Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ-ԱՄԷ հարաբերությունները, «Դուբայ էքսպո»-ում Հայաստանի մասնակցությունն ու «Մասդար Սիթի»-ն

Վերադարձ լուրերի բաժին

13:15 , 29 Մարտ 2019

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, որը մեկ ու կես ամիս է՝ Հայաստանում է, իրեն շատ լավ է զգում հայերի հյուրընկալությունից ու ջերմ ժպիտներից: «Արմենպրես»-ը նորանշանակ դեսպանի հետ զրուցել է երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակի, ապագայի տեսլականի, նոր համագործակցությունների մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք մասնակի:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների ներկա մակարդակը:

-Արաբական Միացյալ Էմիրությունները շատ լավ հարաբերություններ ունի աշխարհի տարբեր երկրների հետ: ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ հարաբերություններն առանձնահատուկ են և վերջին տարիներին ականատես ենք լինում դրանց զարգացմանը։ 2015 թվականին Հայաստանում ԱՄԷ դեսպանատան բացումից հետո լավ աշխատանքներ են տարվել, կնքվել են մի շարք պայմանագրեր և կարծում եմ, որ միջկառավարական հանձնաժողովի առաջին նստաշրջանը տեղի կունենա մայիսին Հայաստանում, որն ապացույցն է երկու երկրների միջև մշտական համագործակցության: Այս նստաշրջանը հնարավորություն կընձեռի երկու երկրների գործարարների միջև շփումներին, ինչպես նաև հատուկ հանդիպումներ կարող են լինել կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը ԱՄԷ և նրա մասնակցությունը Աբու Դաբիի «Կայունության շաբաթին» այս տարվա հունվարին հաջողված էր, որը մեծ թափ է հաղորդել տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը։ Հատկանշական էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱՄԷ և պաշտպանության ոլորտի միջազգային ցուցահանդեսին՝ «Այդեքս 2019»-ին նրա մասնակցությունը, ինչպես նաև հայկական Պատվո պահակախմբի տպավորիչ և առանձնահատուկ ելույթը, որը մի ուղերձ էր ամբողջ աշխարհին։

Ես 1.5 ամիս է այստեղ եմ և ամենուր նկատել եմ հյուրընկալություն ժողովրդի կողմից, ժպիտներ, որը եկել է ձեր պապերից, և ինձ շատ լավ եմ զգում:

-Վերջին տարիներին տնտեսական զարգացման ի՞նչ միտումներ են առկա: Ինչի՞մասին են խոսում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշները:

– ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության բացվելուց հետո տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության մեջ նկատելի է ակտիվացում։ Դրա մասին են խոսում առևտրաշրջանառության ցուցանիշները, եթե նախքան դեսպանության բացվելը 2014 թ․ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև ընդամենը 80 միլիոն դոլար էր, ապա 2017-ին հասել էր 250 միլիոնի, 2018-ին մոտ 180 միլիոնի։ Կարծում եմ, որ 2019 թվականին առևտրաշրջանառության ցուցանիշները կաճեն:

Անցած չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը կենտրոնացվել է տարբեր ոլորտներում նոր հեռանկարներ բացելու ուղղությամբ: Կարելի է նշել ներդրումների ոլորտը, տնտեսության ոլորտը, արհեստական բանականության, նորացված էներգետիկայի ոլորտները: Ես գիտեմ, որ Հայաստանը հայտնի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, բժշկության, որտեղ ևս կարելի է համագործակցություն ծավալել: Կարծում եմ, որ միջկառավարական հանձնախմբի առաջիկա նիստից հետո ավելի են զարգանալու մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում:

-Նախորդ տարիներին ԱՄԷ-ից դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների աճ է նկատվել: Ըստ ձեզ՝ ի՞նչ գործոններ են նպաստել դրան, և առաջիկայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Օդային ճանապարհով ուղիղ կապի ապահովումը երկու երկրների միջև հնարավորություն է տալիս զարգացնելու զբոսաշրջության ոլորտը: Տուրիստական կազմակերպությունների հետ իմ հանդիպումների ընթացքում հասկացա, որ մեծ հետաքրքրություն կա, և հայերը շատ են այցելում Էմիրություններ: 2018 թ․ պաշտոնական ցուցանիշների համաձայն մոտ 11,500 էմիրաթցի է այցելել Հայաստան։

-Ժամանակին քննարկվում էր Հայաստանում մի քանի ոլորտներում, հատկապես հյուրանոցաշինության աշխատանքներում ԱՄԷ-ի ակտիվ մասնակցության մասին: Ի՞նչ նախադրյալ եք տեսնում այս ուղղությամբ: Արդյո՞ք առաջիկայում ԱՄԷ-ից Հայաստան ներդրումային ծրագրերի ականատես կլինենք:

-Համագործակցության հնարավորություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում և այս ոլորտում: Հայաստանն ունի բավականին լավ հյուրանոցներ, և կարծում եմ, որ մեծ դեր ունեն այստեղ նաև տուրիստական կազմակերպությունները՝ երկիր զբոսաշրջիկներ ներգրավվելու համար:

-Պարոն դեսպան, 2020 թվականին ԱՄԷ-ում անցկացվելու է «Դուբայ էքսպո»-ն: Նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են: Այս խոշորագույն միջոցառումն ի՞նչ շեշտադրումներ է ունենալու, ինչո՞վ է առանձնանալու: Հայաստանի մասնակցության ձևաչափն ինչպիսին է լինելու:

-«Դուբայ Էքսպո 2020»-ը միջազգային հսկայածավալ իրադարձություն է, որը կամրապնդի Դուբայի դիրքը՝ որպես համաշխարհային կենտրոն՝ ներգրավելով տնտեսական հնարավորությունները։

Մենք ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը այս կարևոր միջոցառմանը: Հայաստանն այն սկզբնական երկրներից է, որն իր համաձայնությունն է տվել մասնակցելու այս միջազգային ցուցահանդեսին, որը կտրամադրի շատ մեծ տարածք մաքուր էներգիայի ցուցադրման համար՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան, ինչպես նաև ներմուծելով արհեստական բանականությունն այս ոլորտում: Ավելի քան 200 մասնակից, այդ թվում` 190 երկիր, հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը, որտեղ միջազգային հանրությունը կհանդիպի Դուբայի հովանու ներքո` հանուն նորարարության եւ մարդկային առաջընթացի։ Մենք ակնկալում ենք ունենալ 25 միլիոն այցելու, որը շատ մեծ թիվ է: Այս վեց ամիսների ընթացքում շատ մեծ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: Հատուկ էքսպոյի համար կառուցվում են նաև մետրոյի նոր կայարաններ դեպի էքսպոյի հրապարակ, և «Ճանապարհ 2020» նախագծի ընդհանուր աշխատանքի 70-80 տոկոսը ավարտվել է արդեն։ Նախատեսված է, որ «Էքսպո 2020» կայարանն ունենալու է ինքնաթիռի թեւերի տեսք:

-Պարոն դեսպան, արհեստական բանականությունը, կարծես, դառնում է ինդուստրիալ հեղափոխության ուղեղը: Աշխարհի բազմաթիվ երկրներ լուրջ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությունը զարգացնելու համար: ԱՄԷ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Եթե չեմ սխալվում, նշանակվել է պատմության մեջ առաջին նախարարը, ով կզբաղվի արհեստական բանականության զարգացման հարցերով:

-Այո, 2018թ․հոկտեմբերին պարոն Օմար բին Սուլթան Ալ Ուլաման նշանակվել է արհեստական բանականության նախարար և այդպիսով ԱՄԷ-ն դարձել է աշխարհում առաջին պետությունը, որտեղ կա հատուկ արհեստական բանականության նախարար։ ԱՄԷ-ն հույս ունի, որ առաջատար դերակատարություն կունենա արհեստական բանականության հետազոտություններում և կզարգացնի նորարարությունը։ Արհեստական բանականության նախարարն ապագայի նկատմամբ մեծ տեսլական ունի: Էմիրությունների հիմնադրումից 47 տարի հետո մենք մեծ ուշադրություն ենք դարձրել ճիշտ կրթության վրա և այդ ճիշտ ուսուցման շնորհիվ է, որ մենք ունենք արհեստական բանականության նախարար, ով կառուցելու է ապագան: Մարդու կյանքում ամենակարևոր տարրերից է արհեստական բանականությունը իր ստեղծարարության մեջ: Մոտ ապագայում կտեսնենք, որ ռոբոտն է վարելու ինքնաթիռ, հեռու չէ այն օրը, որ գյուղացու փոխարեն կաշխատի ռոբոտը: Մենք ունենք կրթված և պատրաստված կադրեր ՏՏ ոլորտի և իմ առաքելությունն է փորձել փոխանցել մեր փորձն այս երկրին: Հայաստանը հայտնի է բժշկագիտության ոլորտում և առաջիկայում այցելելու եմ նաև բուժհաստատություններ ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Նախագիծը հաստատվեց հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝17-ը:

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 19-06-19

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 26504.00 կետ: