Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական արտադրանքը մրցունակ է դառնում շատ երկրներում

Վերադարձ լուրերի բաժին

10:15 , 24 Դեկտեմբեր 2019

Եվրասիական տնտեսական միությունն ընդլայնում է երրորդ երկրների հետ իր ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրությունը, հաջորդ տարի սպասվում են նոր համաձայնագրեր: Համաձայնագրեր ունեցող երկրների շուկաներում հայկական արտադրության ապրանքը գնային առավելություն կունենա մեկ այլ երկրում արտադրված համանման արտադրանքի նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերից խոսել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«2019-ը՝ միությունում Հայաստանի նախագահության տարին բավականաչափ ակտիվ է եղել: Հայաստանի նախագահության տարում ստորագրվել են երկու խոշոր՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի և ԵԱՏՄ-Սերբիա ազատ առևտրի համաձայնագրերը: Այս տարվա ընթացքում ուժի մեջ է մտել նաև երկու նոր համաձայնագիր՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը և Չինաստանի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ-ն 4 նոր համաձայնագիր ունի», ասել է փոխնախարարը: Սիմոնյանը նկատել է որ դա միանշանակ ենթադրում է նոր շուկաներ: Ներկայում բանակցային գործընթացներ իրականացվում են Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ, որը տարածաշրջանում մեծ, խոշոր դիրք գրավող շուկա է:

Նա նաև շեշտել է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միայն անդամ երկրների կարծիքները հաշվի առնելուց հետո է որոշում որևէ երկրի հետ կնքել ազատ առևտրի համաձայնագիր: Բոլոր որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսով՝ նկատի ունենալով անդամ երկրներից յուրաքանչյուրի շահերը: Փոխնախարարը վստահեցրել է, որ Հայաստանն իր մասով ներկայացնում է, թե որ զգայուն ապրանքների մաքսատուրքերը պետք է անմիջապես զրոյացվեն, որոնք՝ որոշ ժամանակ հետո:

«ԵԱՏՄ-ն 3-րդ երկրների հետ գնում է նոր համաձայնագրերի կնքման՝ նոր շուկաների, արտոնյալ պայմանների, մատչելի շուկաների հասանելիություն ապահովելու նպատակով: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է, և երրորդ երկրները նույնպես ցանկություն ունեն մտնել այդ շուկա: ԵԱՏՄ-ն շարունակում է իր աշխատանքը՝ երրորդ երկրների հետ կապն ավելի խորացնելու և զարգացնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ ապահովելու շուկայի մատչելիությունը»,-նշել է Սիմոնյանը: Նա նաև նկատել է՝ Ազատ առևտրի համաձայնագիրը ենթադրում է մաքսատուրքերի իջեցում՝ մինչև 0 տոկոս: Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու պահից որոշակի ապրանքների մաքսատուրքեր իջեցվում են, հետո սահմանվում է մյուսների համար որոշակի հերթականություն:

Փոխնախարարը նշել է՝ մաքսատուրքի իջեցումն արտոնյալ մրցակցային պայմաններ է ձևավորում այն երկրների նկատմամբ, որոնք կոնկրետ երկրի հետ չունեն ազատ առևտրի համաձայնագիր: «Ենթադրենք, Հայաստանն արտադրում է երրորդ երկրում պահանջված արտադրատեսակ, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առևտրի համաձայնագիր, և ներմուծումը դեպի այդ երկիր կատարվում է զրոյական մաքսատուրքով: Հետևաբար, Հայաստանում արտադրված ապրանքը մաքսատուրքի չափով շուկայում գնային առավելություն կունենա մեկ այլ երկրում արտադրված համանման արտադրանքի նկատմամբ, որը տվյալ երրորդ երկրի հետ չունի ազատ առևտրի համաձայնագիր: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ընձեռում տեղական արտադրողին ունենալ մրցակցային առավելություն՝ մեկ այլ երկրի համանման արտադրանք արտադրողի նկատմամբ»,-ասել է Սիմոնյանը:

Ազատ առևտրի համաձայնագիրը, սակայն, չի սահմանափակվում միայն մաքսատուրքերի իջեցմամբ: Համաձայնագիրը նպաստում է նաև առևտրի որոշ տեխնիկական խոչընդոտների վերացմանը: Փոխնախարարը նշել է՝ հաջորդ տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն երրորդ երկրների հետ կարող է կնքել նոր համաձայնագրեր: Օրինակ՝ Չիլիի հետ ստորագրված է փոխըմբռնման հուշագիր, որը համագործակցության առաջին փուլն է, երկրորդ փուլով լինելու է ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այս պահին Չիլին աշխատում է ԵԱՏՄ բոլոր երկրների հետ՝ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ սկսելու համար: Սակայն, եթե ԵԱՏՄ անդամ որևէ երկիր չհամաձայնի, ապա երրորդ երկրի հետ այդ համաձայնագիրը չի կնքվի:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Եվրասիական տնտեսական միությունը մեր կողմից դիտարկվում է որպես ինտեգրացիոն այնպիսի գործիք, որի միջոցով Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռնվում դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները՝ օգտվելով ազատ առևտրի համաձայնագրերի շրջանակներում ամրագրված արտոնյալ պայմաններից:

Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին՝ փոխնախարարը նշել է, որ այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ից: Իրանի հետ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու պահից մի խումբ ապրանքատեսակների մաքսատուրքեր իջեցվեցին՝ բայց ոչ զրոյական: Նա թվային առումով որոշակի դատողություններ անելու համար դեռ վաղ է համարել: «Սակայն պետք է արձանագրել, որ ներմուծված ապրանքները միայն Հայաստանի համար չեն, դա ներմուծում է դեպի ԵԱՏՄ շուկա: Հատող սահմանը ՀՀ-ի սահմանն է, կարող են մի շարք ապրանքներ ներմուծվել, սակայն դա չի նշանակում, որ դրանք բոլորը Հայաստանի տնտեսության կամ հայկական շուկայում սպառման համար են նախատեսված: Եվ այս առումով Հայաստանը կարելի է դիտարկել որպես հարթակ՝ Իրան- ԵԱՏՄ և Իրան – այլ երկրներ տնտեսական համագործակցության ընդլայնման տեսանկյունից»,-եզրափակել է փոխնախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: