Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հերթական միաձուլումը բանկային համակարգում. «Առէկսիմբանկը» վաճառվել է

Վերադարձ լուրերի բաժին

14:37 , 11 Հոկտեմբեր 2016

«Գազպրոմբանկը» վաճառել է 100%-ով իրեն պատկանող հայաստանյան «Առէկսիմբանկը»։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով «Գազպրոմբանկի» մամուլի հաղորդագրությանը։ Նշվում է նաև, որ այն վաճառվել է հայաստանցի ներդրողների խմբին։ Թե կոնկրետ ում է վաճառվել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերությունը, և ինչ գնով, չի նշվում։

«Առէկսիմբանկը» դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այս մասին։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Առէկսիմբանկը» ձեռք է բերվել հայաստանյան մեկ այլ բանկի՝ «Արդշինբանկի» կողմից։

«Արդշինբանկը» նույնպես չի մեկնաբանել այս տեղեկությունները։ Սակայն կա երկու հանգամանք։ Նախ, «Արդշինբանկի» 97.5% սեփականատերը  «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն է (այսինքն, անվանումը ինչ-որ առումով համընկնում է «հայաստանցի ներդրողների խումբ» ձևակերպման հետ)։ Բացի այդ, «Արդշինբանկի» ղեկավար աշխատողները ոչ միայն չեն հերքում գործարքի մասին տեղեկատվությունը, այլ կիսվում են այդ հրապարակումներով սոցիալական ցանցերի իրենց էջերում (օրինակ, «Արդշինբանկի» ֆինանսական տնօրեն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը)։

Նշենք, որ «Առէկսիմբանկը» ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների ցանկում էր՝ որպես «Գազպրոմբանկի» դուստր ընկերություն։ Ընկերությունը, չնայած դրան, հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն անդրադառնա ո՛չ հաճախորդների, ո՛չ էլ բանկի աշխատանքի վրա:

Իսկ ինչո՞ւ է վաճառվել «Առէկսիմբանկը»։ Պատասխանի մասին միայն կարելի է ենթադրություններ անել։

Պատճառներից մեկը կարող է լինել ԿԲ նոր պահանջը։ Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը հայաստանյան առևտրային բանկերի ընդհանուր (նորմատիվային) կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից հասցրեց 30 մլրդ դրամի։ Գործող բանկերը մինչև 2017 թվականի հունվարի 1-ը պետք է բավարարեին այս պահանջին։

«Առէկսիմբանկի» նորմատիվային կապիտալի չափը 2016 թվականի 2-րդ եռամսյակի վերջին 7.945 մլրդ դրամ էր։ Թվում էր, որ «Գազպրոմբանկի» համար խնդիր չի լինի իր դստեր կապիտալը համալրել 22 մլրդ դրամով։ Սակայն պարզվում է՝ «Գազպրոմբանկը» նման մտադրություն չունի։

Ինչ վերաբերում է «Արդշինբանկին», ապա այն վաղուց հատել էր թույլատրելի նվազագույն կապիտալի շեմը (42 մլրդ դրամ) և կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չուներ։ Ավելին, «Արդշինբանկը» մի շարք ցուցանիշներով ՀՀ առաջատար բանկերի առաջին եռյակում է և այս գործարքով է՛լ ավելի է ամրապնդում իր դիրքերը ՀՀ բանկային համակարգում։

Ակտիվներ – «Արդշինբանկ» ՝ 452.8 մլրդ դրամ, «Առէկսիմբանկ»`97.7 մլրդ դրամ

Սեփական կապիտալ – «Արդշինբանկ» ՝ 51.3 մլրդ դրամ, «Առէկսիմբանկ»`23 մլրդ դրամ

Վարկային պորտֆել – «Արդշինբանկ» ՝ 310.6 մլրդ դրամ, «Առէկսիմբանկ»`39.5 մլրդ դրամ

Հաճախորդների ավանդներ և հաշիվներ  – «Արդշինբանկ»` 248.7 մլրդ դրամ, «Առէկսիմբանկ»`56.7 մլրդ դրամ

Թե ինչ ձևով է լինելու գործարքը՝ պարզ կդառնա առաջիկայում։

Իսկ մենք այս հիշեցնենք, որ այս գործարքով ՀՀ առևտրային բանկերի թիվը դառնում է 18։ Ավելի վաղ, «ՊրոԿրեդիտ բանկը» գնվել էր «Ինեկոբանկի» կողմից, իսկ «Հայէկոնոմբանկը» իրեն էր միավորել «ԲՏԱ բանկը»։

Ուշագրավն այն է, որ միաձուլված կամ վաճառված բոլոր բանկերը օտարերկրյա կապիտալով էին աշխատում։ Այսինքն՝ գործ ունենք ֆինանսական ոլորտի կապիտալի արտահոսքի հետ։

ԼՐԱՑՈՒՄ. Հոդվածի հրապարակումից 2 ժամ անց «Արդշինբանկը» պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով մեր տեղեկությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Ինչպես է փոփոխվել Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ-ն 2020 թ.-ին

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 13.7% և 13.2% համապատասխանաբար:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: