Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանյան մինի «բիզնես-պատերազմներ». ՄԱՍ 1

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:26 , 03 Նոյեմբեր 2016

Բիզնեսի զարգացմանը զուգահեռ՝ ակտիվանում են նաև տարաձայնությունները և հակամարտությունները տարբեր ընկերությունների միջև։ Սա բավականին դրական երևույթ է, քանի որ խոսում է մրցակցային միջավայրի աշխուժացման մասին (եթե, իհարկե, ամեն ինչ արվում է քաղաքակիրթ ձևով և չի տեղափոխվում անձնական հարթություն)։

Հայաստանյան ընկերությունները ևս զերծ չեն մնացել այդ «մինի պատերազմներից»։ Օրինակ, «Գրանդ Տոբակոն» ժամանակ կոնֆլիկտ ունեցավ «Nemiroff»-ի հետ (լոգոյի նմանության հետ կապված), «Սիգարոնը» պատերազմում էր «Davidoff»-ի  հետ և այլն։

Սակայն վերջին շրջանում ակտիվացել են մինի պատերազմները ոչ թե հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև, այլ հենց բուն հայաստանյան ընկերություններն են հակամարտում միմյանց դեմ։

Մենք կներկայացնենք առավել ուշագրավ պատմությունները՝ առանձին շարքով։

Menu.am vs Buy.am

Սկսենք ամենաթարմից՝ Menu.am համակարգը ընդդեմ  Buy.am-ի։

Այս ընկերությունների կոնֆլիկտի պատճառը կապված է ինտերնետ տիրույթի հետ, և պատերազմն էլ ծավալվում էր հիմնականում հենց ինտերնետում, մասնավորապես, ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Նախ այս ընկերությունների գործունեության ոլորտը գրեթե նույնն է։ Menu.am-ը և Buy.am-ը արագ առաքման ծառայություն են մատուցում հանրապետության ռեստորաններից և մասնագիտացված խանութներից:

Երկուսն էլ դինամիկ զարգանում են։ 2012 թվականից գործող Menu.am-ը 2 տարի առաջ սկսել է գործել նաև Վրաստանում, իսկ բոլորովին վերջերս գործարկեց առաքման ծառայությունը Բելառուսում։

Buy.am-ը հիմնական շեշտը դրել է հայաստանյան շուկայի վրա։ Ընկերությունը վերջին շրջանում ակտիվացրել է գովազդային արշավը (փողոցային գովազդային վահանակներ, գովազդ YouTube-ում և այլ հարթակներում)։

Ընկերությունների կողմից իրականացված պատվերների և հասույթի մասին տվյալները հասանելի չեն, սակայն համեմատություն անկացնելու մեկ այլ տարբերակ կա։ Նկատի ունենալով, որ երկուսն էլ մատուցում են հիմնականում օնլայն ծառայություններ, մենք համեմատել ենք նրանց կայքերի այցելությունների քանակը՝ Similarweb համակարգի միջոցով։

Ինչպես տեսնում եք, Menu.am-ի այցելությունները մի քանի անգամ գերազանցում են Buy.am-ին։ Օրինակ,  սեպտեմբեր ամսին Menu.am-ն ունեցել է 95000 այցելություն, Buy.am-ը՝ 25000։

Միգուցե կասեք՝ դա հիմք չէ՝ ընկերությունների զբաղեցրած շուկայի մասնաբաժինը գնահատելու համար։ Իհարկե, հիմք չէ։ Սակայն բանն այն է, որ ընկերությունների կոնֆլիկտը պայմանավորված է հենց ինտերնետ-թրաֆիկով։

Այսպես, երբ բրաուզերի մեջ գրում եք Menu.am, ապա հայտնվում եք այնտեղ, որտեղ ցանկանում էիք։ Իսկ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, երբ հավաքում եք MenYu.am (Y տառով), ապա ավտոմատ վերաուղղորդվում եք Buy.am կայք։ Ընդ որում, հայտնվում եք Buy.am-ի՝ սննդամթերքի առաքման բաժնում։

Իհարկե, menYu բառն ինքնին սխալ է, բայց Buy.am-ի թիմը խաղադրույք է կատարել հենց անտեղյակության վրա։ Այսինքն, menu բառը սխալ՝ Y-ով գրողները, հայտնվում են մրցակից կայքում։

Այս ամենը պատահաբար պարզել էր Միխայիլ Ջանփոլադյանը՝ ռադիո «Ավրորայից»։ Բանն այն է, որ բրաուզերի պատուհանում menu բառի սկիզբը՝ «men…»-ը հավաքելիս որոնողական համակարգն ավտոմատ տարբերակներ է առաջարկում, որոնց թվում է նաև menyu.am-ը։

MenYu-link

Օգտատերը հետաքրքրության համար այցելել էր հղումով և հայտնվել Buy.am-ում։ Նա այդ ամենը տեսանյութի տեսքով տեղադրել էր ֆեյսբուքի իր էջում և շեշտել, որ իր նպատակը ոչ թե որևէ ընկերությանը գովազդելը կամ մեղադրելն է, այլ նպատակը հասկանալը՝ դա զուգադիպությո՞ւն է, թե՞ միտումնավոր է արված։

Հրապարակման տակ ակտիվ քննարկում էր ծավալվել։ Մի մասը գտնում են, որ Buy.am-ը անազնիվ է վարվում՝ փորձելով նման կերպ հաճախորդներ փախցնել Menu.am-ից։ Նրանց կարծիքով, սա անարդար է ոչ միայն Menu.am-ի, այլ հաճախորդների նկատմամբ, որոնք խաբվում են։

Մյուս մասը հակառակ կարծիքին է։ Նախ՝ գտնում են, որ եթե հաճախորդը չգիտի, թե ինչպես է գրվում menu բառը, ուրեմն մեղքը նրանն է։ Տեղի ունեցածը նրանք գնահատում են որպես մրցակցության նորմալ դրսևորում, և նշում, որ menu բառի բոլոր հնարավոր տառադարձությունները չգրանցելը հենց Menu.am-ի վրիպումն է։

Օրինակ, մեծ լսարան ունեցող Auto.am կայքը գրանցել է նաև avto.am դոմեյնը՝ նկատի ունենալով, որ ինտերնետ օգտագործողների մի մասը, հնարավոր է, չիմանա այդ բառի ճիշտ գրելաձևը։ Avto.am հավաքելով՝ այցելուն ավտոմատ վերաուղղորդվում է Auto.am:

Menu.am դոմեյնը գրանցվել է 2012 թվականի օգոստոսի 22-ին՝ Internet Projects ընկերության կողմից։ Իսկ MenYu.am դոմեյնը գրանցվել է դրանից ավելի քան 2 տարի անց՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին։

MenYu.am-ը այժմ էլ աշխատում է՝ այցելուներին բերելով Buy.am: Իսկ Menu.am-ը թեև այդ գործելաոճը սխալ է համարում, սակայն չի պատրաստվում դատի տալ մրցակցին։

Այնպես որ, այս պատերազմը չի թեժանում, սակայն՝ չի էլ վերանում։ Այն ավելի շուտ նման է սառեցված հակամարտության։

Հ.Գ. – Տեղեկացնենք, որ Meny.am դոմեյնը այս պահին ազատ է, ինչպես նաև՝ Meniu.am-ը։ Սրանք ավելի քիչ հավանական տարբերակներ են, սակայն ո՞վ կարող է բացառել, որ menu բառը Y-ով գրողը չի կարող նաև i-ով գրել։

Շարքը շարունակելի է…

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: