Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային «համաներում». չգործող ընկերությունները կկարողանան լուծարվել

Վերադարձ լուրերի բաժին

16:21 , 08 Դեկտեմբեր 2016

ՀՀ Կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Անհատ ձեռնարկատերերը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտոնությունների կիրառման արդյունքում անհատ ձեռնարկատերերը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղված անձանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների՝ որպես կուտակային հատկացումներ` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքի ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ապահովում:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղվածների սոցիալական վճարների հաշվառման խնդիրների կարգավորման, ինչպես նաև գործատուի վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդ հանդիսացող գործատուի մոտ փոխադրված աշխատողների հաշվառումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունման արդյունքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղվածների կողմից սոցիալական վճարների վճարման դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստր վարողին ժամանակին փոխանցելու բնականոն գործընթացը` անկախ տարեկան հաշվարկների ճշգրտման հանգամանքից և դրանց հաճախականությունից:

Կլուծարվեն չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները

«Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ:

Հարկային մարմնի տվյալներով ներկայում առկա են զգալի թվով կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն վերջին երեք տարվա ընթացքում փաստացի գործունեություն չեն իրականացրել և հարկային մարմին հաշվետվություններ չեն ներկայացրել: ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու, հարկ վճարողների պարտավորությունների հաշվառումն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով վարելու գործընթացը ներդնելու, ինչպես նաև հարկային մարմնի տեղեկատվական համակարգը անհարկի չծանրաբեռնելու և հարկ վճարողների շրջանակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել (հաշվառումից հանել) չգործող և հաշվարկներ չներկայացրած կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին):

Օրենքի նախագծով սահմանվում է, որ լուծարվող (հաշվառումից հանվող) հարկ վճարողների ցանկերը մինչև 2017թ. օգոստոսի 1-ը կհրապարակվեն ՀՀ հրապարակային ծանուցումների՝ http://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև պետական ռեգիստրի պաշտոնական` http://www.e-register.am ինտերնետային կայքում:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ ցանկի հրապարակումից հետո՝ մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը, ցանկում ներառված հարկ վճարողները պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Նշված ժամկետում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում պետական ռեգիստրը երկամսյա ժամկետում գրանցում է հարկ վճարողի լուծարումը (պետական հաշվառումից հանումը):

Առավել արտոնյալ պայմաններ կսահմանվեն ինքնազբաղված անձանց համար

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ինքնազբաղված անձանց համար հարկային պարտավորությունների կատարման համար առավել արտոնյալ պայմանների սահմանման անհրաժեշտությամբ, որը նախատեսված է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով: Օրինագծով առաջարկվում է ինքնազբաղված անձանց համար սահմանել հարկային արտոնություններ:

Նախատեսվում է, որ օրենքով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձինք (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման և պետական բյուջե վճարման ենթակա հարկերից: Օրինագծով սահմանվում են գործունեության այն տեսակները, որոնք իրականացնելու դեպքում ինքնազբաղված անձանց համար սահմանվում են հարկային արտոնություններ: Օրենքի նախագծի ընդունման հետ կապված առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում:

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացի վերջնաժամկետ կսահմանվի 2018 թ. հունվարի 1-ը

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017թ. հունվարի 1-ից հետաձգել մինչև 2018թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն իրականացնել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացը:
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում` համապատասխան տարողությամբ ակցիզային դրոշմանիշեր չլինելու պարագայում փոխարինող տարողություններով դրոշմանիշերի տրամադրման անհրաժեշտություն չի առաջանա: Ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերի՝ էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը հնարավորություն կտա հարկ վճարողներին մինչև ալկոհոլային խմիչքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարել գրանցումներ (ստացված ակցիզային դրոշմանիշերը ըստ սերիա-համարների վերագրել իրացվող ապրանքներին), իսկ անհրաժեշտության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով կատարել ճշգրտումներ այդ գրանցումներում: Միաժամանակ նախատեսվում է, որ ներկայում կիրառության մեջ գտնվող և համապատասխան տեղեկությունները տեսանելի դարձնելու հնարավորություն չապահովող դրոշմանիշերը կօգտագործվեն մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որից հետո ակցիզային դրոշմանիշերին և դրոշմապիտակներին առնչվող հարցերը կկարգավորվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Կարևորելով հարկային արտոնությունների վերաբերյալ օրինագծերի ընդունումը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է հանրությանը հնարավորինս իրազեկել նախատեսվող փոփոխությունների մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսության անկումային ցուցանիշները մտահոգել են վարչապետին

Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները

Արտաքին առևտուրը՝ 2017 թվականի առաջին 8 ամիսներին

2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3 մլրդ 880.6 մլն դոլար

Բարեփոխում հարկային օրենսգրքում՝ ի շահ գործարարների

Միասնական հաշվից գումարների վերադարձի ժամկետի կետանցից հետո տույժերի հաշվարկման ժամկետը կրճատվում է 3 անգամ` 90 օրից դառնալով 30