Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանյան որ բանկերն են ավելի շատ փող ծախսում՝ աշխատակիցների ուսուցման և վերապատրաստման համար

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:01 , 23 Մարտ 2017

Հայաստանի բանկային ոլորտում մրցակցությունը իրոք թեժ է։ Բանկերը մրցակցում են՝ հաճախորդներ ներգրավելու համար։ Իսկ հաճախորդի համար կարևոր է ոչ միայն տվյալ բանկի անունը, մեծությունը կամ տոկոսադրույքների չափը, այլ նաև՝ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը։

Սա վերաբերում էր սպասարկող անձնակազմին։ Մյուս կողմից՝ բանկերին անհրաժեշտ են փայլուն մասնագետներ՝ ռիսկերի կառավարման, ներդրումների և այլ գծով, շուկայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Այդ իսկ պատճառով, բանկերը մշտապես կրթում և վերապատրաստում են իրենց աշխատակիցներին։ Իհարկե՝ տարբեր չափերով։ Որպեսզի համեմատելի լինի, մենք կազմել ենք հայաստանյան բանկերի TOP-10-ը՝ հաշվի առնելով, թե որքան է կազմել մեկ աշխատողի գծով վերապատրաստման և ուսուցման ծախսը 2016 թվականին։

Նշենք, որ բանկերի մի մասը իրենց հաշվետվություններում ներկայացնում են աշխատակազմի վերապատրաստման և ուսուցման գծով ծախսերը։ Մյուսներից մենք այս տեղեկատվությունը ստացել ենք հարցումներով։ Միայն Ամերիաբանկը նպատակահարմար չգտավ ներկայացնել այդ տվյալը, այնպես որ հիմնվել են մնացած 16 բանկերի տվյալների վրա։

 

     Մելլաթ բանկ՝ 74.8 հազար դրամ

Միգուցե զարմանալի թվա, սակայն մեկ աշխատողի հաշվով վերապատրաստման և ուսուցման ծախսերի գծով առաջատարը Իրանական կապիտալով աշխատող Մելլաթ բանկն է՝ 74 780 դրամ։ Ճիշտ է, մեկ աշխատողի հաշվով ուսուցման ծախսի մեծ ցուցանիշը պայմանավորված աշխատակիցների քիչ թվով (50 աշխատակից)։ Սակայն այս բանկի՝ վերապատրաստման և ուսուցման ընդհանուր բյուջեն 2016 թվականին եղել է ավելի քան 3.7 մլն դրամ, ինչը ավելի շատ է, քան մի քանի անգամ ավելի շատ աշխատակիցներ ունեցող 8 բանկերինը։ Նշենք նաև, որ 2015 թվականին Մելլաթ բանկի՝ աշխատակիցների վերապատրաստման և ուսուցման ծախսերը կազմում էին 2.2 մլն դրամ։ Այսինքն՝ բանկը 70%-ով ավելացրել է այս ուղղությամբ ծախսերը։ Հիշեցնենք, որ Մելլաթ բանկը զգալիորեն ավելացրել է նաև գովազդի գծով ծախսերը։ Սա ցույց է տալիս, որ բանկը մտադիր է ամրապնդել իր դիրքերը հայաստանյան շուկայում։

 

     HSBC Հայաստան՝ 63 հազար դրամ

HSBC Հայաստան բանկը ակտիվ գովազդով աչքի չի ընկնում, փոխարենը նախընտրում է զգալի միջոցներ հատկացնել սեփական աշխատողների որակի բարձրացմանը։

HSBC Հայաստան բանկի աշխատակիցների միջին թվաքանակը 2016 թվականին կազմել է 415 մարդ։ Նույն տարում աշխատակիցների վերապատրաստման և ուսուցման գծով բանկը ծախսել է շուրջ 26.2 մլն դրամ։ Այսինքն՝ մեկ աշխատողի վերապատրաստման գծով ծախսվել է միջինը 63 հազար դրամ, ինչը շատ բարձր ցուցանիշ է հայաստանյան բանկային ոլորտի համար։

 

     ԱԿԲԱԿրեդիտ Ագրիկոլ՝ 31 հազար դրամ

Թվարկված 16 բանկերի թվում ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլը առաջին տեղում է՝ աշխատակիցների վերապատրաստման և ուսուցման բյուջեով։ 2016 թվականին բանկն այդ ուղղությամբ ծախսել է 40.9 մլն դրամ։

Մյուս կողմից, ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլը նաև ամենից շատ աշխատողներ ունեցող ֆինանսական հաստատությունն է՝ 1300-ից ավելի։ Մեկ աշխատողի հաշվով վերապատրաստման և ուսուցման ծախսերը 2016 թվականին կազմել են 31 հազար դրամ։

 

     Ինեկոբանկ՝ 27.2 հազար դրամ

ՊրոԿրեդիտ բանկը ձեռք բերելուց հետո Ինեկոբանկի աշխատողների թվաքանակը աճեց։ Բանկը 2016 թվականին ունեցել է 800 աշխատող (միջին թվաքանակ)։

Նույն տարում Ինեկոբանկը իր աշխատողների վերապատրաստման և ուսուցման գծով ծախսել է 21.8 մլն դրամ։ Մեկ աշխատողի հաշվով՝ 27.2 հազար դրամ։

 

     Արմսվիսբանկ՝ 22.6 հազար դրամ

Մեկ աշխատողի հաշվով վերապատրաստման ծախսերով բանկերի հնգյակը եզրափակում է Արմսվիսբանկը՝ 22.6 հազար դրամ։

Այս ուղղությամբ 2016 թվականին բանկը ծախսել է ոչ այքան մեծ գումար՝ 2.6 մլն դրամ։ Ինչպես և Մելլաթի դեպքում, այստեղ նույնպես կարելի է ասել, որ հնգյակում տեղ գտնելը պայմանավորված է աշխատակիցների փոքր թվով (115 աշխատակից)։ Սակայն մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ, օրինակ, 760 աշխատակից ունեցող Յունիբանկը նույնչափ՝ 2.6 միլիոն դրամ է ծախսերի իր աշխատակիցներին վերապատրաստելու համար։

 

     Անելիք բանկ՝ 19.5 հազար դրամ

Վերապատրաստման և ուսուցման գծով ծախսերը՝ 7.2 մլն դրամ, աշխատակիցների թիվը՝ 374։

 

     Պրոմեթեյ բանկ՝ 12 հազար դրամ

Վերապատրաստման և ուսուցման գծով ծախսերը՝ 2.9 մլն դրամ, աշխատակիցների թիվը՝ 238։

 

     Արդշինբանկ՝ 11.7 հազար դրամ

Վերապատրաստման և ուսուցման գծով ծախսերը՝ 11.2 մլն դրամ, աշխատակիցների թիվը՝ 956։

 

     ՎՏԲ Հայաստան բանկ՝ 9.7 հազար դրամ

Վերապատրաստման և ուսուցման գծով ծախսերը՝ 11.5 մլն դրամ, աշխատակիցների թիվը՝ 1180։

 

     Բիբլոս բանկ՝ 8.4 հազար դրամ

Վերապատրաստման և ուսուցման գծով ծախսերը՝ 644 հազար դրամ, աշխատակիցների թիվը՝ 77։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։