Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական դրամը առևտրային և քաղաքական պատերազմների կիզակետում՝ որպես տարածաշրջանի ամենակայուն արժույթ

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 14 Օգոստոս 2018

ԱՄՆ-ի կողմից նախատեսվող նոր պատժամիջոցների փաթեթն ուղղված է Հայաստանի համար երկու ռազմավարական նշանակություն ունեցող երկրներին՝ Իրանին ու Ռուսաստանին, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում ֆինանսական շուկաները վայրիվերումների են ենթարկվում, իսկ ազգային արժույթները կտրուկ արժեզրկվում են: Մյուս կողմից, ԱՄՆ-ն պատժամիջոցներով լրջորեն հարվածել է նաև Թուրքիայի տնտեսությանը, որտեղ թուրքական լիրան աննախադեպ արժեզրկման է ենթարկվել: Այս ամենի արդյունքում տատանման միտումներ են դրսևորում նաև վրացական լարին և ադրբեջանական մանաթը: Գերտերությունների «խաղերի» կիզակետում ակամա հայտնված հայկական դրամը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենակայուն արժույթը:

Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, չնայած ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից, բայց արդեն հասցրել են հարվածել ինչպես ռուսական արժույթին, այնպես էլ ռուսական խոշոր ընկերությունների բաժնետոմսերի գնանշումներին: Այսպես, հուլիսին ԱՄՆ դոլարի փոխարժեքը 62-63 ռուբլի էր կազմում, իսկ արդեն օգոստոսի 13-ին հասել է 68.27 ռուբլու: Պատժամիջոցների մասին հայտարարությանը հաջորդեց «Աերոֆլոտ» ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսով արժեզրկումը: Քանի որ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսվում է ուղղել հատկապես ռուսական բանկերի դեմ, այդ լուրի ֆոնին արդեն իսկ 7.5%-ով էժանացել են «ՎՏԲ բանկի» և գրեթե 6%-ով «Սբերբանկի» արժեթղթերը:

Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ստորագրած հրամանագրով վերականգնվեցին 2015 թվականի՝ Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Հաջորդ օրվանից արդեն Իրանի տարածքում տարադրամի փոխանակման կետեր բացվեցին, որտեղ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է մինչև 93 հազար իրանական ռիալի, մինչդեռ նույն օրը Իրանի կենտրոնական բանկը սահմանել էր 1 ԱՄՆ դոլարի դիմաց 42 հազար իրանական ռիալ փոխարժեքը: Միևնույն ժամանակ, իրանական սև շուկաներում փոխարժեքը հասել է մինչև 98 հազար ռիալի, այսինքն՝ 133 տոկոսով ավելի բարձր՝ քան պաշտոնական փոխարժեքն է:

Ամերիկա-թուրքական տնտեսական «պատերազմի» հետևանքով թուրքական լիրան մեկ ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.8 անգամ: Եթե հուլիս ամսվա ընթացքում 1 ԱՄՆ դոլարի դիմաց լիրայի փոխարժեքը տատանվում էր 2.43-2.44 միջակայքում, ապա օգոստոսի 13-ին նույն փոխարժեքը հասել է 7.011 լիրայի: Թուրքիայում քաղաքական տարբեր հարթակներից գնահատականներ ու մեղադրականներ են հնչում ԱՄՆ-ի այս քայլերի վերաբերյալ: Թուրքիայի վերնախավն ամեն կերպ փորձում է պայքարել ազգային արժույթի ամրապնդման համար՝ կոչ անելով վաճառել դոլարներն ու եվրոները: Բայցևայնպես, այս ամենը դեռևս արդյունք չի տալիս, իսկ թուրքական լիրայի արժեզրկման միջին տեմպը օգոստոսի 1-13-ը կազմել է օրական 37.2%:

Ռուսական և թուրքական արժույթների արժեզրկումն ու ֆինանսական տատանումները աստիճանաբար ներազդում են ինչպես վրացական լարիի, այնպես էլ ադրբեջանական մանաթի վրա: Այսպես, վրացական լարին հուլիսի 17-ի համեմատ օգոստոսի 13-ին արժեզրկվել է 4.5%-ով: Ներկայումս ԱՄՆ դոլարի փոխարժեքը տատանվում 2.55 վրացական լարիի շրջակայքում: Ադրբեջական բանկերը, փորձելով կանխարգելել արժութային սպեկուլյացիոն գործարքները, սահմանափակել են արտարժույթի կանխիկ վաճառքը՝ այսպիսով վերահսկելի դարձնելով մանաթի հնարավոր արժեզրկումը: Բայց սա երկար շարունակվել չի կարող, քանի որ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է, հետևաբար թուրքական լիրայի արժեզրկումը վնասելու է նաև ադրբեջանական մանաթին:

Իրադարձությունների խաչմերուկում գտնվող Հայաստանին դեռևս հաջողվում է պահպանել հայկական դրամի կայունությունը, ինչը Հայաստանի ֆինանսական շուկաների և տնտեսության զարգացման, հատկապես՝ ներդրումային միջավայրի գրավչության համար շատ կարևոր է: Իհարկե, անհրաժեշտ է նաև հստակ հաշվի առնել և արձանագրել, որ ռուսական տնտեսության ցնցումները ուղղակի անդադարձ կարող են ունենալ, օրինակ, դեպի Հայաստանի դրամական փոխանցումների, ինչպես նաև՝ դեպի Հայաստան ուղղվող ներդրումների վրա:

Մյուս կողմից Ռուսաստանում, Իրանում և Թուրքիայում նկատվող ազգային արժույթների արժեզրկման միտումները կարող են ազդել այդ երկրներից ներկրվող ապրանքների ծավալների վրա՝ բերելով ներմուծման զգալի մեծացման: Սա իր հերթին կարող է հարվածել հայկական արտադրողին, քանի որ էժան գնի հաշվին կմեծանա նշված երկրներից ներմուծվող արտադրանքի մրցունակությունը:

Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում արտաքին շուկաներին կապող վրացական ուղին Հայաստանի համար կրկին կարող է դառնալ միակը: Մինչդեռ, Իրանը «մրցակցային ոգի» էր ձևավորում՝ հնարավորություն ստեղծելով ապահովել ավելի էժան տրանսպորտային այլընտրանքներ: Այս ամենն այն ռիսկերն են, որոնք վերջնական հաշվով կարող են ազդել տարածաշրջանում դեռևս միակ կայուն արժույթի՝ ՀՀ դրամի վրա:

Տնտեսագետ Տաթև Վարդանյան

Նյութի սկզբնաղբյուրը՝ Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

2019 թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։ Ըստ Առկա գործակալության հրապարակման՝ Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։ Վերջին 10 տարում տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության ցուցանիշներից մեկը` ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի […]

Հարկային փոփոխություններով առաջացող ռիսկերը

Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը hetq.am կայքում հրապարակված հոդվածում գրում է. Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, հայտարարեց «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու մասին: Սա ասելով, ինչպես իր ներկայացրածից կարելի է ենթադրել, նա նկատի ունի քաղաքացիների ակտիվ տնտեսական գործունեությունը` զուգորդված պետության կողմից դրա համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ: Հարկային օրենսգրքում փոփոխությունները կարծես դիտարկվում են այդ պայմանների […]

Վնասակար սովորությունների դեմ պայքարի և տնտեսության կայունության սահմանագծին․ դասեր ոչ վաղ անցյալից

Գայդարն ասում էր, որ 1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում ալկոհոլամոլության դեմ ծավալված պայքարը ԽՍՀՄ փլուզման առանցքային պատճառներից են։