Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային օրենսգրքին գերի մնացած ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

16:11 , 20 Հոկտեմբեր 2016

ԱԺ արտահերթում նիստում քննարկվող՝ ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ հնչող հիմնական հարցերից մեկը այն էր, որ հստակ ցուցանիշներ, կանխատեսումներ ներկայացված չէին։ Ասենք՝ տարվա վերջին գործազրկությունը կկրճատվի այսքան տոկոսով, կամ՝ 6 ամիս հետո կունենանք ներդրումների այսքան տոկոս աճ։

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն արդեն անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ տնտեսական ցուցանիշներ հրապարակելն ուղղակի տրամաբանական չէ, որովհետև ազդեցությունը, որ կառավարությունը կարող է իր քաղաքականությամբ ունենալ տնտեսական երևույթների վրա, պահանջում է որոշակի ժամանակահատված: «Եթե կառավարությունը գար, ասեր` 2016-ին այս ցուցանիշներն ենք ապահովելու, ապա դա կլիներ բլեֆ, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում դրանք հնարավոր չէ անել: Այդ իսկ պատճառով, հանրությանը չմոլորեցնելու համար արհեստածին ցուցանիշներ կառավարության ծրագրում 2016թ. կամ 2017թ. առաջին եռամսյակի համար տնտեսական աճի վերաբերյալ ընդգրկված չեն»,- ասել էր նա։

Ընդհանրապես, կանխատեսումներ անելն ու փայլուն ցուցանիշներ խոստանալն անշնորհակալ ու վտանգավոր զբաղմունք է։  Օրինակ, 2008 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր ծրագրում խոստանում էր առաջիկա տարիներին ապահովել տարեկան 8-10% ՀՆԱ-ի աճ, ներդրումների 10% աճ, աղքատության մակարդակի աստիճանական կրճատում` 2012 թվականին այն հասցնելով 11.2%ի (հիշեցնենք, որ աղքատության մակարդակն այժմ 30% է)։ Թե ինչ եղավ այդ խոստումներից հետո, ինչպես հիմա ասում են, հուզիչ էր. հենց հաջորդ տարում ՀՆԱ-ն կրճատվեց երկնիշ թվով։

Այս ծրագրում նման «ցուցանիշային» խոստումներ չկան։ Փոխարենը` կան խոստումներ, որ պետք է կատարվեն այս կամ այն քայլերը։ Իսկ եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ապա այդ քայլերը, անկասկած, կբերեն նաև ցուցանիշների բարելավման։

Կառավարության ծրագրի հիմքում մի կողմից` դրված է ծախսերի արդյունավետությունը (օպտիմալացումը), մյուս կողմից` բիզնեսի համար հնարավորինս նպաստավոր պայմանների ապահովումը։ Սակայն հենց այս` ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ներդրումներ ներգրավելու տեսանկյունից` Կառավարության ծրագիրն ունի մի լուրջ խոցելիություն։

Մինչև տեքստի հրապարակումը շատերը հույս ունեին, որ կառավարության ծրագիրը կնախատեսի հարկային լրջագույն բարեփոխումներ։ Բիզնեսին իրո՛ք թափ հաղորդելու համար միգուցե անհրաժեշտ էին անսպասելի, անհավանական թվացող լուծումներ` հարկատեսակների կրճատում, դրույքաչափերի նվազեցում, լուրջ արտոնություններ ներդրողներին, ՏՏ ոլորտին, ՓՄՁ-ին, նոր ստեղծվող բիզնեսներին և այլն։

Նման դրույթներ կառավարության ծրագրում չկան։ Դրա համար էլ շատերը նշում են, որ ավելի համարձակ լուծումներ էին սպասում։

Օրինակ, ՓՄՁ գործունեության որոշ տեսակների համար նախատեսվում է էներգակիրների արտոնյալ սակագներ սահմանել։ Իսկ ներդրումները խթանելու նպատակով ծրագիրն առաջարկում է որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգ մշակել։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հեռանկարը որքանո՞վ կշահագրգռի գործարարին` ներդրում անել Հայաստանում, դժվար է ասել։ Բայց որ, օրինակ, Հարկային օրենսգրքով նախատեսվող շահաբաժինների 5% հարկումն իրական խոչընդոտ է ներդրումների համար, կարծում ենք` ապացուցման կարիք չունի։

Եթե պատկերավոր ասենք, բոլորովին վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքն ի սկզբանե սահմանափակել է կառավարության հնարավորությունները։ Այն արդեն առաջիկա տարիների համար նախանշել է խաղի այն կանոնները, որոնցով պետք է առաջ շարժվել։

Ու թեպետ շատերը նման ակնկալիքներ ունեին, սակայն քիչ հավանական էր, որ Կառավարությունը դեմ կգնա ինքն իրեն և արմատական փոփոխությունների կենթարկի իր իսկ կողմից մեկ ամիս առաջ մշակված Հարկային օրենսգիրքը։ Պատկերավոր ասած, Կառավարության ծրագիրը սահմանափակվել է մի բանտի պատերով, որի անունն է Հարկային օրենսգիրք։ Իսկ համարձակությունը պետք է դրսևորված լիներ դեռ ՀՕ-ի ընդունման ժամանակ։

Ամեն դեպքում, չի կարելի գերագնահատել թե՛ կառավարության ծրագրի, թե՛ հարկային ու մյուս օրենսգրքերի դերը։ Շատ ավելի կարևոր է, թե ինչպես են դրանք իրականում կյանքի կոչվում։ Կարելի է ունենալ ամենալավ օրենսդրությունն ու ծրագիրը, և միևնույն ժամանակ` ամենավատ տնտեսությունը։ Եվ հակառակը։

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: