Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնի է 2019 թ. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը

Վերադարձ լուրերի բաժին

23:34 , 20 Նոյեմբեր 2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019 թ. դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն:

Viva (2)

«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում», – ասել է Հակոբ Արշակյանը:

Viva (1)

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է, և այս ամբողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության կողքին է եղել: Դժվար է գերագնահատել այն ազդեցությունը, որն այս մրցանակը թողել է Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման վրա: Այս ազդեցությունն արժեհամակարգի, մտածողության հարթության վրա է. մեր ՏՀՏ հանրությունն ու ուսանողները հյուրընկալում են բացառիկ անհատականությունների, կենդանի լեգենդների, ում ստեղծագործ միտքը հեղափոխական խթան է հաղորդել աշխարհի տեխնոլոգիական զարգացմանը՝ ՏՀՏ ոլորտը հասցնելով որակապես նոր մակարդակի: Պետք է փաստել, որ այսօրվա աշխարհում քիչ են տեխնոլոգիական այնպիսի նվաճումները, որոնք իրապես նոր խոսք են, և Հայաստան այցելած այս համաշխարհային հսկաները հենց այդ նորը ստեղծած մարդիկ են: Նրանց հետ հանդիպելով ու շփվելով՝ մեր երիտասարդները կենդանի օրինակով տեսնում են, թե ինչպես է պետք ձգտել ապրել. հավատալ սեփական ուժերին, աշխատել օր ու գիշեր, քայլել սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով, ու գրավել այնպիսի բարձունք, որտեղ ժամանակակիցներից որևիցե մեկը դեռևս ոտք չի դրել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Viva (5)

«Արդեն երկրորդ տարին է, որ մրցանակը տրվում է որպես ՀՀ պետական մրցանակ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակի 2019 թ. դափնեկիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսություն հիմնադիրը, ինչպես նաև «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողն է: Կանադեին մրցանակի շնորհման նախաձեռնության հեղինակը Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանն է», – ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009 թ. հուլիսի 6-ին և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ (տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական) կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների։ Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։

Viva (7)

Այս տարի տրվող մրցանակը թվով 10-րդն է։ Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից: Մրցանակաբաշխությունն իրականացվում է կազմակերպչական կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

Դոկտոր Տակեո Կանադե

Viva (6)

Դեմքի ճանաչման մասին նրա առաջին աշխատանքից, եռաչափ տեսագրման տեխնիկա (որը նա ներկայացրել է 2001 թ. Super Bowl հեռարձակման համար) և ընդհուպ մինչև իր կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերի մասին աշխատանքը, Տակեո Կանադեն ապացուցել է ռոբոտաշինության ոլորտում իր առաջատար դիրքը, որի համար նրան հանձնվել են 2008 թ. Բաուեր Մրցանակը և «Գիտության ոլորտում ձեռքբերման մրցանակը»:

Կանադեն ծնվել է Ճապոնիայի Հյոգո քաղաքում 1945 թ.-ին: Նա սկսել է իր ակադեմիական կարիերան Կիոտոյի համալսարանում (1964 թ.), որտեղ ստացել է բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի աստիճաններ էլեկտրատեխնիկայի մասնագիտացմամբ: 1973-1980 թթ․ դասավանդել է Կիոտոյի համալսարանի ինֆորմատիկայի բաժնում, այնուհետև տեղափոխվել է իր ներկայիս դասավանդման ինստիտուտ՝ Կարնեգի Մելոն համալսարան:

Մի դարաշրջանում, երբ հետազոտողների մեծ մասը նեղ մասնագիտացում էր ստանում, Կանադեն կարևոր ներդրում է կատարում մի շարք ոլորտներում սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից՝ մինչև նորարարական սարքեր և ալգորիթմներ, որոնք լայնորեն օգտագործվում են առ այսօր: Նրա ամենավաղ աշխատանքը եղել է դեմքի արտահայտությունների ճանաչման վերաբերյալ, որտեղ նա մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է հասկանալ դեմքի արտահայտության շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ՝ ի տարբերություն նախորդ ճանաչման համակարգերի, որոնք լավագույնս նկատում էին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ուրախությունը» կամ «զայրույթը»: Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ, ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկեր ստանալու հիմնական ալգորիթմը՝ հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար: Նրա հետաքրքրությունը շարժման վերլուծության ոլորտում հանգեցրեց եռաչափ պատկերների ուսումնասիրությանը՝ երկչափ պատկերներից եռաչափ տեղեկություններ ստանալու մեթոդներին: 1981 թվականին նա ստեղծեց մի աննախադեպ տեսություն, թե ինչպես վերականգնել օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից (հայտնի է որպես «Origami World» տեսություն): Նա նաև «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը թույլ է տալիս դիտել միևնույն տեսարանը տարբեր տեսանկյուններից:

Իր գլխավորած հետազոտական խմբի մշակած մեթոդներն օգտագործվել են CBS- ի կողմից 2001 թ.-ին Super Bowl խաղի հեռարձակման ժամանակ՝ պատկերավորելու դաշտը այնպիսին, ինչպիսին այն խաղացողն է տեսնում: Կանադեի նորարարությունները ռոբոտաշինության ոլորտում կիրառվում են մի քանի ինքնավար ռոբոտների դեպքում, այդ թվում ` ինքնագնաց մեքենայի, ինքնագնաց ուղղաթիռի և կոնքոսկրի փոխարինման համակարգչային վիրաբուժության համակարգի մեջ, որը ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում:

Իր լայնածավալ ուսումնասիրություններից բացի՝ Կանադեն 1989 թ.-ին հիմնադրել է Կարնեգի Մելոնի ռոբոտաշինության դոկտորական ծրագիր, այնուհետև՝ ռոբոտաշինության մագիստրոսական ծրագիր: 1992-2001 թթ.-ին նրա ղեկավարությամբ ռոբոտաշինության ինստիտուտը դարձել է աշխարհում ռոբոտաշինության գերակա կենտրոններից մեկը: 2001 թ. Կանադեն հիմնադրել է Տոկիոյում Թվային մարդկային հետազոտությունների կենտրոնը, որը դիտարկում է, չափում և մոդելավորում է մարդկային գործառույթները` հասկանալու համակարգերի այս ամենակարևոր և ամենաքիչ բացահայտված բաղադրիչը: 2006 թվականից նա հանդիսանում է «Կյանքի որակի տեխնոլոգիաներ» կենտրոնի հիմնադիր տնօրեն, որը NSF-ի կողմից ֆինանսավորվող Տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոն է։ Կենտրոնի նպատակն է զարգացնել խելացի համակարգեր, որոնք միտված են օգնելու մեծահասակներին և հաշմանդամություն ունեցող մարդկանց: Դոկտոր Կանադեն ընդգրկվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայում և Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի կազմում: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների` C & C մրցանակի, Օկավայի մրցանակի, IEEE ռոբոտաշինության և ավտոմատացման ընկերության առաջատար մրցանակի, Ջոզեֆ Էնգելբերգերի անվան մրցանակի, FIT Funai մրցանակի, առաջին Ազրիել Ռոզենֆելդի մրցանակի, Ալեն Նյուելի հետազոտության գերազանցության մրցանակի, Ճապոնիայի համայնքի Արհեստական ինտելեկտի [JSAI] կարիերայի ձեռքբերման մրցանակի, Հետազոտության և զարգացման Ճապոնիայի ռոբոտների ասոցիացիայի (JARA) մրցանակի, Longuet-Higgins մրցանակի և Marr մրցանակի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության ապահովումը, ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը:

Առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք կա

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել:

Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր

Այդ մասին վստահեցրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: