Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հարկային փոփոխությունները կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճ ապահովելուն»,- փոխնախարար

Վերադարձ լուրերի բաժին

12:07 , 27 Փետրվար 2019

ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող եկամտահարկի համահարթեցումը կլուծի աշխատավարձերի թերի հայտարարագրման խնդիրը: Թեև փոփոխությունը կբերի բյուջեում որոշակի կորստի, սակայն այս և մի շարք այլ փոփոխություններ երկարաժամկետ կտրվածքում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը: «Արմենպրես»-ը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ:

Եկամտահարկի դրույքաչափի համահարթեցման (23 տոկոս) և այդ որոշումն ընդունելու համար հաշվի առնված գործոնների մասին հարցին փոխնախարարը նշել է, որ եկամտային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափի կիրառումը սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի հիմնավոր մոտեցում է: Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ եկամտային հարկի բեռը Հայաստանում բարձր է համադրելի երկրների հետ համեմատ: Եկամտային հարկն, ըստ էության, աշխատավարձի հարկ է, որովհետև եկամտային հարկի հիմնական մասը հավաքագրվում է աշխատավարձ տեսակի եկամտից: «Արդյունքում ստացվում է, որ գործատուների կողմից աշխատավարձի ուղղությամբ կատարվող ծախսը մեր երկրում մեծանում է, և դա ունենում է որոշակի բացասական հետևանքներ: Դա դառնում է մասնավորապես ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մաս: Դրանով իսկ գները բարձրանում են։ Եվ հատկապես արտահանվող ապրանքը միջազգային շուկաներում կորցնում է իր մրցունակությունը»,- ասել է Արման Պողոդսյանը:

Դրույքաչափերի համահարթեցմամբ կառավարությունը մի քանի խնդիր է ուզում լուծել: Ցանկություն կա նվազեցնել աշխատուժի գծով հարկային բեռը և ըստ այդմ նաև գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսը՝ այն դեպքում, երբ գործատուները որոշում կկայացնեն նվազեցնել անվանական աշխատավարձը, պահպանել տնօրինվող աշխատավարձը: «Այսօրվա եկամտային հարկի համակարգը միայն անվանական է պրոգրեսիվ, իրականության մեջ այն այդքան էլ պրոգրեսիվ չէ: Գործատուները հաճախ թերհայտարարագրում են աշխատավարձերը, և արդյունքում պրոգրեսիվ համակարգը չի դրսևորում իր հիմնական կողմերը: Այս հանգամանքը հաշվի առնելով` առաջարկվում է ներկա փուլում անցում կատարել հաստատուն դրույքաչափերի, դրանով իսկ լուծել նշված խնդիրները՝ ազգային տնտեսությունը, արտահանմանը կողմնորոշված ճյուղերը դարձնել ավելի մրցունակ և նաև ակնկալել, որ կունենանք ստվերից դուրս եկող աշխատավարձերի մակարդակ»,- ասել է փոխնախարարը:

Չհարկվող շեմի վերաբերյալ նա ասել է, որ իրենց գնահատմամբ, դա հանգեցնելու է եկամուտների այնպիսի մեծ կորստի, որն այս փուլում հնարավոր չէ փոխհատուցել: «Օրինակ, եթե ամսական նվազագույն աշխատավարձի՝ 55 000 դրամի չափով սահմանվի չհարկվող շեմ, տարեկան կտրվածքով պետական բյուջեի վրա բացասական ազդեցությունը կկազմի շուրջ 100 մլրդ դրամ: Դա լուրջ ռիսկ է հարկաբյուջետային կայունության տեսանկյունից»,- ասել է պաշտոնյան: Եկամտային հարկի մեկ տասնյակից ավելի դրույքաչափերի հարաբերակցություններ և սցենարներ են քննարկվել: Բոլոր սցենարները գնահատվել են առնվազն հարկային եկամուտների վրա իրենց ազդեցության տեսանկյունից, եկամուտների վերաբաշխման գործառույթի իրականացման տեսանկյունից: Եվ ողջ դրական ու բացասական կողմերի համադրմամբ է ընտրվել այս լուծումը:

Ինչ վերաբերում է ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացմանը, Արման Պողոսյանն ասել է, որ եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը հանգեցնում է տարեկան կտրվածքով շուրջ 27.5 մլրդ դրամ հարկային եկամուտների կորստի: Նպատակներից մեկն էլ այս եկամուտները որոշակիորեն փոխհատուցելն է: Սակայն կան նաև այլ նպատակներ: «Հաջորդ նպատակն ալկոհոլային խմիչքների սպառման կառուցվածքի փոփոխությունն է: Այսօր մեր դիտարկումները ցույց են տալիս, որ թունդ ալկոհոլային խմիչքները, օրինակ` օղին մի քանի տասնյակ անգամ ավելի շատ է սպառվում, քան թույլ ալկոհոլային խմիչքները՝ գարեջուրը կամ գինին, ինչը նորմալ չէ համամասնության առումով: Միջազգային պրակտիկայում դա ոչ բարենպաստ վիճակագրություն է համարվում: Դրա պատճառները գուցե բազմազան են, բայց դրանցից մեկն էլ այն է, որ ակցիզային հարկերի դրույքաչափերի հարաբերակցությունը հօգուտ թունդ ալկոհոլային խմիչքների է»,- ասել է Պողոսյանը: Նա նշել է, որ Հայաստանը, լինելով ավանդաբար գինի արտադրող երկիր՝ գինու սպառման ծավալն ընդամենը 5 տոկոս է, գարեջրի սպառման ծավալը` 10 տոկոս: Կառավարությունը են երդնում է տարեկան կտրվածքով ակցիզային հարկերի դրույքաչափերի ինդեքսավորման համակարգ՝ տարեկան 4 տոկոսով, որպեսզի ինքնաբերաբար դրույքաչափերը բարձրանան:

Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ դրույթներից մեկը, որի համաձայն 301 ձիաուժից ավելի մեքենաների բնապահպանական հարկը եռապատկվում էր` յուրաքանչյուրի ձիաուժի համար նախատեսված 50 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ, հանվել է: «Քննարկել ենք ՀՀ բնապահպանության նախարարության մեր գործընկերների հետ: Քանի որ մտահոգություններ կային, նորից որոշվել է, որ այս փուլում այս փոփոխությունը չի արվում»,- ասել է նա:

Arman_Poghosyan-1

Նախատեսված փոփոխություններով փոքր ու միջին ձեռնարկատիրությունների համար դրական տեղաշարժերի մասին հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասել է. «Հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ ներդրվում է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը, որը փոխարինելու է այսօրվա ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգին և ինքնազբաղված անձանց հարկման համակարգին: Ընդ որում` լինելու է ավելի ազատական ռեժիմ, քան նախորդ երկուսը: Նախ` իրացման շրջանառության շեմն է բարձրանում մինչև 24 մլն դրամ, երկրորդ՝ հնարավորություն է տրվում, որ տնտեսավարողներն ընտանիքի անդամներից բացի այլ աշխատողներ ներգրավել , բացի այդ հնարավորություն է տրվում գործունեությունն իրականացնել մեկից ավելի վայրերում: Հնարավորություն է տրվում նաև, որ ակցիզային հարկով հարկվող ապրանք արտադրողները նույնպես լինեն այս դաշտում: Ամփոփելով կարող ենք ասել, որ ներդրվում է հարկերից ազատված համակարգ՝ մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեության համար, սակայն սրանից կան որոշակի բացառություններ»:

Պողոսյանն անդրադարձել է նաև ոլորտային նշանակության փոփոխություններին: «Հանրային սննդի գործունեության մասով նախատեսվում է, որ բեռը կպահպանվի 2018 թ. երկրորդ կիսամյակի համար սահմանված բեռի մակարդակում: Այսինքն՝ 2019 թ. և 2021 թ. հունվարի 1-ից նախատեսված բեռի բարձրացումները, որոնք արդեն իսկ ամրագրված էին Հարկային օրենսգրքում, նախատեսվում է չեղարկել: Հաջորդը բեռնափոխադրողների համար գործունեության նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Նախ` հնարավորություն կտրվի, որ նրանք ավելի ճկուն կիրառելի միջոցներով փաստաթղթավորեն արտերկրում կատարվող իրենց ծախսերը: Եվ հետո հնարավորություն է տրվում, որ Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաներն աշխատեն առանց ճանապարհային հարկի: Սա նույնպես կարևոր փոփոխություն է»,- ասել է նա:

Նշված փոփոխությունների արդյունքումբյուջեի հավանական կորուստների վերաբերյալ Պողոսյանն ասել է, որ 2019 թ. կտրվածքով հարկային օրենսդրության փոփոխությունների հնարավոր ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա գնահատվում է շուրջ 8 մլրդ դրամի չափով, իսկ 2020 և 2021թթ. համար մի փոքր ավելի բարձր: Ընդհանուր գնահատականը տատանվում է ՀՆԱ-ի 0.2-0.3 տոկոսի միջակայքում: Գնահատման համաձայն՝ մի մասով այդ կորուստը կփոխհատուցվի այլ փոփոխությունների հաշվին և մի մասով հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ՝ստվերային տնտեսության, ստվերային շրջանառությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հաշվին: «Ընդհանուր առմամբ, հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը միտված է տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը և իր մեջ պարունակում է տնտեսական աճ ապահովելու լրացուցիչ հնարավորություններ: Այս ամբողջ փոփոխությունների ազդեցությունը, գնահատվում է, որ երկարաժամկետ հեռանկարում կնպաստի 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճ ապահովելուն: Դա դիտարկվում է 5 տարուց ավելի ժամանակահատվածի համար»,- եզրափակել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Սփյուռքի ներդրողը պետք է մտածի Հայաստանում շահույթ ստանալու մասին

«Մենք առաջիկա տարիներին Հայաստանում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրերի ճանապարհներ, նորոգելու ենք դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ: Բայց սա չի նշանակում, որ սփյուռքն անելիք չունի»,- Նիկոլ Փաշինյան:

Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

«Լոս Անջելեսը և Երևանը քույր քաղաքներ են, մենք արդյունավետ համագործակցում ենք, և կարևորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», – նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը։

«Պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից և լինենք ազնիվ». ՀՀ վարչապետը` Ամուլսարի մասին

«Ես երբեք չեմ դրել հանքը բացելու կամ չբացելու խնդիր»,- Նիկոլ Փաշինյան: