Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է 2019 թ. հոկտեմբերի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման մանրամասները

Վերադարձ լուրերի բաժին

20:57 , 12 Նոյեմբեր 2019

2019 թ. հոկտեմբերի 29-ի կյացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Մարտին Գալստյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվել է, որ 2019 թ-ի սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%: Նախորդ ամիսների նման սեպտեմբերին ևս ցածր գնաճին շարունակել են մեծ նպաստում ունենալ սեզոնային գյուղմթերքների գների ձևավորված ցածր մակարդակները: «Բանջարեղեն» և «Միրգ» ապրանքախմբերի գները նվազել են՝ համապատասխանաբար 4.0% և 1.9%-ով (ընդհանուր նպաստումը գնաճին՝ -0.3 տոկոսային կետ), ինչն ուղեկցվել է նաև «Յուղեր և ճարպեր», «Կաթնամթերք», «Շաքար» և «Միս» ապրանքախմբերի գների նվազմամբ՝ համապատասխանաբար 5.8%, 1.8%, 1.7% և 1.2%-ով (ընդհանուր նպաստումը գնաճին՝ -0.37 տոկոսային կետ), ինչը հիմնականում կրել է պարենային ապրանքների միջազգային շուկայում այդ ապրանքների գների նվազման ազդեցությունը: Ամսվա ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ նվազել է, այդուհանդերձ այն պահպանվել է ընդհանուր գնաճի համեմատ բարձր՝ 1.1% մակարդակում:

Խորհուրդը ձևավորված տնտեսական միջավայրի վերաբերյալ փաստել է, որ, ինչպես և սպասվում էր, 2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում արտադրողականության աճով: Հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.1% մակարդակ, որին մեծ նպաստում են ունեցել ծառայությունների և արդյունաբերության ճյուղի բարձր աճերը: Շարունակում է բարձր մնալ նաև ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին նպաստել են վերջին տարիներին իրականացված խթանող դրամավարկային քաղաքականությունը և մասամբ՝ նաև ընթացիկ տարում մակրոպրուդենցիալ այլ գործիքներով մեծ ծավալի դրամային իրացվելիության ներարկումը:

Տարվա անցած ժամանակահատվածում ԿԲ-ն փոփոխություն է մտցրել պարտադիր պահուստավորման մեխանիզմում՝ փուլային անցում կատարելով ներգրավված արտարժութային միջոցների դիմաց դրամի փոխարեն արտարժույթով պահուստավորմանը (այս տարի 3 անգամ 2-ական տոկոս փոխելով): Դրա արդյունքում բանկային համակարգում ազատվել է շուրջ 120.0 մլրդ դրամի իրացվելիություն: Մյուս կողմից, արտարժույթի մեծածավալ առաջարկի պարագայում, շուկայից գնվել է շուրջ 240.0 մլրդ դրամին համարժեք արտարժույթ: Պահպանվում է բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման բարձր աճը, որը հատկապես դրսևորվել է սպառողական և հիփոթեքային վարկերի մասով: Նշված ժամանակահատվածում ներքին պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է մնալ զսպող՝ չնայած երրորդ եռամսյակում պետբյուջեի թույլ տված որոշակի պակասուրդին:

Արտաքին հատվածի զարգացումներմսին նշվել է, որ այդ հատվածում առկա անորոշություններն ու դրանցից ածանցվող՝ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները պահպանվում են, ինչն արտահայտվում է նաև ապրանքահումքային միջազգային շուկաներում շարունակաբար թուլացող գնաճային միջավայրով: Այս իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում ևս, գնաճի թիրախին հասնելու նպատակով, կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն։

Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվել, որ սեպտեմբեր-հոկտեմբերին ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքները, սեպտեմբերին քաղաքականության տոկոսադրույքի իջեցմանը համահունչ, նվազել են՝ պահպանվելով քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում: Միաժամանակ, տոկոսադրույքի իջեցմանը համապատասխանաբար արձագանքել է ՊՊ շուկան, որտեղ դիտվել է տոկոսադրույքի նվազում եկամտաբերության կորի ողջ երկայնքով:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո ՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել պահպանել դրամավարկային խթանման չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատել է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն խթանող պայմանները կպահպանի նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ:

Խորհուրդը քննարկել է նաև առկա գնաճային ռիսկերը, որոնք այսօր դեռևս գնաճի՝ դեպի ներքև շեղման ուղղությամբ են՝ պայմանավորված հիմնականում արտաքին աշխարհի զարգացումներով և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքով, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: