Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային համաներում. ՊԵԿ-ը բացում է փակագծերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:49 , 13 Դեկտեմբեր 2016

Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթե­թով մի շարք հարկային արտոնություններ են առաջարկվում բիզնեսին: Մասնավորապես, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու մոտեցումը  բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից. «Տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ»: Խոսքը վերաբերում է գործունեության 23 տեսակի՝ հագուստի արտադրությանը, նորոգմանը, փայտյա իրերի պատրաստմանը, լեզուների ուսուցման դասընթացներին, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմանը և այլն:

Փաթեթով առաջարկվում է կիրառել նաև հարկային համաներում՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիա­լա­կան ապա­հո­վա­գրության վճար­ների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունե­ցող անհատ ձեռ­նար­կատերերին ազատելով այդ գումարների վճարումից: Փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռ­նար­­կա­տե­րերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:

Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ այս պարագայում հարկային բեռից կազատվի շուրջ 4300 անհատ ձեռնարկատեր, իսկ եկամտային ազդեցությունը կկազմի մինչև 800 միլիոն դրամ: Կուտակային վճարների վերաբերյալ փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռ­նար­­կա­տե­րերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:  Հարկային համաներման շրջանակում առաջարկվում է մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանք­ներից, ինչպես նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնող հարկ վճարող­ներին ազա­տել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումից: Ըստ Վախթանգ Միրումյանի, ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների  թիվը կկազմի շուրջ 15 հազար, իսկ  եկամտային ազդեցությունը կարող  է հասնել մինչև 6 միլիարդ դրամի:

Բազմաթիվ ֆիզիկական անձինք, ովքեր մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են, օրինակ` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ նույն տեսակի գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, հասարակական կամ գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի օտարումներ, սակայն անտեղյակ լինելու պատճառով չեն կատարել հարկային պարտավորությունները՝ կուտակելով տույժեր ու տուգանքներ, որոնց գումարը հաճախ ավելի մեծ է, քան մայր գումարը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ՝ քաղաքացիների կողմից ԱԱՀ-ի մասով հարկվող գործարքներով առաջացած հարկային պարտավորությունների գանձման հետ կապված կա շուրջ 250 դատական վարույթ: Մասնավորապես, ընդհանուր առմամբ մայր գումարի չափը կազմում է շուրջ 3.8մլրդ դրամ, իսկ հաշվարկված տույժը՝ 680մլն դրամ, տուգանքը՝ 1.290մլրդ դրամ: «4-5 ամսվա ընթացքում ԱԱՀ-ից բխող գործարքների մասով քաղաքացիների կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ՝ շուրջ 1 միլիարդ դրամի չափով: Օրենքի ընդունման պայմաններում այդ հաշվետվություններում արտացոլված շուրջ 550 միլիոն դրամի չափով տույժ-տուգանքները նույնպես կազատվեն վճարումից: Ընդ որում, շուրջ 200 միլիոն դրամի չափով արդեն իսկ կատարվել են մայր գումարի վճարումներ»,-ընդգծել է Արմեն Սաքապետոյանը: Միաժամանակ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է 40 քրեական գործ՝ շուրջ 1 միլիարդ 150 միլիոն դրամի չափով. մայր գումարը կազմում է շուրջ 500 միլիոն դրամ, տույժ-տուգանքները՝ շուրջ 650 միլիոն դրամ: Ըստ Արմեն Սաքապետոյանի, պարտավորություններ ունեցող անձինք հարկի մայր գումարները վճարելու դեպքում ազատվում են տույժերից, տուգանքներից և քրեական պատասխանատվությունից:

Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրակա­նաց­նող, գույք և հարկային պարտա­վո­րու­թյուն­ներ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթա­ցա­կար­գով լուծարվելու հնա­րա­վո­րու­թյուն ընձեռել: «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-ից 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ: Մեկ այլ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա­ների ներդրման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2018թ. հուն­վարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն անցնել նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատանքին: Առաջարկվում է նաև ակցիզային դրոշմանիշերն էլեկտրոնային եղա­նա­կով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017թ. հունվարի 1-ից:

Վերջին երկու ամսում բավականին ակտիվացել է նաև ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը: 2016թ. 11 ամսում ստացվել  է շուրջ 250 հազար հեռախոսազանգ, միայն նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ՝ շուրջ 3000-ով ավելի: Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ հետևողական են ցանկացած հեռախոսազանգի նկատմամբ՝ հետադարձ կապի մեխանիզմով արդյունքի մասին դիմումատուին տրամադրելով հանգամանալի տեղեկատվություն:   

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%

2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: