Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան-ԵԱՏՄ առևտուրը 2017 թվականին. Ի՞նչ, ինչքա՞ն և ո՞ր երկրներ

Վերադարձ լուրերի բաժին

11:55 , 25 Փետրվար 2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։

Ճիշտ է՝ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես հրապարակել էր արտաքին առևտրի վիճակագրությունը, սակայն ԵՏՀ բազաներն ավելի լիարժեք պատկեր են ձևավորում, որովհետև նախ թույլ են տալիս տեսնել վիճակագրությունը ապրանք-երկիր կտրվածքով, բացի այդ՝ պարունակում են տվյալներ նաև Հայաստանի և Ղրղըզստանի առևտրի վերաբերյալ։

Եվ այսպես, Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ 4 երկրների հետ 2017 թվականին կազմել է 1 մլրդ 861.9 մլն ԱՄՆ դոլար։ Այդ թվում՝ արտահանման ընդհանուր ծավալը 555.2 մլն դոլար է, ներմուծմանը՝ 1 մլրդ 306.7 մլն դոլար։ Առևտրաշրջանառության մեծ մասը՝ 1 մլրդ 171.3 մլն դոլար կամ 96.9%, բաժին է ընկնում Ռուսաստանին։ Բելառուսի կշիռը 2.4% է (44 մլն դոլար), Ղազախստանինը՝ 0.6% (11.9 մլն դոլար), Ղրղըզստանինը՝ 0.1% (1.9 մլն դոլար)։

Եթե դատենք ԵՏՀ տվյալներով՝ 2017 թվականին Եվրասիական միության հետ Հայաստանի առևտրի դինամիկան մեր օգտին է եղել՝ արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը։ Այսպես, 2017թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանից ԵՏՄ արտահանումն աճել է 41%-ով, իսկ ներմուծումը 23%-ով։ Առևտրի հաշվեկշիռը դեռ բացասական է՝ -751.5 մլն դոլար (արտաքին առևտրի հաշվեկշիռը դրական է միայն Ղրղըզստանի դեպքում)։ Սակայն արտահանման առաջանցիկ աճը թեթև հույս է ներշնչում, որ հետևողական աշխատանքի ընթացքում դեֆիցիտն աստիճանաբար կկրճատվի։

Ըստ առանձին երկրների՝ պատկերը խիստ տարբերվում է։ Ռուսաստանի հետ արտաքին առևտուրն աճել է թե՛ ներմուծման, թե՛ արտահանման գծով։ Ընդ որում, ներմուծումն ավելի մեծ չափով է աճել (44.6%-ով), քան արտահանումը (22.5%): 2017 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 541.6 մլն դոլար, ներմուծումը՝ 1 մլրդ 262.4 մլն դոլար։

Ներմուծման և արտահանման աճ է գրանցվել նաև Ղրղըզստանի դեպքում, ընդ որում, ավելի մեծ չափով (տոկոսային առումով)՝ արտահանումն աճել է 70%-ով, ներմուծումը՝ 78.2%-ով։ Չնայած սրան, Հայաստանից Ղրղըզստան արտահանման ծավալը 12 անգամ գերազանցում է ներմուծումը։ Բելառուսի դեպքում դինամիկան մեր օգտին չէ. ներմուծումն աճել է 53%-ով և կազմել 37.1 մլն դոլար, իսկ արտահանումը նվազել է 48.3%-ով և հասել 6.9 մլն դոլարի։ Ղազախստանի դեպքում նվազել է թե՛ ներմուծումը (7%-ով), թե՛ արտահանումը (1.2%-ով)։

Ներմուծման ծավալը 2017 թվականին կազմել է մոտ 7 մլն դոլար, արտահանումը՝ 4.9 մլն դոլար։ Ինչ վերաբերում է արտահանման ապրանքային կառուցվածքին, ամենամեծ տեսակարար կշիռն ունեն թունդ ալկոհոլային խմիչքները (հիմնականում՝ կոնյակը)։ 2017 թվականին Հայաստանից ԵԱՏՄ արտահանվել է 13.4 մլն բացարձակ սպիրտի պարունակությամբ թունդ ալկոհոլային խմիչք՝ 183.5 մլն դոլար մաքսային արժեքով (դա կազմում է ԵԱՏՄ մեր ընդհանուր արտահանման մեկ երրորդը)։ Բնեղեն արտահայտությամբ ալկոհոլի արտահանումն աճել է 21.6%-ով, արժեքային արտահայտությամբ՝ 38.7%-ով։

Թունդ ալկոհոլային խմիչքների մեծ մասը՝ 177 մլն դոլար, գնացել է Ռուսաստան։

Արտահանման մեջ երկրորդ տեղում հայտնվել է լուսավորող սարքերի արտահանումը։ Ըստ ԵՏՀ բազաների՝ 2017 թվականին Հայաստանից ԵԱՏՄ արտահանվել են 37.4 մլն դոլարի լուսավորող սարքեր (ԱՏԳ կոդը՝ 9405)։ Թե կոնկրետ ինչ տեսակի լուսավորող սարքերի մասին է խոսքը, տվյալներից չի երևում։ Ուշագրավն այն է, որ 2016-ին այդ հոդվածով արտահանում ընդհանրապես չի եղել։

Զգալիորեն ավելացել է հագուստի և տրիկոտաժեղենի արտահանումը։ Օրինակ, միայն տղամարդու տեքստիլ հագուստի արտահանումն ավելացել է 47%-ով և կազմել 11.7 մլն դոլար։Տրիկոտաժե սվիտերների արտահանումն ավելացել է 55%-ով և գերազանցել 10 մլն դոլարը, և այլն։

Կրկնակի ավելացել է ձկան արտահանումը՝ հասնելով մոտ 17 մլն դոլարի։ Լոլիկի արտահանումը նվազել է 41.3%-ով և կազմել 13.4 մլն դոլար։ Պանրի և կաթնաշոռի արտահանումը նվազել է 1.8%-ով և կազմել 12.2 մլն դոլար։ Արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքին առանձին կանդրադառնանք՝ նշելով, թե որ ապրանքատեսակը որքանով է նպաստել աճին։

Վերջում ավելացնենք, որ արտաքին առևտրի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները կրկին զգալիորեն տարբերվում են։ Արտահանման մասով շեղումը չնչին է, սակայն ներմուծման մասով լուրջ տարբերություն կա։

Օրինակ, Ռուսաստանից ներմուծման ծավալը ըստ ԵՏՀ-ի բազաների՝ 2017 թվականին կազմել է 1 մլրդ 262.4 մլն դոլար, իսկ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 91 մլն դոլարով պակաս՝ 1 մլրդ 171.3 մլն դոլար։ Զգալի տարբերություն կա նաև Ղազախստանից Հայաստան ներմուծման դեպքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։