Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հիասթափվելու և ձեռքերը իջեցնելու իրավունք չունենք. Հակոբ Ավագյան

Վերադարձ լուրերի բաժին

11:42 , 19 Հոկտեմբեր 2016

Բիզնես միջավայրի, տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելու համար շատ կարեւոր դերակատարում ունի երկրում բիզնես ասոցիացիաների, միությունների, առեւտրի պալատների կայացվածության աստիճանը:

Դրանք հակակշիռների ինստիտուտներ են, որոնք իրենց շուրջն են հավաքում բիզնեսի ճյուղային կամ ոլորտային խմբերին, պաշտպանում նրանց շահերը, իրավունքները, լոբինգ անելով բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու համար: Եվրոպական եւ աշխարհի զարգացած երկրները վաղուց անցել են այդ ճանապարհը եւ այնտեղ նույնիսկ դարեր ի վեր գործում է ազդեցության եւ հակազդեցության հստակ գործող այդ մեխանիզմը:

Օրինակի համար նշենք, որ Անգլիայում վաճառականների առեւտրի պալատը ստեղծվել է դեռեւս 1837 թվականին ու գործում է մինչեւ այսօր: Նմանատիպ օրինակներ շատ կան եւ նման ուժեղ ու կայացած կառույցներ գործում են եվրոպական երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում: Գերմանիայի առեւտրի արդյունաբերական պալատը ունի ավելի քան 150 տարվա պատմություն, իսկ ԱՄՆ-ի առեւտրաարդյունաբերական պալատը ստեղծվել է 1912 թ. եւ այսօր աշխարհի տարբեր երկրներում ամենաշատ ներկայացուցչություն ունեցող կառույցն է:

Մեր երկրում նմանատիպ կառույցներ սկսել են ստեղծվել 90-ականների վերջերին, 2000-ականների սկզբներին. 1996 թվականին՝ արդյունաբերողների միությունը, 2002-ին՝ առեւտրաարդյունաբերական պալատը, այնուհետեւ այլ միություններ եւ ասոցիացիաներ: Այս ինստիտուտների կայացման համար կարեւոր նշանակություն ունի մեր գործարարների մտածելակերպի փոփոխությունը:

Եթե մենք համեմատական նայում ենք այս հարցում աշխարհի անցած էվոլյուցիան, ապա տեսնում ենք, որ այն ժամանակաշրջանը, երբ մենք ապրում էինք այլ հասարակարգում, աշխարհի զարգացող եւ արդեն զարգացած երկրները 1 դարից ավելի կայացրել են բիզնես շահերի պաշտպանության ինստիտուտները: Եվ այստեղ համեմատականը միայն այդ կառույցների անցած փորձի եւ տարիքի մեջ չի, այլ, որ շատ ավելի կարեւոր է, այդ երկրների գործարար համայնքը, յուրաքանչյուր գործարար գիտի, թե ինչպես եւ որ կառույցի միջոցով պետք է ներկայացնի իր շահերը, պաշտպանի իր իրավունքները:

Իսկ մեզ մոտ պատկերը շատ տխուր է, քանի որ մեր գործարարները չեն ցանկանում ժամանակ եւ ռեսուրս տրամադրել նմանատիպ ինստիտուտների կայացման համար: Բայց մեզ անընդհատ համեմատելով զարգացած երկրների հետ, մոռանում ենք, թե նույն եվրոպական գործարարը շաբաթական կամ ամսական իր ժամանակից ինչքանն է հատկացնում հասարակական գործունեությանը կամ տարեկան ինչքան անդամավճար է վճարում ասոցիացիաներին, միություններին, պալատներին:

Վերոհիշյալ պատկերը ցույց է տալիս, որ մենք 1 դարից ավելի մնացել ենք նույն դասարանում եւ պետք է շատ արագ անցնենք այդ էվոլյուցիան: Որպես շատ ցայտուն օրինակ՝ նշեմ հարկային օրենսգրքի նախագծի հետ կապված խնդիրները, որոնք անմիջականորեն կապված են գործարար համայնքի հետ: Մենք` գործարար համայնքը, միությունները, հասարակական կառույցներով, չկարողացանք միասնական լինել եւ պաշտպանել, պնդել մեր դիրքորոշումը: Օրինակ, այդ քննարկումների ժամանակ մի գործարար նամակ էր գրել ասոցիացիային, գրելով բացառապես իրեն վերաբերող խնդրի մասին` արտոնագրային վճարների հետ կապված, ասելով, թե եթե մենք բարձրացնենք այդ խնդիրը, ինքը կանդամագրվի մեր կառույցին:

Նմանատիպ մտածելակերպով այս ինստիտուտները չեն կայանա, երբ հայ գործարարը միայն իրեն վերաբերող խնդրի ժամանակ է հիշում նման կառույցների կարիքն ու կարեւորությունը: Իհարկե, այդ գործարարի բարձրացրած խնդիրը մենք դեռեւս տարվա սկզբին ներկայացրել էինք մեր կարծիքների եւ առաջարկությունների մեջ, բայց այդ նույն կարծիքներն ու առաջարկությունները ձեւավորվել են շատ ծանր աշխատանքի արդյունքում: Երեւի պատկերացնում եք, թե ինչքան դժվար է անվճար հիմունքներով ձեւավորել հաշվապահների, իրավաբանների խումբ եւ նստել, հոդված առ հոդված ուսումնասիրել այդ հսկա փաստաթուղթը:

Իսկ մեր գործարարները իրենց մոտ խնդիրներ ունենալու դեպքում են դիմում մեզ, դեռ մի բան էլ մուննաթ են գալիս կամ նեղանում, երբ մի փոքր ուշացնում ենք նրանց վերաբերվող հարցի պատասխանը կամ արձագանքը: Առանց հաշվի առնելու, որ այս կառույցներում իրար գլխի են հավաքվել մարդիկ, էնտուզիաստներ, որոնք իրենց հիմնական գործը թողած, ժամանակ են գտնում անվճար հիմունքներով օգտակար լինել բիզնես միջավայրի փոքր-ինչ բարելավմանը: Մինչեւ այսօր չկարողացանք մեր փոքր բիզնեսին սովորեցնել, որ նրանք ամսական, ասենք, 500 դրամ անդամավճար վճարեն այսպիսի կառույցներին, որոնք կկարողանան լուրջ մասնագիտական թիմ հավաքել իրենց իսկ շահերի պաշտպանության համար:

Ցավոք սրտի, նույնն է պատկերը նաեւ արհեստակցական միությունների (տՐՏՒրՏþջ) մասով: Այստեղ արդեն խոսքը վարձու աշխատողների իրավունքների շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ կառույցների մասին է: Երբ ժամանակին ակտիվ ձեւավորվեց «Դեմ եմ» շարժումը, մենք առաջարկում էինք, որպեսզի այդ պոտենցիալը ուղղվի հենց առողջ արհեստակցական միության ձեւավորման համար: Որպեսզի այդ շարժումը չմարի եւ հետո այդ ուժը չփոշիանա, այլ ունենանք հստակ գործող կառույց, որը կզբաղվեր հետագա նմանատիպ հնարավոր խնդիրների դեմ պայքարի կամ առաջարկների համար:

Իսկ խնդիրներ, ինչպես հիշում եք, հետո էլ եղան եւ համապատասխան դիմադրության չարժանացան՝ հղիության նպաստի փոփոխության հարցերը կամ դեռեւս հետաձգված պարտադիր կուտակային վճարների հարցը, որը, կարծում եմ, մյուս տարի ավելի ծանր է ընկալվելու հանրության կողմից, քանի որ արդեն ունենալու ենք բարձրացված դրույքաչափով եկամտային հարկ, որին կգումարվի 5 տոկոս սոցիալական վճար:

Կառավարությունն իր ներքին, արտաքին կրքերով ու բարքերով գործող առանձին ինստիտուտ է, որի հետ երկխոսելու, բանավիճելու, սեփական շահերը առաջ մղելու համար պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով: Երբ մեր գործարար համայնքը կինքնակազմակերպվի եւ կկայացնի այս հակակշիռների ինստիտուտները, մենք օր առաջ կունենանք ավելի զարգացած տնտեսություն, ավելի պաշտպանված բիզնես միջավայր, առավել ճիշտ գործող հակակշիռների մեխանիզմներ:

Այդ ժամանակ արդեն այդքան էական չի լինի, թե ում նշանակեցին վարչապետ, կամ որ նախարարը փոխվեց: Բիզնեսը չի սպասի հնարավոր ցնցումների, այլ ինքը` հենց գործարար համայնքը, կունենա իր զարգացած միությունը, այսպես ասած՝ իր կառավարությունը, որի հետ հանդիպման կգա ցանկացած նոր նշանակվող վարչապետ կամ նախարար, այլ ոչ թե նրանք կսպասեն, թե այս նոր վարչապետը ում կհրավիրի իր մոտ հանդիպման: Իհարկե, առավել իդեալական կլիներ, եթե մենք ազգովի միասնականություն ցուցաբերեինք եւ ստեղծեինք համահայկական գործարար միություն: Դա կլիներ ավելի լուրջ խնդիրներ լուծող միասնական կառույց:

Իսկ հիմա մենք պետք է փորձենք ավելի լավ ինքնակազմակերպվել, ուժերը մեկտեղել եւ օրենսդրական փոփոխությունների առաջարկ ձեւավորենք 2017 թվականի ընթացքում հարկային օրենսգրքի խնդրահարույց դրույթները մինչեւ ուժի մեջ մտնելը փոփոխելու համար: Հիասթափվելու եւ ձեռքերը իջեցնելու իրավունք չունենք, վաղը մեր երեխեքն են մեզ մեղադրելու, որ մենք էլ մնացինք նույն դասարանում:

Հակոբ Ավագյան
«ՓՄՁ համագործակցություն» ասոցիացիայի նախագահ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: