գնանկումային փուլ, ինչպես 2016 թվականին (հիշեցնենք, որ 2016 թվականը փակվեց 1.1% գնանկումով, իսկ տնտեսական աճը կազմեց ընդամենը 0.2%):

D3E0E684-12AB-4634-94CF-67BF2D54912D

Մտահոգությունները խորանում էին հատկապես այս տարվա երկրորդ եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշների ֆոնին։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության աճն ապրիլ և մայիս ամիսներին զգալիորեն դանդաղել էր։

Այսպես, եթե 2018 թվականի մարտին՝ 2017 թվականի մարտի համեմատ, ՏԱՑ հավելաճը 10.9% էր, ապրիլին (ապրիլի համեմատ) այն նվազեց մինչև 7.2%, իսկ մայիսին հասավ 5.4%-ի։

Հանուն արդարության նշենք, որ որոշ մասնագետներ (նպատակաուղղված կերպով, կամ ոչ) փորձում էին այս դինամիկան անուղղակիորեն կապել թավշյա հեղափոխության հետ և նաև ցույց տալ, որ նոր կառավարությունը ձախողում է տնտեսական քաղաքականությունը։

Միևնույն ժամանակ, մեկ այլ խմբի տնտեսագետներ նշում էին, որ գնաճի դանդաղումը պահանջարկով պայմանավորված չէ. այսինքն՝ տնտեսության դանդաղման մասին չի վկայում։

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշները հունիս ամսվա համար եկան հաստատելու, որ երկրորդ տեսակետն ավելի ճիշտ էր։ 0.9% գնաճի ֆոնին՝ տնտեսական ակտիվության հավելաճի տեմպը կրկին արագացավ, և հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմեց 9.6%։ Արդյունքում՝ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվեց տնտեսական ակտիվության 8.9%-անոց աճ (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ), ինչը վերջին տարիների կտրվածքով՝ կիսամյակային ամենաբարձր աճն է։

Կենտրոնական բանկն իր հերթին՝ ակնկալում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Այսինքն՝ երկրորդ կիսամյակում գնաճը որոշ չափով կարագանա (ինչի մասին վկայում է արդեն հուլիսի ցուցանիշը)։

Նշենք նաև, որ գնաճի հուլիսյան արագացումը ավելի շատ պայմանավորված է ոչ թե սպառողական ապրանքների և ծառայությունների ընթացիկ թանկացմամբ, այլ այն հանգամանքով, որ 2017 թվականի հուլիսին (որի հետ տարվում է համեմատականը) գրանցվել էր գնանկում։

Այս ամենի մեջ մի հետաքրքիր նրբերանգ կա։ Եթե գնաճի դանդաղումն անհանգստացնում էր տնտեսագետներին, և որոշ մասնագետների կողմից օգտագործվում նոր կառավարությանը քննադատելու համար, ապա գնաճի արագացումը հարուցելու է հասարակության դժգոհությունը (ի վերջո, նոր կառավարությունը մի քանի ամիս առաջ, լինելով ընդդիմություն, սուր քննադատության էր ենթարկում կառավարությանն ու ԿԲ-ին՝ որոշ ապրանքների թանկացման համար)։ Նշենք, որ վերջին օրերին արդե՛ն իսկ որոշակի դժգոհություններ են հնչում՝ մի շարք ապրանքների թանկացման հետ կապված։

Տարվա կտրվածքով գնաճի միջին մակարդակ ունենալու դեպքում նոր կառավարության առջև նաև հասարակական պահանջ է դրվելու՝ գոնե գնաճին համարժեք բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Եթե 2016 թվականին եղել էր գնանկում, և նախորդ կառավարությունն արդարացում ուներ աշխատավարձերն ու թոշակները չբարձրացնելու համար (նշելով, որ գնողունակության անկում չի եղել), նոր կառավարությունն այդ արդարացման հնարավորությունը չունի։

Հիշեցնենք, որ 2017 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%, և այս տարի նույն մակարդակին մոտ գնաճի դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանալ առնվազն 5%-ով բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Իսկ դա, ինչպես նշել էինք նախորդ հոդվածներից մեկում, մոտ 25 մլրդ դրամի լրացուցիչ ծախս է բյուջեի համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։