Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանցագործությունների թվի և տնտեսական աճի կապը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

09:05 , 03 Հոկտեմբեր 2017

Վերջին շրջանում կատարված աղմկահարույց սպանությունների ֆոնին շատերն են խոսում Հայաստանում հանցավորության մակարդակի բարձրացման մասին։ Հատկապես սոցիալական ցանցերում շատերը մեղադրում են իրավապահ համակարգին, որ նրանց անգործության (կամ ոչ պատշաճ գործունեության) հետևանքով են սպանությունները հաճախակի դարձել։

Ոստիկանությունն ու մյուս ուժայինները, բնականաբար, հակադարձում են, որ իրենք իրենց գործողությունները, ինչպես պետքն է, կատարում են։ Ավելին, հանցագործությունների և սպանությունների աճի մասին խոսողներին նրանք հիշեցնում են, որ իրականում այս տարի սպանությունների թիվը շատ ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Հասկանալի է, որ կարճ ժամանակահատվածում, լկտի և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունները պետք է կրքեր բորբոքեին։ Սակայն առանց զգացմունքներին տրվելու՝ կարելի է հասկանալ հանցագործությունների վիճակագրությունն ու հնարավոր պատճառները։

Սկսենք սպանություններից։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 29 սպանություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի դիմաց։ Այսինքն, իրոք նվազում կա։ Նվազել են նաև սպանության փորձերը՝ 20-ի փոխարեն՝ 13։

Սակայն հանցագործությունների ընդհանուր քանակի գծով աճ կա։ 2017 թվականի հունվար-հուլիսին հանրապետությունում գրանցվել է 10767 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10649-ի դիմաց։ Հանցագործությունների թիվն աճել է 118-ով կամ 1.1%-ով։ Մեծ չէ, սակայն, ամեն դեպքում՝ աճ է։ Նշենք նաև, որ հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է հիմնականում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների հաշվին (533-ից՝ 638)։

Հաշվի առնելով քանակական միտումները՝ այս տարվա վերջին հանցագործությունների թիվը դժվար թե շատ տարբերվի նախորդ տարվա ցուցանիշից. 2016 թվականին Հայաստանում գրանցվել է 18764 հանցագործություն։ Ամեն դեպքում, այլ երկրների հետ համեմատության մեջ, Հայաստանում 1000 բնակչին ընկնող հանցագործությունների թվով չափվող հանցավորության մակարդակը ցածր է։

Սակայն նախկինում՝ մինչև 2009 թվականը, հանցագործությունների թիվն ավելի քիչ էր։ Ու եթե նկատի ունենանք, որ վերջին տարիներին բնակչության թիվն արտագաղթի պատճառով նվազել է, ստացվում է՝ մեկ շնչի հաշվով էլ հանցավորությունն ավելի ցածր մակարդակի վրա էր։

Ինչո՞վ է պայմանավորված հանցագործությունների թվի աճը կամ նվազումը։ Համոզված ենք՝ հոգեբաններն այս հարցին ավելի սպառիչ և հետաքրքիր պատասխան կտան, սակայն տնտեսական հարթության մեջ նույնպես այս հարցը կարելի է դիտարկել։

Այսպես, տարածված տեսակետ կա, որ հանցագործությունների թվի և տնտեսական վիճակի միջև հակադարձ կապ կա։ Որքան տնտեսության վիճակը վատանում է, այնքան մեծանում է հանցագործությունների թիվը։

Աշխատո՞ւմ է արդյոք այդ տրամաբանությունը Հայաստանի դեպքում։

Այս հարցին պատասխանելու համար մենք համադրել ենք Հայաստանում գրանցված հանցագործությունների (այդ թվում՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների) քանակը և տնտեսական աճի տեմպը՝ 2003-2016 թվականների համար։

Գծապատկերում կապույտ սյունով ներկայացված է գրանցված հանցագործությունների քանակը, կարմիրով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, իսկ կանաչ կորը ցույց է տալիս տնտեսական աճի տեմպը։

Գծապատկերն առաջին իսկ հայացքից ցույց է տալիս էական տարբերություն՝ մինչև 2009 թվականի ճգնաժամի և դրանից հետո ընկած ժամանակահատվածների միջև։

crime2003-2008 թվականների ընթացքում Հայաստանում գրանցվում էր բարձր՝ երկնիշ տնտեսական աճ։

Այդ նույն տարիներին հանցագործությունների տարեկան միջին թիվը 9600-ի սահմաններում էր, սեփականության դեմ ուղղված հանցագործություններինը՝ 3900-ի։

2009 թվականին Հայաստանի տնտեսությունը 14.1%-անոց անկում ունեցավ։ Նույն տարում հանցագործությունների թիվը կտրուկ աճեց՝ 9271-ից հասնելով 14339-ի։

Հետճգնաժամային փուլում տնտեսական աճի տեմպը դանդաղել է, իսկ հանցագործությունների միջին թիվը պահպանվել է բարձր մակարդակի վրա։

Տնտեսական աճի տարեկան միջին տեմպը 2010-2016 թվականներին կազմել է 3.4, իսկ հանցագործությունների միջին թիվը՝ 17 հազարի սահմաններում է։

Թեպետ կան որոշակի շեղումներ, սակայն հիմնականում տնտեսական աճի տեմպի արագացմանը զուգահեռ՝ գրանցվել է հանցագործությունների թվի նվազում։

Իհարկե, բացի տնտեսական աճից՝ հանցագործությունների քանակի վրա ազդում են նաև այլ գործոններ (օրինակ՝ բնակչության թվի փոփոխությունը, եկամուտների և սպառման անհավասարությունը, և այլն)։

Տնտեսական աճի և հանցավորության կապն ու դրա խորությունը ճշգրիտ նկարագրելու համար անհրաժեշտ է խորը վերլուծություն, որը հաշվի կառնի նշված բոլոր գործոնների ազդեցությունը։

Սակայն անգամ այսպես՝ սիրողական մակարդակով, ակնհայտ է, որ տնտեսական աճի և հանցագործությունների թվի մեջ կապ, ամեն դեպքում, կա։

Ինչպես նշեցինք, 2017 թվականի հունվար-հուլիսին հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է 1,1%-ով։ Տնտեսական ակտիվությունն այս նույն ժամանակահատվածում աճել է 5.5 տոկոսով։ Այսինքն, աճի տեմպն արագացել է, սակայն հանցագործությունների թիվը որոշ չափով աճել է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեկը մյուսով միանշանակ պայմանավորելը սխալ է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Թաքուն թանկացող զամբյուղը

2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։