Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաշվեքննիչ պալատն առաջարկում է պետական իրականացնել պարտքի կառավարման ներքին աուդիտ

Վերադարձ լուրերի բաժին

22:06 , 18 Փետրվար 2020

ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքներով արձանագրել է դրական և բացասական միտումներ: Դրանց հիման վրա ներկայացրել է առաջարկներ, օրինակ՝ իրականացնել պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ: Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը: Հաշվեքննությունն իրականացվել է 2017 և 2018 թթ ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ: «Պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ չէր իրականացվել, մեզ հասած տվյալներով առհասարակ չէր իրականացվել: Եվ մենք առաջարկել ենք, որ հետագայում ներքին աուդիտ լինի, և ներքին աուդիտն ուշադրության կենտրոնում պահի հաշվեքննությամբ արձանագրված փաստերը»,-ասաց Առուստամյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց` շատ ճշգրիտ արձանագրում է, որ պարտքի կառավարման բնագավառում ներքին աուդիտ չի իրականացվել: «Ցավոք, ներքին աուդիտը ոչ միայն պարտքի կառավարման բնագավառում չի համապատասխանել այն սպասումներին, որ այդ համակարգի ներդրման ժամանակ ունեցել ենք համակարգից: Եվ դրանով պայմանավորված՝ ջանքեր են գործադրվում, որ հիմա իրավիճակը փոխվի նաև ներքին աուդիտի բնագավառում»,-ասաց նա: Անդրադառնալով նկատած թերություններին` Առուստամյանը նշեց, որ գոյություն ունի ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության միջև գործակալական պայմանագիր: Կա պահանջ, որ նմանատիպ փաստաթղթերը պետք է հրապարակվեն: Սակայն արձանագրվել է, որ այդ մասով հրապարակայնությունը չի ապահովվում, և առաջարկել են շուտափույթ հրապարակել դա:

«ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակը կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումն է` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը: Սակայն մենք արձանագրում ենք, որ չի ապահովվել պետական պարտքի կառավարման նպատակային արդյունավետությունը: Այն է` երկարաժամկետ հատվածում պարտքի սպասարկման մեծությունը դրսևորել է աճի միտում: 2012-2018 թթ. ընթացքում այն աճել է 342 տոկոսով: Առաջարկում ենք հետագայում ռազմավարություններ նախագծելիս ղեկավարվել սահմանված նպատակներով` երկարաժամկետ պարտքի սպասարկման ծախսերի նվազման միտումի երաշխավորման նպատակով»,-ասաց Առուստամյանը:

Նա նաև նշեց` ցածր է եղել կառավարության պարտքի տոկոսավճարների միջնաժամկետ կանխատեսումների որակը: Օրինակ՝ 2018 թվականի կառավարության պարտքի փաստացի մեծությունը գերազանցել է 2016-2018 թթ. ռազմավարությամբ կանխատեսված մակարդակը` 28,5 տոկոսով: Այս մասով հաշվեքննիչ պալատը ներկայացրել է առաջարկություններ:

Պալատի արձանագրմամբ` բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը և դրա հիման վրա նախքան երաշխիքի տրամադրումը և տրամադրումից հետո իրականացված ռիսկի գնահատումները: Պալատի կարծիքով` կա հետհսկողության խնդիր, որը պետք է բարելավվի: «Բյուջետային վարկավորման գործընթացը կրել է իրավիճակային բնույթ: Ենթավարկերի և բյուջետային վարկերի տրամադրման քաղաքականություն չի հրապարակվել՝ չնայած այդպիսիք տրամադրվել են: Ենթավարկերի և բյուջետային վարկերի հարցում բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը»,-ասաց Առուստամյանը:

Հաշվեքննության արդյունքներով արձանագրվել են նաև դրական միտումներ: «Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծերի գնահատման և ընտրության կարգ ունենք արդեն: Պարտքի կառավարման և ֆինանսական- տեխնիկական սպասարկման և ադմինիստրատորի պարտականությունների կատարման կարգ նույնպես արդեն ունենք: Պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման կառավարության պարտքի սպասարկման, գանձապետական պարտատոմսերի հաշվառման, սպասարկման ընթացակարգեր նույնպես արդեն ունենք»,-ասաց նա ու նկատեց` վերասահմանվել են ուղենշային համարվող պարտատոմսերի չափանիշները: Ներդրվել է նաև գանձապետական պահառուի միջոցով պետական գանձապետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%: