Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Վերադարձ լուրերի բաժին

22:43 , 19 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է.

«Ինչ վերաբերում է ինստիտուտի էությանը, տարընկալումներից և կոնտեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները.

1. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ:

2. Կարևոր է նաև նշել այն, որ այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:

3. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը ևս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում:

gov_19-04-19-handipum-3
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար:

Ուզում եմ ևս մի քանի արձանագրում անել, թե ինչ միջազգային փաստաթղթերով է այս ինստիտուտը կարգավորվում.

1. Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան
2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
3. Միաժամանակ, փողերի լվացման, դրան նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում վերոնշյալ կոնվենցիաներին համապատասխան առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պարտականություն է սահմանվում նաև ՖԱԹՖ-ի (Ֆինանսական հարցերով աշխատանքային խմբի) 4-րդ հանձնարարականով:

Nikol_Pashinyan_19-04-19_handipum

Վերը թվարկված կոնվենցիաները վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից, արդեն ասացի, 2007 և 2008 թվականներին, իսկ ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման պարտավորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ:

Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝

1. Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:
2. Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:
3. Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ:

gov_19-04-19-handipum

Մենք այսօր զուտ ներդրումային միջավայրի առումով ունենք հետևյալ խնդիրը, որ բազմաթիվ ներդրողներ բախվում են հետևյալ պրոբլեմի հետ. ասենք, օրինակ, հասկանալի է, որ կա նաև հողեր ձեռք բերելու խնդիր: Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել: Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»:

Հաջորդիվ քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը և կիրառմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել կիրարկման մեխանիզմներին և գործիքակազմին, հանցագործությունների բնույթին, սուբյեկտների շրջանակին, բանկային գաղտնիքին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

gov_19-04-19-handipum-4

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա»,- վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա: