Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանում ներդրված կենսաթոշակային համակարգը շատ ավելի լավն է, քան այն համակարգերը, որ մենք ունենք Ավստրիայում և Գերմանիայում». C-QUADRAT-ի ներկայացուցիչ

Վերադարձ լուրերի բաժին

21:58 , 30 Հունիս 2018

Հուլիսի 8-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Կենսաթոշակային ֆոնդերը, ինչպես հայտնի է, կառավարում են միջազգային երկու հեղինակավոր ընկերություններ, որոնցից մեկը C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ն է։ Այն ավստրիական C-QUADRAT Investment AG ներդրումային ընկերության և գերմանական Talanx Asset Management GmbH ընկերության համատեղ ձեռնարկությունն է՝ հիմնադրված Հայաստանի Հանրապետությունում: C-QUADRAT Investment AG խումբը գործունեություն է ծավալում Եվրոպայի և Ասիայի ողջ տարածքում՝ ունենալով գրասենյակներ Վիենայում, Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Երևանում, Ժնևում, և վաճառքի ցանց՝ 20 երկրներում:

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին զրուցել ենք այս ընկերության թոփ-մենեջմենթի հետ՝ խորհրդի նախագահ Էռնստ–Լյուդվիգ Դրայսի, խորհրդի անդամներ Անդրեաս Վիմմերի և Կարլոս Մենդեզ դե Վիգոյի, C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանի հետ։

* * *
Հատուկ ընդգծենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել հունիսի սկզբին, երբ կառավարությունը դեռ վերջնական որոշում չէր ընդունել՝ պարտադիր բաղադրիչն ուժի մեջ թողնելու հետ կապված։

* * *

– Հայաստանը փոքր շուկա է, իսկ ձեր ընկերությունը՝ չափազանց մեծ, որը գործում է տարբեր շուկաներում։ Ի՞նչը շահագրգռեց, որպեսզի մտնեք հայաստանյան շուկա։

Ա.Վիմմեր.– Իրականությունն այն է, որ մենք արդեն այստեղ էինք։ Մինչև 2014 թվականը՝ մեր ընկերությունն ավելի քան 7 տարի աշխատում էր Հայաստանում՝ մասնավոր պորտֆելային ներդրումներ բերելով երկրի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար։ Այդ ընթացքում մենք մոտ 60 մլն եվրոյի ներդրումներ ենք իրականացրել Հայաստանի շուկայում՝ մեր Vision Microfinance ներդրումային ֆոնդի միջոցով։ Ցե-Կվադրատը (C-Quadrat) տարբեր ֆոնդերի շատ մրցունակ սպեկտր ունի, ներառյալ՝ միկրոֆինանսավորման և հանրօգուտ ներդրումների (impact investments):

CQ4

Այդ ժամանակ իմ գործընկեր Արման Վարդանյանն էր կառավարում այդ միկրոֆինանսավորման ֆոնդերը, որոնք ներդրումներ էին անում 50-ից ավելի զարգացող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Այնպես որ, մենք բավականին լավ գիտեինք Հայաստանը, այստեղի ֆինանսական շուկան և այն, թե ինչպես է ամեն ինչ այստեղ աշխատում։ Ծանոթ էինք մակրոտնտեսական միջավայրին, որը նպաստավոր էր մեր գործունեության համար։ Այսինքն, Հայաստանը մեզ համար նոր շուկա չէր։ Ավելին, մեր բաժնետերերն ու խորհրդի անդամները ծանոթ էին Հայաստանին, Հայաստանի ժողովրդին և մշակույթին:

Հենց այս ամենի հիման վրա որոշում կայացվեց այստեղ բացել մասնագիտացված ընկերություն։ Մենք նաև առաջարկեցինք մեր ռազմավարական գործընկերոջը՝ Տալանքս (Talanx)-ին, որը գերմանական խոշորագույն ապահովագրական խմբերից մեկն է, միանալ մեզ Հայաստանում և հիմնել համատեղ ընկերություն՝ ֆոնդերի կառավարման մեր փորձը բերելով այստեղ, և առաջարկել ակտիվների կառավարման պրոֆեսիոնալ ծառայություններ

CQ3

– Ինչպե՞ս եք համոզել Talanx-ին ձեզ միասին մտնել Հայաստան, ի՞նչ եք ասել։ Օրինակ՝ որ մենք ունենք կայացած ֆինանսական համակարգ կամ լավ օրենսդրություն… Ո՞րն է եղել հիմնական առավելությունը։

Մենդես դե Վիգո.– Օրենսդրական բարենպաստ միջավայրը և կենսաթոշակային բարեփոխման խոստումնալից հեռանկարը մեզ համար հետաքրքիր հնարավորություն էին ստեղծում։ Այսինքն՝ կենսաթոշակային համակարգի և երկարաժամկետ խնայողությունների կառավարման նկատմամբ առաջադեմ մոտեցման ներդրումը Հայաստանում հնարավոր դարձրեց այստեղ մեր գործունեության ծավալելը:

CQ5

Ա. Վիմմեր.- Այսպես ասեմ, իմ անձնական կարծիքով՝ Հայաստանում ներդրված կենսաթոշակային համակարգը շատ ավելի լավն է, քան այն համակարգերը, որ մենք ունենք Ավստրիայում և Գերմանիայում։ Որովհետև Ավստրիայում և Գերմանիայում մենք ունենք այն, ինչ դուք ունեիք նախկինում՝ սերունդների համերաշխության վրա հիմնված կենսաթոշակային համակարգ։ Սակայն այն, ինչ մենք տեսանք այստեղ, մեզ շատ դուր եկավ։ Ու ես համոզված եմ, որ կուտակային կենսաթոշակային համակարգը, որը ներկայացված է Հայաստանում, շատ ավելի լավն է, արդիական և ճկուն, քան մի շարք երկրներում գործող pay-as-you-go համակարգերը։

Կցանկանայի, որպեսզի Ավստրիայում նույնպես ներդրվեր նմանատիպ կուտակային կենսաթոշակային համակարգ։ Դա անմիջապես կբարձրացներ իմ կենսաթոշակի պոտենցիալ չափը։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Մենք գիտենք, որ կենսաթոշակայինի հարցը հիմա թեժ թեմա է Հայաստանում, և հենց այս պահին էլ շատ քննարկումներ են ընթանում։ Մենք ակտիվներ կառավարող ընկերություն ենք. մեր խնդիրն է՝ պրոֆեսիոնալ ձևով ներդնել կենսաթոշակային միջոցները և ապահովել վերադարձ՝ ընդունելի ռիսկի սահմաններում։ Կարծում եմ, որ նախորդ տարիների ընթացքում մենք պատշաճ ձևով ենք կատարել մեր գործը։

– Դուք գիտեք, որ 2014 թ. բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին տեղի ունենում կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ։ Մինչ այժմ մասնավոր հատվածի աշխատողների համար այս համակարգին միանալը կամավոր հիմքերով էր։ Այժմ, երբ պարտադիր բաղադրիչը պետք է մտնի ուժի մեջ, քննարկումները կրկին ակտիվացել են։ Չի բացառվում, որ պարտադիր բաղադրիչը հետաձգվի ևս մեկ տարով՝ այդ ընթացքում օրենսդրությունը վերանայելու և բարելավելու հիմնավորմամբ։ Ինչպիսի՞ն կլինի ձեր դիրքորոշումը, եթե, այնուամենայնիվ, որոշում կայացվի հետաձգել պարտադիր բաղադրիչի ներդրումը։

Ա.Վիմմեր.- Սա շատ թեժ և քաղաքական թեմա է, ինչպես և մյուս բոլոր երկրներում, և ես չէի ցանկանա մեկնաբանություն անել այդ հարցով։ Իրականությունն այն է, որ մենք այստեղ ներդրումներ ենք իրականացրել և ընկերություն հիմնել՝ ակնկալելով մի որոշ ժամանակ հետո շահույթ ունենալ։ Մենք հավատում ենք կենսաթոշակային բարեփոխման հաջողությանը Հայաստանում և շատ դրական ենք տրամադրված։ Իհարկե, պարտադիր բաղադրիչի հետաձգումը շատ մեծ ազդեցություն չի ունենա մեր երկարաժամկետ բիզնես մոդելի վրա։ Սակայն, եթե տեղի ունենան ավելի մեծ փոփոխություններ, մենք ստիպված կլինենք վերանայել մեր գործունեության հեռանկարները և դրանք ֆինանսավորելու հնարավորությունները:

– Ի՞նչ նկատի ունեք՝ մեծ փոփոխություններ ասելով։

Ա. Վիմմեր.– Եթե կուտակային համակարգի պարտադիր բաղադիչն ընդհանրապես չեղարկվի, ապա կունենանք լրիվ նոր համակարգ, և անհրաժեշտություն կառաջանա վերաարժևորել մեր գործունեությունը։ Այս պահին անհնար է ասել, թե ինչ կանենք, որովհետև այդ դեպքում կլինի լրիվ նոր իրավիճակ։

Է. Դրայս.– Ես կցանկանայի մի ընդհանուր մեկնաբանություն անել այս հարցով։ Խոսքը, մեծ հաշվով, ոչ թե Հայաստանի և ոչ թե կոնկրետ ռեֆորմի մասին է, այլ ընդհանրապես՝ մարդկային վարքագծի։ Եթե դուք ինձ կամ ես ձեզ հարցնեմ, թե ինչ-որ բան կցանկանաք անել կամավո՞ր, թե՞ պարտադիր կերպով, դուք, բնականաբար, կպատասխանեք՝ կամավոր։ Դրա համար, երբեմն հարցեր չպետք է տրվեն, որովհետև մարդկանց միշտ ավելի շատ դուր է գալիս կամավորականության սկզբունքը:

CQ6

– 1974 թվականից շուտ ծնված մարդիկ կարո՞ղ են միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին։

Ա. Վարդանյան.– ՀՀ օրենսդրության համաձայն՝ նրանք ստանալու են պետական կենսաթոշակ՝ ներկայիս սերունդների համերաշխության համակարգով։ Սակայն այսօր էլ նրանք կարող են կամավոր հիմունքներով մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին և լրացուցիչ գումարներ կուտակել։

– Ինչո՞ւ մարդիկ չեն կարող կառավարել սեփական միջոցները՝ ըստ իրենց հայեցողության։ Այսինքն, ինչո՞ւ են մեզ պետք ակտիվների կառավարիչներ, որոնք պետք է կառավարեն կենսաթոշակային հիմնադրամների միջոցները։ Մարդիկ չե՞ն կարող դա ինքնուրույն անել։

Ա. Վարդանյան.– Կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը մասնավոր ընկերությունների կողմից մի քանի առավելություններ ունի։ Առաջինը, կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները, որոնք արվում են մասնավոր ակտիվների կառավարիչների կողմից, հնարավոր են դարձնում դիվերսիֆիկացնել այդ ներդրումները՝ օգտագործելով տարբեր ֆինանսական գործիքներ, արժույթներ և միջոցներն ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներ:

CQ2

Արդյունքում՝ պոտենցիալ նվազեցվում է ռիսկը։ Երկրորդ, ակտիվների կառավարմամբ զբաղվող ընկերություններում աշխատող բարձրակարգ և մասնագիտացված պրոֆեսիոնալներն իրականացնում են տեղեկացված ներդրումներ (informed investment decisions)՝ հիմնված շուկայի հետազոտության և բազմագործոն վերլուծությունների վրա։ Եվ վերջապես, կոլեկտիվ ներդրումները հասանելիություն են ապահովում ավելի լայն գործիքակազմի նկատմամբ (արժեթղթեր, պարտատոմսեր և ֆինանսական շուկայի այլ գործիքներ) և այդպիսով իսկ տնտեսում մարդկանց գումարները՝ ավելի ցածր գործառնական վճարների շնորհիվ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտահանման աճը շարունակում է դանդաղել

2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։

Ինչպես վախեցնել զբոսաշրջիկներին. հայտնի վլոգգերը խոսել է Հայաստանի ականների մասին (տեսանյութ)

Հայտնի վլոգգեր Nas Daily-ն հոլովակ է նկարել Հայաստանի չվնասազերծված ականների մասին

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…