Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային փոփոխություններով առաջացող ռիսկերը

Վերադարձ լուրերի բաժին

11:03 , 16 Մարտ 2019

Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը hetq.am կայքում հրապարակված հոդվածում գրում է.

Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, հայտարարեց «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու մասին: Սա ասելով, ինչպես իր ներկայացրածից կարելի է ենթադրել, նա նկատի ունի քաղաքացիների ակտիվ տնտեսական գործունեությունը` զուգորդված պետության կողմից դրա համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ: Հարկային օրենսգրքում փոփոխությունները կարծես դիտարկվում են այդ պայմանների ստեղծման առաջին քայլերից մեկը: Կարծես Կառավարությունը փորձում է խթանել տնտեսական ակտիվությունը և քաղաքացիների համար բարեկեցիկ սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծել, այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխությունները իրենց հետ բերելու են խնդիրներ, որոնք Կառավարության կողմից խոշոր հաշվով անտեսվում են կամ պատշաճ ուշադրության չեն արժանանում:

Եվ այսպես, Հարկային օրենսգքրի փոփոխությունների հիմնական նպատակներ են հայտարարվել. «Ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը»:

Սա իրականացնելու համար կառավարությունը նախատեսում է հարկային բեռն ուղղակի հարկերից տեղափոխել դեպի սպառման հարկեր (նաև միկրոբիզնեսին հարկային արտոնություններ տալ): Այդ ճանապարհին պլանավորում է աստիճանաբար նվազեցնել եկամտային հարկի դրույքը` սկզբի շրջանում դարձնելով համահարթ 23 %, իսկ մինչև 2023 թվականը հասցնել 20 %-ի (սոցիալական հարկը մինչև այս ժամկետը քաղաքացի և պետություն ներկա 2.5 % և 7.5 % հարաբերակցությունից կվերադառնա 5 % և 5 %-ի, այսինքն քաղաքացին իր եկամտից ներկայի համեմատ 2.5 % ավելի կվճարի): Միաժամանակ, շահութահարկը նախատեսվում է նվազեցնել ներկա 20-ից 18%-ի, իսկ դիվեդենտի հարկը օտարերկրացիների համար` նվազեցնել ներկա 10-ից 5%-ի:

Այս գործողությունների արդյունքում տեղի է ունենալու պետական բյուջեի հարկային եկամուտների նվազեցում, և սա կոմպենսացնելու համար նախատեսվում է բարձրացնել ակզիզային հարկերը և նաև սահմանել նորերը: Ինչպե՞ս է սրանով խորանում սոցիալական անարդարությունը և եկամուտների բևեռվածությունը:

Տնտեսագիտությունն ասում է, որ հարկային քաղաքականություն սահմանելիս ընտրություն պետք է կատարվի տնտեսական արդյունավետության և սոցիալական արդարության միջև, իսկ գլխավոր խնդիրը օպտիմալ որոշման կայացման մեջ է: Տնտեսական արդյունավետության տեսանկյունից եկամտային հարկերը համարվում են կարևոր գործոն, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներդրումների, խնայողությունների և աշխատանքի շուրջ կայացվելիք որոշումների վրա:

Տեսականորեն համարվում է, որ համահարթ հարկման համակարգը նվազեցնում է հարկային արբիտրաժի կիրառումը և նաև մեծացնում է բարձր որակավորում ունեցող անձանց ներգրավվածությունը աշխատաշուկայում, հատկապես երբ աշխատուժի առաջարկը մեծ էլաստիկություն ունի:

Սա նաև այն բացատրությունն է, որ Կառավարությունը ներկայացնում է, երբ փորձում է հիմնավորել համահարթ եկամտային հարկային դրույք սահմանելու որոշումը, որն ի դեպ իրականացվում է առանց պատշաճ հաշվարկ-հիմնավորումներ հանրությանը ներկայացնելու: Այս հիմնավորումների առնչությամբ նշենք որ, հարկային արբիտրաժի կիրառման հնարավորությունը Հայաստանում հիմնականում անարդյունավետ հարկային վարչարարության արդյունք է, իսկ աշխատուժի առաջարկն ունի շատ ցածր էլաստիկություն, քանի որ որակավորված մասնագետների թիվը, ինչպես գիտենք, բոլոր ոլորտներում շատ փոքր է: Սա նշանակում է, որ վերոնշյալ տնտեսագիտական հիմնավորումը, որ բերվում է համահարթ եկամտային հարկի ներդրման օգտին` մեղմ ասած թույլ է:

Արդյոք ուղղակի հարկերի տոկոսադրույքնե՞րն են ստվերի և հարկային արբիտրաժի իրական պատճառները:

Հայաստանում հարկային վատ վարչարարության խոսուն ցուցանիշ է հարկային եկամուտներ (ներառյալ պետական տուրք) և ՀՆԱ հարաբերակցությունը, որը 2017 և 2018 թվականների համար չի գերազանցել 21 %-ը: Օրինակ՝ Տնտեսական Համագործակցության և Զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, անգլերեն` OECD) 36 անդամ երկրների համանուն միջին ցուցանիշը 2017 թվականին կազմել է 34.2 %: Իսկ Էստոնիայում, որի հարկային դրույքաչափերը մոտ են Հայաստանում գործողներին, այս ցուցանիշը 2017 թվականին եղել է 33 %:

Հարկային վարչարարության անարդյունավետ լինելու մասին է խոսում նաև սույն թվականի մարտի 7-ին ՀՀ Կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանի հետևյալ միտքը. «Մենք գնահատել ենք մեր հարկային եկամուտների պոտենցիալը և ըստ այդ գնահատականների 24 %-ով պակաս եկամուտներ ենք ունեցել անցած տարի, քան այդ մեթոդաբանությամբ գնահատված պոտենցիալն է»:

Սա նշանակում է, որ ըստ ֆինանսների նախարարի՝ գործող դրույքաչափերով հնարավոր էր ՀՆԱ-ի համեմատ հավաքագրել 26 % հարկային եկամուտներ, այնինչ 2018-ին, ինչպես արդեն նշեցինք, սա կազմել է ընդամենը 21 %: Հետևաբար, հարկային արբիտրաժի բացառումը կամ նվազեցումը պետք է նախ և առաջ իրականացվի հարկային վարչարարության լավացմամբ, այլ ոչ թե եկամտային հարկի և շահութահարկի տոկոսադրույքների համահարթեցմամբ:

Ովքե՞ր են սոցիալական անարդարության «զոհերը»

Միաժամանակ, ինչպես վերևում նշեցինք, տնտեսական արդյունավետության նժարի մյուս կողմում սոցիալական արդարությունն է, իսկ այս տեսանկյունից համահարթ հարկն առաջացնում է սոցիալական ուղղահայաց անարդարություն: Դա մեկնաբանվում է հետևյալ կերպ: Երբ ցածր եկամուտ ստացողը և բարձր եկամուտ ստացողը միևնույն տոկոսադրույքով են հարկվում, ապա նրանց գնողունակությունը միևնույն չափով չի տուժում: Գնողունակության տեսանկյունից համահարթ հարկման համակարգը հարվածում է ցածր եկամուտ ստացողներին:

Եվ այսպես. պաշտոնական տվյալների համաձայն՝ շուրջ 400,000 գրանցված աշխատողներ, որոնց եկամուտը չի գերազանցում 150,000 դրամը, այս համակարգի ներքո սկսելու են ավելի շատ հարկեր վճարել: Քանի որ նրանց եկամուտների մեծության վրա 23 % համահարթ հարկը ազդեցություն չի ունենալու (այսօր էլ նրանք վճարում են 23 %): Իսկ անուղղակի հարկերով, մասնավորապես, ակզիզային հարկերի հաստատուն դրույքաչափերի մեծացմամբ պայմանավորված տեղի է ունենալու գնաճ, որի հետևանքով էլ այս քաղաքացիների գնողունակությունն ընկնելու է: Իսկ հետագայում, նույնիսկ եթե եկամտային հարկի համահարթ դրույքը նվազեցվի 20 %-ի, ապա սոցիալական հարկի՝ քաղաքացու մասնաբաժնի 2.5 % ավելացմամբ և նաև սպառման հարկերի հնարավոր հետագա բարձրացումներով պայմանավորված՝ այս համակարգը կշարունակի նրանց եկամուտների և գնողունակության վրա բացասական ազդեցություն ունենալ:

Ի լրումն այս 400,000 գրանցված աշխատողների, հարկային բեռը ուղղակի հարկերից անուղղակի հարկերի տեղափոխման պատճառով բացասական ազդեցության տակ են հայտնվելու նաև շուրջ 219,000 հազար գործազուրկներ և գյուղատնտեսության մեջ ներգրավված շուրջ 317,000 քաղաքացիներ:

Այն բոլոր երկրները, որոնք ներդրել են համահարթ եկամտային հարկման համակարգ կիրառում են չհարկվող շեմ և նաև թույլ են տալիս նվազ եկամուտ ունեցող քաղաքացիներին մինչև հարկումը եկամտից որոշակի նվազեցումներ իրականացնել (օրինակ՝ երեխայի կրթության կամ բժշկական ծախսեր): Բացառություն է միայն Վրաստանը, որի համահարթ հարկման համակարգը էլ ավելի է խորացրել եկամուտների բևեռվածությունը: Հայաստանը, կարծես, որդեգրում է վրացական չհաջողված մոդելը:

Արդյո՞ք Կառավարությունը գիտակցում է, թե ինչպես է դրսևորվում համահարթ եկամտային հարկով առաջացող սոցիալական անարդարությունը:

Վերոնշյալը, այսինքն գնողունակության անհավասար նվազումը, սոցիալական անարդարության գլխավոր դրսևորումն է, որ այս հարկային փոփոխությունները բերելու են իրենց հետ: Սակայն, չգիտես ինչու, կառավարությունը սոցիալական անարդարության մասին սեփական պատկերացումներն ունի: Մասնավորապես, սույն թվականի մարտի 7-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով սոցիալական անարդարությանը՝ վարչապետ Փաշինյանն ասաց հետևյալը. «Սոցիալական արդարության խնդիրը պետք է լուծել գույքահարկի միջոցով»:

Ինչպես արդեն նշեցինք, առաջացող սոցիալական անարդարությունը համահարթ տոկոսադրույքով հարկման արդյունքը ցածր և բարձր եկամուտներ ունեցողների համար գնողունակության անհավասար չափով նվազումն է: Սա է պատճառը, որ պրոգրեսիվ եկամտային հարկը ավելի արդար է համարվում, քանի որ բարձր եկամուտներ ստացողները հարկվում են ավելի բարձր տոկոսադրույքներով:

Երկրի վարչապետը ո՛չ տնտեսագետ է, ո՛չ ֆինանսիստ և ո՛չ էլ հանրային կառավարման մասնագետ, հետևաբար հարկային համակարգի համատեքստում սոցիալական անարդարության մասին իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները կարելի է վերագրել գործող մեքենային և դրանում գործող սուբյեկտներին, մասնավորապես՝ հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմիններին:

Արդյո՞ք պետական կառավարման մեքենան այն աստիճան անորակ և անարդյունավետ է, որ նույնիսկ եկամտային հարկի ուղղահայաց անարդարության մասին պատկերացումներն են թյուր:

Հարկային բեռի տեղափոխումը ուղղակի հարկերից սպառման հարկերի հայկական ձեռնարկություններին մրցակցային առավելություններ կավելացնի՞, թե` ոչ

Արդեն նշեցինք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հիմնական նպատակն է տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացումը: Հետևաբար անդրադառնանք մրցունակություն բնութագրող գործոններին առնչվող հետևյալ միջազգային վարկանիշային ցուցանիշին:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող Համաշխարհային մրցունակության զեկույցի 2018 թվականի համարում Հայաստանը մրցունակությամբ 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը: Այստեղ հաշվարկի հիմքում դրված 98 գործակիցների թվում է «Աշխատուժի հարկման տոկոսադրույք» գործակիցը, որը իր մեջ ներառում է աշխատավարձի հարկերը և սոցիալական ապահովության վճարները: Այս ցուցանիշով Հայաստանը 26 այլ երկրների հետ առաջին տեղում է:

Ստացվում է, որ կառավարությունը փորձում է մրցակցային առավելություն ստեղծել մի գործակցի միջոցով, դա է՝ ցածր եկամտային հարկեր, որի մասով Հայաստանն արդեն ունի առավելագույն մրցակցային առավելություն:

Նշենք նաև հետևյալ օրինակը: Գերմանիան, որն ունի եկամուտների պրոգրեսիվ հարկման համակարգ և ՏՀԶԿ 36 անդամ երկրների շարքում եկամուտների հարկերի մեծությամբ 2-րդն է, մրցունակության ցուցանիշի այս սանդղակում 140 երկրների շարքում զբաղեցնում է 3-րդ տեղը: Գերմանիան մրցունակության «Աշխատուժի հարկման տոկոսադրույք» կոչվող այս գործակցով 140 երկրների շարքում 97-րդն է: Հիշեցնենք, որ Հայաստանն այս ցուցանիշով առաջինն է:

Սա նշանակում է, որ Կառավարությունը մրցունակության բարձրացման ճիշտ թիրախներ չի ընտրել: Իսկ հաշվի առնելով վերոգրյալը՝ ստացվում է, որ առաջարկվող հարկային այս քաղաքականությամբ Հայաստանին մրցակցային առավելություններ տալու հավանականությունը մոտ է զրոյի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբաղբյուրի կայքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: