Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ իշխանություններն իրենք են դիմել Սամվել Կարապետյանին՝ ՀԷՑ-ը գնելու հարցով

Վերադարձ լուրերի բաժին

15:51 , 01 Հոկտեմբեր 2015

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ «Դելոիթ և Տուշ» ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման և հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է արդյունքները: Նա նշել է, որ երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոիթ և Տուշ ընկերությանը» հետևյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում և եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պատրաստված 2016-2036 թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ: Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ: Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում: «Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, և նշել են պատճառները: Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձևավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձևավորվում են, ունեն որոշակի կառուցվածք և նրանց ձևավորած արտադրանքով է որոշվում սակագինը: Չնայած ոչ թանկ հիդրո և ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ միշտ կա եզրափակիչ կայանի դերը: Եզրափակիչ կայանը մեզ մոտ հանդիսանում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետևանքով կան խնդիրներ և ի վերջո սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել: Երկրորդ՝ ի տարբերություն հարևան երկրների, մենք չունենք խաչաձև սուբսիդավորման հնարավորություն, ասենք՝ տրանզիտով գնացող գումարների ուղղում դեպի սակագնի նվազեցում և այլն: Ի վերջո, մանրամասն վերլուծելով կառուցվածքը, «Դելոիթ և Տուշ» ընկերությունը տվել է 2015-2016թթ. համար սահմանված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների հետևյալ եզրակացությունը: Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Խոսքը վերաբերում է բազմիցս նշված հիդրոռեսուրսներին և ատոմակայանի կանգին: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումն՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված: Ըստ էության, հիմնական հարցադրված պահանջները՝ արդյոք հիմնավորված է և ինչ կլիներ, եթե չլիներ որոշումը, մենք ստացել ենք հստակ պատասխան առաջին փուլի արդյունքներով»,-հայտնել է Վաչե Գաբրիելյանը:

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա:
Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:

Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը:

Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:

Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»,-ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։