Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-լեհական գործարար պալատը ձգտում է ամրապնդել երկու երկրների կապերը

Վերադարձ լուրերի բաժին

09:45 , 15 Փետրվար 2019

Հայաստանում Հայ-լեհական գործարար պալատը սկսում է գործունեությունը: Այն նպատակ ունի աշխուժացնել Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական կապերը, միջավայր ստեղծել երկու երկրների գործարարների համար, նպաստել երկու երկրներում ներդրումներ կատարելու տարբեր ընկերությունների և անհատ գործարարների ջանքերին: Պալատի ծրագրերի, առաջիկա անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հայ-լեհական գործարար պալատի նախագահ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ: Նրա խոսքով՝ Հայ-լեհական գործարար պալատ հիմնելու նախաձեռնություն եղել է տարիներ առաջ՝ Հայաստանում գործող մի շարք ընկերությունների կողմից, սակայն այն չի ծավալել ակտիվ գործունեություն։ «Ավարտելով իմ դիվանագիտական առաքելությունը Լեհաստանում և տեղեկանալով այդ կազմակերպության մասին՝ ես հանձնառություն ունեցա ստանձնել դրա նախագահությունը և ջանքեր գործադրել ակտիվ գործունեության համար»,- նշել է Ղազարյանը։

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանը կարծում է, որ հայ-լեհական առևտրատնտեսական կապերում գոյություն ունի հսկայակայն չօգտագործված ներուժ, որն արդյունավետ օգտագործելու պարագայում հնարավոր է երկուստեք արձանագրել մեծ հաջողություններ։ «Հայաստանի և Եվրոպական Միության միջև 2017 թվականի նոյեմբերին ստորագրված նոր համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև գործարար կապերի ընդլայնման համար։ Այդ տեսանկյունից Լեհաստանը կարող է մեզ համար մեծ և դրական դերակատարություն ունենալ»,- ընդգծել է Հայ-լեհական գործարար պալատի նախագահը։

Լեհաստանում որպես դեսպան աշխատելով՝ Էդգար Ղազարյանը համոզվել է, որ հայ-լեհական առևտրաշրջանառությունը, չնայած իր ոչ մեծ լինելու, մշտապես ցուցաբերել է աճի միտում։ Նա նաև նշել է, որ հայերն ու լեհերը քիչ են տեղեկացված միմյանց մասին։ «Իմ տպավորությամբ ոչ Հայաստանում են բավարար չափով տեղեկացված Լեհաստանի հսկայական տնտեսական ներուժի և հնարավորությունների մասին, ոչ էլ լեհ գործարարներ են բավարար չափով տեղեկացված Հայաստանի տնտեսական միջավայրի և առկա հնարավորությունների մասին»,- արձանագրել է Ղազարյանը։ Նա կարծում է, որ Հայ-լեհական գործարար պալատի հիմնական խնդիրը պետք է լինի երկու կողմի գործարարների Հայաստանի և Լեհաստանի տնտեսական վիճակի մասին հնարավոր առավելագույն տեղեկատվություն տրամադրելը:

Ըստ Ղազարյանի՝ չօգտագործված մեծ ներուժ գոյություն ունի նաև զբոսաշրջության ոլորտում։ Վարշավայի և Երևանի միջև գրեթե ամենօրյա օդային ուղիղ կապի առկայությունը մեծացնում է հատկապես լեհ զբոսաշրջիկների Հայաստան այցելելու գրավչությունն ու հնարավորությունը։ Նա համոզված է, որ Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմությունը, Լեհաստանում տարեցտարի աճող զբոսաշրջային ենթակառուցվածքները, Եվրոպական Միության մյուս երկրների համեմատությամբ ապրանքների և ծառայությունների մատչելի գները կարող են գրավիչ լինել հայ զբոսաշրջիկների համար։

Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ Հայ-լեհական գործարար պալատն այժմ հաղթահարում է վերագործարկման հետ կապված տեխնիկական և կազմակերպական հարցերը։ Արդեն իսկ հանդիպումներ են եղել համանման մի շարք կազմակերպությունների հետ: Առաջիկայում նախատեսվում է գործնական համագործակցության համաձայնագրեր ստորագրել Հայաստանի և Լեհաստանի մի շարք առևտրաարդյունաբերական պալատների հետ։ «2019 թվականին Դավոսում Հայաստանի և Լեհաստանի վարչապետների հանդիպման ժամանակ կարևոր շեշտադրում է կատարվել փոխադարձ այցելությունների աշխուժացման և տնտեսական հարաբերությունների ամրապնդման վրա։ Կարծում ենք, որ պալատին կհաջողվի 2019 թվականի ընթացքում գործարար համաժողովներ կազմակերպել Լեհաստանում և Հայաստանում»,- հույս է հայտնել նա։ Հայ-լեհական գործարար պալատի նախագահը հույս ունի, որ շուտով կառավարությունում կձևավորվի Հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի հետ համատեղ քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացներում պալատի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բացվեց Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը

Այն ևս մեկ հնարավորություն է ընդլայնելու հայ-հնդկական գործարար կապերը։

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Յան Վան Բիլսենը ներկայացրել է համագործակցության հիմնական չորս ուղղություն՝ ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու տուրիզմը:

Տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում

Միջոցառումը կազմակերպել էի Տնտեսագիտական համալսարան, ԱՐՓԱ հիմնարկը և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը։