Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վերադարձ լուրերի բաժին

23:38 , 01 Մարտ 2019

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը b4b.am-ին հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Զրույցը սկսելուց առաջ ուզում եմ շնորհավորել Ձեզ, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցի մանրամասները: Բոլոր դեպքերում, այն արձագանքները, որ լսել եմ՝ և՛ երկրի ներսում, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Այո, մեր այս աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում և շատ կարևոր է, որ մենք պարբերաբար կիսենք այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեր տարբեր շփումների, աշխատանքային գործունեության ընթացքում: Եվ, իհարկե, քննարկենք առաջիկա անելիքները: Այո, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ունեցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները:

Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահում ենք, և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը ևս տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն, իհարկե, կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:

«Ես էլ, պարոն վարչապետ, Ձեզ հետ խոսելու շատ բան ունեմ: Իհարկե, Դուք տեղյակ եք, բայց կուզեմ լրացուցիչ մանրամասներ կիսել Ձեզ հետ հատկապես իմ վերջին երկու այցելությունների մասին. մեկը Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի, և որի ընթացքում կազմակերպությունում որոշակի կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան: Բարեգործական միությունը մեր ազգային, Սփյուռքի կարևորագույն կազմակերպություններից մեկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկե, կրկին հանդիպումներ ունեցա այն շրջանակում, որի մասին մենք բավական երկար ժամանակ խոսում ենք միմյանց հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Հանդիպումներ եղան ֆրանսիական շատ մեծ ընկերությունների հետ՝ Thales, Dassault, և այլն:

Հաջորդն իմ այցելությունն էր Մյունխեն՝ անվտանգության համաժողովին, որի ընթացքում, ինչպես տեղյակ եք, մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան: Դրանցից բացի, հանդիպումներ ունեցա նաև Հայդելբերգի համալսարանում, Մյունխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Այս հանդիպումները ևս ուղղված են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր և նպաստելու մեր երկրի տնտեսական արագ աճին: Այնպես որ, խոսելու շատ բան ունենք»,-հավելել է Արմեն Սարգսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ: