Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաջորդ կայարանը՝ «ռեցեսիա»

Վերադարձ լուրերի բաժին

14:03 , 02 Դեկտեմբեր 2016

Այն, որ տնտեսության վիճակը փայլուն չէ, պարզ դարձավ այս տարվա հուլիսին, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշը մի քանի տոկոսային կետով նվազեց նախորդ տարվա հուլիսի համեմատ։ Այն, որ տնտեսության վիճակը գնալով վատանում է, ցույց տվեցին հաջորդ ամիսները։ Այն, որ տնտեսության վիճակը, մեղմ ասած, տխուր է, երևաց հոկտեմբերյան ցուցանիշներից, երբ պարզվեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով։

Սակայն Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված տվյալներն այս տխուր պատկերն առավել ամբողջական են դարձնում։

Այսպես, ԱՎԾ-ն հրապարակել է 2016 թվականի երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշները (2011 թվականից ի վեր ՀՆԱ-ի հաշվարկը ներկայացվում է եռամսյակը մեկ)։ Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 1 տրիլիոն 518.3 մլրդ դրամ։

Այս թիվն ինքն իրենով ոչինչ չի ասում։ Շատ ավելի կարևոր է այն, որ 2016 թվականի երրորդ եռամսյակի ՀՆԱ-ն՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 2.6%-ով (իրական ծավալի փոփոխությունը)։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 4.3%-ով, երկրորդում՝ 1.6%-ով։

Ազգային վիճակագրական ծառայությունն առանձին չի ներկայացնում, թե ընդհանուր առմամբ 2016 թվականի հունվար-սեպտեմբերի ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխությունը (կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճը) որքան է կազմել։ Սակայն ինքնուրույն հաշվարկելը բարդ չէ. հրապարակված տվյալների հիման վրա ստացվում է, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՆԱ իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.4-0.5% է։ Այսինքն՝ բավականին ցածր։

ՀՆԱ-ի տարեկան տվյալները պաշտոնական վիճակագրությունը կամփոփի արդեն 2017-ի հունվարին։ Փոխարենը՝ ամեն ամիս հրապարակվում են այլ ցուցանիշներ, մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը։

2016-ի առաջին տասն ամիսներին տնտեսության ակտիվությունը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0.4%-ով։ Իսկ ամսական կտրվածքով՝ 2016թ. հոկտեմբերը՝ 2015-ի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով։ Այսինքն՝ դինամիկան բացասական է։ Ու քանի որ նոյեմբերին տնտեսության մեջ լուրջ տեղաշարժեր տեղի չեն ունեցել, դա էլ նշանակում է, որ 2016 թվականի արդյունքներով կունենանք ՀՆԱ-ի՝ զրոյականին մոտ աճ (լավագույն դեպքում), կամ անգամ՝ տնտեսական անկում (վատագույն դեպքում)։

Հիշեցնենք, որ 2016 թվականի պետական բյուջեի հիմքում դրված էր ՀՆԱ-ի 2.2% իրական աճի կանխատեսումը։ Արդեն իսկ կարելի է ասել, որ այդ կանխատեսումն իրականություն չի դառնա։

Վերադառնանք ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշներին։ 2016-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն իրական նվազում է ունեցել 2.6%-ի չափով։ Դատելով հոկտեմբերյան ցուցանիշներից՝ չորրորդ եռամսյակը նույնպես անկումային կլինի։

Իսկ սա նշանակում է՝ ռեցեսիա։ Տնտեսագիտական կրթություն չունեցող ընթերցողների համար պարզաբանենք, որ «ռեցեսիա» բառը ծագում է լատիներեն Recessus (նահանջ) բառից և նշանակում է՝ տնտեսական աճի տեմպի չափավոր դանդաղում կամ անկում։ Համարվում է, որ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, եթե տնտեսական անկումը շարունակվում է անընդմեջ 2 եռամսյակ և ավելի։

Հայաստանի դեպքում անկումային եռամսյակներից մեկն արդեն իրողություն է (2.6% անկում երրորդ եռամսյակում), իսկ մյուսը՝ խիստ հավանական տարբերակ։

Այսինքն, կարելի է ասել՝ Հայաստանի տնտեսությունը մտել է ռեցեսիոն փուլ։ Ընդ որում, շատ հավանական է, որ ռեցեսիան շարունակվի նաև 2017-ի առաջին եռամսյակում, որովհետև համեմատության բազան (2016-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն) բավականին բարձր է եղել։

Նախորդ կառավարության օրոք ոչ ոք ռեցեսիա չէր կանխատեսում։ Ավելին, տարեսկզբին անգամ խոսվում էր, որ կարող է գրանցվել կանխատեսվածից բարձր աճ։

Այս ամենի մեջ մի զարմանալի, եթե չասենք՝ տարօրինակ նրբություն կա։ Հոկտեմբերին տնտեսական ակտիվության անկումը պայմանավորված էր հիմնականում գյուղատնտեսության ոլորտի խայտառակ ցուցանիշով։

GDP-quarter

2016-ի հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտի արտադրանքը կազմել է 102.7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ գյուղոլորտի արտադրանքը նվազել է ավելի քան 43 մլրդ դրամով կամ մոտ 30%-ով։ Այդ թվում՝ բուսաբուծության արտադրանքը նվազել է մոտ կիսով չափ։ Տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ չի եղել, ֆորս-մաժորային իրավիճակներ (ուժեղ կարկուտներ, հիվանդություններ և այլն) չեն գրանցվել։ Ինչո՞վ է պայմանավորված գյուղոլորտի ցուցանիշի այս կտրուկ անկումը։ Այս հարցին հիմնավոր պաշտոնական պատասխան դեռևս չի հնչել։

Իսկ ոչ պաշտոնական ամենատրամաբանական պատասխանը հետևյալն է՝ որոշվել է «թվեր չնկարել»։ Գաղտնիք չէ, որ պաշտոնական վիճակագրության ամենախոցելի տեղը գյուղատնտեսությունն է, և ընդունված ավանդույթի համաձայն՝ տնտեսական աճի ցուցանիշը «դզվել-փչվել է» հենց գյուղոլորտի ցուցանիշներով, որովհետև, ըստ էության, անհնար է այլընտրանքային հաշվարկով ստուգել, թե քանի տոննա լոլիկ կամ կարտոֆիլ է աճեցվել։

Իսկ եթե այդպես է, ապա գալիս է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ են այս անգամ որոշել ներկայացնել դառն իրականությունը, չէ՞ որ կարող էին գյուղոլորտի համար շարունակել թվանկարչությունը։

Այս հարցն էլ մի քանի պատասխան ունի։ Սկսենք, այսպես ասած, պետականամետ պատասխանից. եթե նոր կառավարությունը որոշել է լուրջ փոփոխությունների գնալ ու շտկել վիճակը, ապա պետք էր սկսել հենց ճիշտ տվյալներից։ «Դզած-փչած» տվյալներով չի կարելի ճիշտ որոշումներ կայացնել և վստահություն վայելել։

Երկրորդ հավանական պատճառն այն է, որ ներկայումս գրանցված տխուր ցուցանիշների պատասխանատուն ոչ թե ներկայիս կառավարությունն է, այլ նախորդ. այս ցուցանիշները նախկին կաբինետի գործունեության արդյունքն են արտացոլում։ Դրա համար ներկայիս կառավարությունն արդարանալու անհրաժեշտություն չի տեսնում։

Եվ վերջապես, երրորդ պատճառը սպասումները չափավորելն է։ Նախկինում էլ նշել ենք, որ Կարեն Կարապետյանի նշանակմամբ՝ ինչ-որ չափով չափազանցված սպասումներ են ձևավորվել, մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, որը կզգան իրենց կենսամակարդակի վրա։ Սա վտանգավոր է առաջին հերթին՝ նոր կառավարության վարկանիշի համար, որովհետև արագ փոփոխությունները հնարավոր չեն, ու հիասթափության ռիսկ է առաջանում։

Դրա համար ավելի ճիշտ է ցույց տալ, որ տնտեսության վիճակը վատ է կամ շատ վատ։ Իսկ որքան ելակետային վիճակը ծանր է, այնքան ավելի երկար ժամանակ է պահանջվում վիճակը շտկելու համար։ Այսինքն, եթե կարճ ձևակերպենք, ազնվության դիմաց կառավարությունը ցանկանում է ստանալ երկար ժամանակ հանգիստ գործելու իրավունք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու չեն աշխատում Հայաստանի կանայք և տղամարդիկ (գծապատկերներ)

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աշխատանք գտնելու հույս չունեցող մարդկանց թիվն աճել է 2-ական հազարով։

Որքան են խաղում հայերը. ԱՎԾ-ի մտահոգիչ թվերը

2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ընդհանուր ծավալը կազմել է 196.6 մլրդ դրամ

Խոշորներն ու նրանց վճարած հարկերը՝ 2017 թվականի առաջին 9 ամիսներին. ում հաշվին է ապահովվել հարկերի աճը

Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե են վճարել 580.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր