Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի և Իրանի սահմանակից ազատ տնտեսական գոտիները պետք է դառնան տարածաշրջանի տնտեսական ակտիվության էպիկենտրոնը. Սուրեն Կարայան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

20:37 , 27 Հունվար 2017

Հունվարի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ներկայացուցչական պատվիրակությանը, որը գլխավորում էր «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին:

Պատվիրակության կազմում էին Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր, Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Մոհամմադ Հասան Նեժադը, հայազգի պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ժորժ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ, գործարարներ, փորձագետներ:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նախարարության պատասխանատու պաշտոնյաներ:

Ողջունելով ԻԻՀ պատվիրակության անդամներին, Սուրեն Կարայանը նշել է, որ երկու բարեկամ երկրները համատեղ կարող են տնտեսության զարգացման ավելի արագ տեմպեր ապահովել:

Պետք է լիարժեքորեն օգտագործենք եղած հնարավորությունները: Պետք է ձգտենք կազմակերպել համատեղ արտադրություն և արտադրանքի արտահանում այլ շուկաներ: Մենք հայտարարել ենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին և արդեն ընթանում են կազմակերպչական աշխատանքները:Համատեղ ջանքերով կանենք հնարավորինը այդ տարածքում մեր երկու ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար: Հայաստանի և Իրանի սահմանակից ազատ տնտեսական գոտիները պետք է դառնան տարածաշրջանի տնտեսական ակտիվության էպիկենտրոնը,- ընդգծել է Սուրեն Կարայանը:

Նախարարն առաջարկել է Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումից հետո, հենց  այդ տարածքում կազմակերպել համատեղ գործարար համաժողով` հրավիրելով բոլոր հետաքրքրված գործարարներին, որպեսզի վերջիններս տեղում ծանոթանան երկու ազատ տնտեսական գոտիների հնարավորություններին և առավելություններին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ Հայաստանում գտնվող պատվիրակությունը մի հրաշալի թիմ է, որը կարող է ներկայացնել Իրանի տնտեսության ողջ հնարավորությունները:  Նա հավելել է, որ առաջիկայում տեսանելի կլինեն ԻԻՀ նախագահի` վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, քանի որ երկուստեք կա քաղաքական կամք և մեծ ցանկություն խորացնելու և ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցությունը:

«Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին իր խոսքում չափազանց կարևորել է գործարար համագործակցությունը` հատկապես շեշտադրելով ազատ տնտեսական գոտիներում համատեղ աշխատանքի կազմակերպումը: Նա պատրաստակամություն է հայտնել  ծանոթացնել հայ պաշտոնյաներին  և գործարարներին  «Արաս» ազատ առևտրի գոտու գործունեությանը, նաև փոխանցել իրենց փորձը հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մասնավորապես առանձնացվել են գյուղատնտեսությունը, կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը, հանքարդյունաբերությունը, նանոտեխնոլոգիաները, արդյունաբերության այլ որլորտները, զբոսաշրջությունը:

Մեկ անգամ ևս հավաստելով տնտեսական համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ խոսքից գործի անցնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կնախանշի կոնկրետ քայլեր երկու երկրների տնտեսական գոտիների ակտիվ գործակցությունը կազմակերպելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանացի գործարարների պատվիրակության այցելել է Հայաստան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացնում է նախարարության մամուլի բաժինը: Նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․ «Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն […]

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։ Այդ մասին b4b.am-ին հայտնել է նախարարության մամուլի բաժինը: ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և […]

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]