Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ պետբյուջեի կապիտալ ծախսերի թերակատարումը և դրա հնարավոր հետևանքները

Վերադարձ լուրերի բաժին

19:35 , 05 Սեպտեմբեր 2019

«Լույս» հիմնադրամը հրապարակել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հեղինակած «ՀՀ պետբյուջեի կապիտալ ծախսերի թերակատարումը և դրա հնարավոր հետևանքները» վերնագրով վերուծությունը:
Ըստ աղբյուրի՝ թեմայով վերլուծությունների գերակշիռ մասից կարելի է եզրակացնել, որ պետական կապիտալ ծախսերի չկատարումը հանգեցնում է տնտեսական աճի տուգանման: Հետևաբար, յուրաքանչյուր երկրի կառավարության համար որպես դրական արդյունք պետք է լինի կապիտալ ծախսերի պատշաճ իրականացումը, իսկ դրանց գծով թերակատարումները՝ ահազանգող:

Ելնելով այն հանգամանքից, որ կապիտալ ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի վրա տարբեր ուղիներով է իրականանում` վերլուծությունում կիրառվել է դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդել (DSGE), որը բավական լավ նկարագրում է ամբողջ տնտեսությունը և հնարավորություն է տալիս դիտարկել կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը տնտեսության բոլոր հատվածների վրա:

Վերլուծության հիմքում դրվել է այն ենթադրությունը, որ կապիտալ ծախսերը նվազել են միայն մեկ տարի, իսկ հետագա տարիներին վերականգնվել են՝ իրականացվելով կայուն մակարդակին համապատասխան ծավալով: Կիրառված մոդելի արդյունքները ցույց են տվել, որ կապիտալ ծախսերի գծով կառավարության խիստ պահպանողական վարքագիծը վտանգավոր է և երկարաժամկետում տուգանելու է տնտեսական աճի ներուժը: Գնահատվել են նաև կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունն այլ մակրոփոփոխականների վրա, ինչպիսիք են՝ մասնավոր իրական ներդրումները, իրական աշխատավարձերը, զբաղվածությունը, իրական արդյունավետ փոխարժեքը, արտահանումը, պարտք/ՀՆԱ-ն և իրական սպառումը:

Այդ կապակցությամբ նախկին նախարարը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի Ընկերներ,
Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաև այն կարևոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: Այդ խնդիրների շարքում մեծ կարևորություն ունի կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումները, որի հետևանքները տնտեսության համար ցավոտ են լինելու:

Թերևս այս հարցը կարող էր հանրության համար ընկալվել զուտ հնչեցված միտք, եթե չհիմնավորվեր վերլուծությամբ: Հետևապես խնդիր դրվեց “Լույս” հիմնադրամի տնտեսական թիմի հետ համատեղ գնահատելու կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը մեր տնտեսության վրա: Որպեսզի գնահատականը լիներ ավելի համապարփակ, կիրառեցինք ընդհանուր հավասարակշռության GIMF մոդելը: Նյութը շատ չծանրացնելու և հեշտ ընթեռնելի լինելու համար մակրոմոդելի տեսական նկարագրությունը տրված է ընդհանուր գծերով: Նյութի հիմնական մեսիջները հետևյալն են.

– Կառավարության կապիտալ ծախսերի կատարման գծով խիստ պահպանողական վարքագիծը ահազանգող պետք է լինի, քանի որ տուգանելու է տնտեսական աճին:
– Տնտեսական աճը տուգանվում է և կարճաժամկետում և երկարաժամկետում, նույնիսկ եթե հաջորդ տարի կառավարությունը նորից անհրաժեշտ մակարդակով կապիտալ ծախս անի (այս տարվա թերակատրման բացասական հետևանքները մնալու են):
– Կարճաժամկետում կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է նաև գործազրկության աճի և աշխատավարձերի նվազման (կամ աճի տեմպի զսպման)
– Երկարաժամկետում պետական կապիտալ ծախսերի թերակատարումը նվազեցնելու է արտադրողականությունը և բացասաբար ազդի արտահանման վրա:
– Ներկա իրավիճակում կառավարության “ոչ ծախսող” քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում. Դա ինչ որ տեղ ճիշտ կլիներ եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար:
– Ճիշտ չէ այն տեսակետը, որ կապիտալ ծախսեր չանելով և դրա հաշվին փող խնայելով պարտք/ՀՆԱ ցուցանիշը շարունակական բարելավում ենք: Միգուցե սա ճիշտ է մեկ տարվա համար սակայն կապիտալ ծախս չանելով երկարաժամկետում վտանգելու ենք նաև պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման շարունակական գործընթացը, քանի որ թուլացնելու ենք տնտեսական աճի ներուժը:

Ի դեպ վերլուծությունում վերցրել ենք 2019թ-ի առաջին կիսամյակի շուրջ 65 մլրդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը և դա տարածել ամբողջ տարվա համար: Սակայն ակնհայտ այս թիվը մեծանալու է, քանի որ տարվա երկրորդ կեսին այս միտումների շարունակման պարագայում ծրագիրը ևս չի կատարվելու: Արդյունքում նյութում բերված գնահատականները (տնտեսության վրա թողած բացասական ազդեցության չափերը) կլինեն ավելի մեծ:

Հ.Գ. Լրատվական աշխարհի իմ գործընկերները կարող են ընթերցել նյութի ներածությունը և եզրահանգումները»:

Ամբողջական վերլությունը՝ այստեղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: