Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԲԸՄ Հայաստանն ու Ֆրութֆուլ Արմենիան միավորում են ջանքերը՝ Արցախում մեկնարկելու «Կին ձեռներեցներ» ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

16:40 , 08 Ապրիլ 2019

Ֆրութֆուլ Արմենիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՀԲԸՄ Հայաստանը կընդլայնի իր «Կին ձեռներեցներ» ծրագիրը՝ այն հասանելի դարձնելով նաև Արցախի կանանց համար: ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող այս ծրագիրը Հայատանում մեկնարկել է 2017թ.՝ խթանելու կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը:

«Ցանկացած երկրի զարգացում մեծապես պայմանավորված է տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներով, տնտեսական ակտիվությամբ: Ձեռնարկությունների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը այն հիմնական գործիքներից են, որոնք օգնում են ստեղծել հավելյալ արդյունք, զարգացնել տնտեսությունը: Այդ իսկ պատճառով մենք պատրաստակամությամբ միանում ենք ՀԲԸՄ-ի այս նախաձեռնությանը՝ աջակցելով Արցախի կին գործարարների՝ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտում գիտելիքների խորացմանը», – ասել է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի Խորհրդի, Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը, հավելելով, որ ծրագրին մասնակցությունը հայ կանանց համար ևս մեկ հնարավորություն է ավելի արդյունավետորեն ներգրավվելու տնտեսության զարգացման ազգանվեր գործին:

Կրթական, դրամաշնորհների տրամադրման և մասնագիտական ուղղորդման փուլերից բաղկացած ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը Ֆրութֆուլ Արմենիայի աջակցությամբ Արցախում կմեկնարկի ս.թ. հունիսին:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի համոզմամբ, միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: «Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով», – նշել է Յակուբյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար: Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել փոքր դրամաշնորհ ստանալու և ուղղորդման փուլում օգտվելու մեկ տարի տևողությամբ բիզնես խորհրդատվությունից, տարաբնույթ մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորությունից:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին: ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org: ՀԲԸՄ Հայաստանի գործունեությանը կարող եք ծանոթանալ www.agbu.am կայքէջում:

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը արգենտինահայ բարերար, գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից հիմնադրվել է 2011թ: Հիմնադրամի աջակցությամբ ՀՀ-ում և Արցախում՝ տնտեսության, առողջապահության, կրթության, ենթակառույցների զարգացման ոլորտներում իրականացվել է մոտ 8 մլն դոլարի ծրագիր՝ այդ թվում, «Նուռ» ծրագրի շրջանակում Արցախի դպրոցականներին է նվիրաբերվել ավելի քան 10.500 համակարգիչ, ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, տրամադրվել է խորհրդատվություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։