Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելով տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամ. Դատախազություն

Վերադարձ լուրերի բաժին

15:36 , 16 Հուլիս 2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2015-2016թթ. ՀՀ տարածքում արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանված ստորերկրյա բնական հանքային ջրերի ամբողջ ծավալը կազմել է 74.989.500 լիտր: Մինչդեռ նույն տարիներին իրացման համար ձեռք են բերվել «հանքային ջուր» ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 96.418.751 լիտրի դրոշմապիտակներ, արտահանված հանքային ջրի քանակը կազմել է 14.815.786 լիտր: Այսինքն փաստացի իրացվել է ներկայացվածից 36.245.037 լիտր ավելի արդյունահանված հանքային ջուր, որի չվճարված բնօգտագործման վճարը, համաձայն տվյալ ժամանակ գործող նորմատիվների, կազմել է 204.835.100 դրամ:

Ընդ որում միայն մեկ տնտեսվարող Ընկերություն 2015-2016թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ձեռք է բերել իրացման համար «հանքային ջուր» ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 60.477.000 լիտր ծավալի դրոշմապիտակներ, իսկ ՀՀ տարածքից արտահանել է 12.737.075 լիտր «հանքային ջուր» ապրանքատեսակ: Մինչդեռ ըստ փաստաթղթերի՝ նույն Ընկերության կողմից արդյունաբերական նպատակով արդյունահանված հանքային ջրերի ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է ընդամենը 37.812.000 լիտր: Այսինքն միայն այդ ընկերության կողմից արդյունահանման և իրացման տարբերությունը կազմել է 35.402.075 լիտր, որի համար բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 200.021.300 դրամ:

Պարզվել է նաև, որ ևս 11 տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015-2016թթ. ձեռք են բերվել 3.325.940 լիտր բնական հանքային ջրերի իրացման համար դրոշմապիտակներ, և հանրապետությունից արտահանվել է 970.000 լիտր հանքային ջուր: Սա այն դեպքում, երբ նշված տնտեսվարողներն ընդհանրապես ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում չեն իրականացրել, որոնց դեպքում բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 24.272.060 դրամ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի արդյունահանում իրականացրած 14 տնտեսվարող սուբյեկտներից 10-ը արդյունահանել են արդյունաբերական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները համաձայն նշված ժամանակ գործող օրենսդրության՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար կազմում է 5650 դրամ, 3 տնտեսվարող սուբյեկտներ արդյունահանել են բուժական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները յուրաքանչյուր խորանարդ մետրի համար սահմանված է եղել 300 դրամ, ևս 1 տնտեսվարող սուբյեկտ ռեկրեացիոն /լողավազանների/ նպատակներով՝ բնօգտագործման վճարը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ 75 դրամ:

Որոշ դեպքերում միևնույն տնտեսվարող սուբյեկտները միաժամանակ իրականացրել են արդյունաբերական և բուժական նպատակներով արդյունահանում: Ընդ որում, արդյունաբերական նպատակներով արդյունահանումները զգալիորեն քիչ են եղել բուժական նպատակներով արդյունահանման ծավալներից:

Բացի այդ, բուժական և ռեկրեացիոն նպատակներով արդյունահանում է իրականացվել նույն համայնքներում կամ մարզերում, որտեղ կան նաև արդյունաբերական նպատակներով արդյունահանողներ:

Արձանագրված փաստերը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի՝ արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից, առանձնապես խոշոր չափերի բնավճարները վճարելուց խուսափելու նպատակով, կամ թաքցվում են իրական արդյունահանման ծավալները, կամ բուժական, հանգստի և լողավազաններում օգտագործելու նպատակով արդյունահանված հանքային ջրերը, որոնց բնօգտագործման վճարները բազմապատիկ անգամ ցածր են, օգտագործվում են արդյունաբերական նպատակներով, կամ տնտեսվարողների կողմից ընդհանրապես կեղծվում են ապրանքատեսակները՝ հանքային ջրի անվան տակ իրացնելով ոչ հանքային ջուր:

Նշված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ անակնկալ՝ «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար: