Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվելիք համաձայնագրի տնտեսական բաղադրիչը

Վերադարձ լուրերի բաժին

15:25 , 14 Հոկտեմբեր 2017

Երեկ հրապարակվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախագիծը:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 21-ին, և վերջնական ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին։

Ավելի քան 350 էջանոց համաձայնագրի 4-րդ մասը նվիրված է տնտեսական համագործակցությանը և բաղկացած է 3 գլուխներից՝ տնտեսական երկխոսություն, հարկում և վիճակագրություն։

Ներկայացնում ենք տնտեսական բաղադրիչը՝ համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունից։

 

   ՄԱՍ IV. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 22

1. Եվրոպական միությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է խթանեն տնտեսական բարեփոխումների գործընթացը՝ յուրաքանչյուր տնտեսության հիմնարար սկզբունքների ընդհանուր ընկալումը եւ տնտեսական քաղաքականությունների ձեւավորումն ու իրականացումը բարելավելու միջոցով։

2. Հայաստանի Հանրապետությունը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի՝ արդյունավետ գործող շուկայական տնտեսություն զարգացնելու եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունները համապատասխան դեպքերում Եվրոպական միության տնտեսական ու ֆինանսական կարգավորումներին ու քաղաքականություններին աստիճանաբար մոտարկելու ուղղությամբ։ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություններ՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախությունը եւ գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։

ՀՈԴՎԱԾ 23

Այդ նպատակով, Կողմերը համաձայնում են կանոնավոր տնտեսական երկխոսություն անցկացնելու շուրջ, որն ուղղված կլինի՝
ա) մակրոտնտեսական միտումների եւ քաղաքականությունների, ինչպես նաեւ՝ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը,

բ) փորձառության եւ լավագույն գործելակերպերի փոխանակմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական ֆինանսները, դրամավարկային քաղաքականության եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափին առնչվող հայեցակարգերը, ֆինանսական հատվածի քաղաքականությունը եւ տնտեսական վիճակագրությունը,

գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական եւ արժութային միության գործունեության վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակմանը,

դ) տնտեսության, ֆինանսների եւ վիճակագրության ոլորտներում երկկողմ համագործակցության կարգավիճակի վերանայմանը։

ՀՈԴՎԱԾ 24

Պետական հատվածի ներքին հսկողությունը եւ աուդիտի միջոցառումները
Կողմերը պետք է համագործակցեն պետական հատվածի ներքին հսկողության եւ արտաքին աուդիտի իրականացման հարցում՝ հետեւյալ նպատակներով՝

ա) ապակենտրոնացված կառավարչական հաշվետվողականության սկզբունքին, այդ թվում՝ ամբողջ պետական հատվածի համար անկախ ներքին աուդիտի գործառույթին համապատասխան՝ պետական ներքին հսկողության համակարգի հետագա զարգացումը եւ կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում՝ համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային ստանդարտների, շրջանակային հայեցակարգերի եւ ուղեցույցների ու Եվրոպական միության պատշաճ գործելակերպի հետ ներդաշնակեցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ պետական ներքին ֆինանսական հսկողության բարեփոխումների ծրագրի հիման վրա.

բ) Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ստուգումների այնպիսի համարժեք համակարգի մշակումը, որը կլրացնի ներքին աուդիտի գործառույթը, այլ ոչ թե կկրկնօրինակի այն.

գ) Հայաստանի Հանրապետությունում պետական ներքին ֆինանսական հսկողության կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանմանն աջակցումը եւ բարեփոխումների գործընթացն ուղղորդելուն առնչվող դրա կարողության ամրապնդումը.

դ) Վերահսկիչ պալատի՝ որպես Հայաստանի Հանրապետության՝ աուդիտ իրականացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդումը՝ մասնավորապես դրա ֆինանսական, կազմակերպական եւ գործառնական անկախության տեսանկյունից՝ արտաքին աուդիտի (INTOSAI) [Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության] միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան, եւ

ե) տեղեկությունների, փորձի եւ պատշաճ գործելակերպի փոխանակման գործընթացի ապահովումը։

ԳԼՈՒԽ 2. ՀԱՐԿՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 25

Կողմերը պետք է համագործակցեն հարկային ոլորտում պատշաճ կառավարումն ընդլայնելու հարցում՝ տնտեսական հարաբերությունները, առեւտուրը, ներդրումները եւ արդար համագործակցությունը հետագայում կատարելագործելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ 26

Հղում կատարելով 25-րդ հոդվածին՝ Կողմերն ընդունում են հարկային ոլորտում պատշաճ կառավարման սկզբունքները եւ պարտավորվում են իրականացնել դրանք, այլ կերպ ասած՝ թափանցիկության, տեղեկությունների փոխանակման եւ հարկային արդար մրցակցության սկզբունքներն այնպես, ինչպես Եվրոպական միության մակարդակով դրանք որդեգրել են անդամ պետությունները։ Այդ նպատակով, չհակասելով Եվրոպական միության եւ անդամ պետությունների իրավասություններին՝ Կողմերը պետք է կատարելագործեն միջազգային համագործակցությունը հարկային ոլորտում, խթանեն հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը եւ մշակեն միջոցառումներ՝ արդյունավետ կառավարման այդ սկզբունքների արդյունավետ իրականացման համար։

ՀՈԴՎԱԾ 27

Կողմերը պետք է ընդլայնեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի եւ հարկային վարչարարության կատարելագործմանն ու զարգացմանը, այդ թվում՝ հավաքագրման եւ հսկողության կարողությունների ընդլայնմանը, ապահովեն արդյունավետ հարկային հավաքագրում եւ ամրապնդեն հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը։ Կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծված արտադրանքի եւ նմանատիպ տեղական արտադրանքի միջեւ՝ 1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I եւ III հոդվածներին համապատասխան։ Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու, մասնավորապես՝ «կարուսելային» խարդախությունների դեմ պայքարի փորձը կիսելու գործընթացը եւ համագործակցությունը, նաեւ՝ տրանսֆերային գնագոյացման եւ հակաօֆշորային կարգավորման հարցերում։

ՀՈԴՎԱԾ 28

Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը՝ խարդախությանը հակազդելու ու դրա դեմ պայքարելու եւ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի համատեղ քաղաքականություններ որդեգրելու նպատակով։ Համագործակցությունը պետք է ներառի տեղեկությունների փոխանակում։ Այդ նպատակով, Կողմերը պետք է ձգտեն ամրապնդել իրենց համագործակցությունը տարածաշրջանային համատեքստում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համապատասխան։

ՀՈԴՎԱԾ 29

Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։

ԳԼՈՒԽ 3. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 30

Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն վիճակագրությանն առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով միջազգային մակարդակով համադրելի եւ արժանահավատ վիճակագրական տվյալներ ժամանակին տրամադրելու երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ կայուն, արդյունավետ եւ մասնագիտական անկախ ազգային վիճակագրական համակարգի միջոցով կտրամադրվեն այնպիսի տեղեկություններ, որոնք համապատասխան կլինեն Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, բիզնես գործունեությունների եւ որոշում կայացնողների համար՝ նրանց ընձեռելով դրա հիման վրա տեղեկացված ձեւով որոշումներ կայացնելու հնարավորություն։ Ազգային վիճակագրական համակարգի միջոցով պետք է պահպանվեն ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքները եւ հաշվի առնվեն վիճակագրության ոլորտի ԵՄ acquis-ը [օրենսդրություն]՝ ներառյալ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգիրքը՝ ազգային վիճակագրական տվյալների ստեղծման գործընթացը եվրոպական նորմերի եւ ստանդարտների հետ համահարթեցման նպատակով։

ՀՈԴՎԱԾ 31

Վիճակագրության ոլորտում համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի՝
ա) ազգային վիճակագրական համակարգի կարողությունների, այդ թվում՝ իրավական հիմքի հետագա ամրապնդմանը, որակյալ տվյալների եւ մեթատվյալների ստեղծմանը, տարածման քաղաքականությանը եւ օգտագործողի համար հարմարավետությանը, եւ հաշվի առնելով պետական եւ մասնավոր հատվածների օգտագործողներին՝ գիտական համայնքը եւ հասարակությունն ընդհանուր առմամբ.

բ) Եվրոպական վիճակագրական համակարգում կիրառվող նորմերին եւ փորձին Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի աստիճանական համահարթեցմանը.

գ) Եվրոպական միությանը տվյալների տրամադրման գործընթացի ճշգրիտ համակարգմանը՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային եւ եվրոպական մեթոդաբանությունների, այդ թվում՝ դասակարգումների կիրառումը.

դ) ազգային վիճակագրական ծառայության անձնակազմի մասնագիտական եւ կառավարման կարողությունների ընդլայնմանը՝ Եվրոպական միության վիճակագրական ստանդարտների կիրառումը խթանելու եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի զարգացմանը նպաստելու նպատակով.

ե) վիճակագրական «նոու-հաու»-ի զարգացման վերաբերյալ փորձի փոխանակմանը, եւ

զ) վիճակագրական տվյալների ստեղծման բոլոր գործընթացների եւ դրանց տարածման հարցում որակի ապահովման եւ կառավարման խթանմանը։

ՀՈԴՎԱԾ 32

Կողմերը պետք է համագործակցեն Եվրոպական վիճակագրական համակարգի շրջանակներում, որտեղ Եվրոստատը Եվրոպական միության վիճակագրական գրասենյակն է։ Այդ համագործակցությունը պետք է ապահովի վիճակագրական գրասենյակի մասնագիտական անկախությունը եւ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքների կիրառումը, ինչպես նաեւ կենտրոնացված լինի հետեւյալ ոլորտների վրա՝

ա) ժողովրդավարական վիճակագրություն՝ ներառյալ մարդահամարն ու սոցիալական վիճակագրությունը,

բ) գյուղատնտեսության վիճակագրություն՝ ներառյալ գյուղատնտեսական մարդահամարները,

գ) բիզնես վիճակագրություն՝ ներառյալ բիզնես ռեգիստրները եւ վիճակագրական նպատակներով վարչական աղբյուրների կիրառումը,

դ) մակրոտնտեսական վիճակագրություն՝ ներառյալ ազգային հաշիվները, արտաքին առեւտրի վիճակագրությունը, վճարային հաշվեկշիռների վիճակագրությունը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրությունը,

ե) էներգետիկայի վիճակագրություն՝ ներառյալ հաշվեկշիռները,

զ) շրջակա միջավայրի վիճակագրություն,

է) տարածաշրջանային վիճակագրություն, եւ

ը) հորիզոնական գործունեություն՝ ներառյալ որակի ապահովումն ու կառավարումը, վիճակագրական դասակարգումները, ուսուցումը, տարածումը եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը։

ՀՈԴՎԱԾ 33

Կողմերը, մասնավորապես, պետք է փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը ու զարգացնեն իրենց համագործակցությունը՝ հաշվի առնելով աջակցության տարաբնույթ ծրագրերի շրջանակներում մեկնարկած վիճակագրական համակարգի բարեփոխման գործընթացում կուտակված փորձը։ Ջանքերը պետք է ուղղված լինեն վիճակագրությանն առնչվող ԵՄ acquis-ի հետ հետագա համահարթեցմանը՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի զարգացման ազգային ռազմավարության վրա եւ հաշվի առնելով Եվրոպական վիճակագրական համակարգի զարգացումը։

Վիճակագրական տվյալների ստեղծման գործընթացում շեշտադրումը պետք է լինի վարչական փաստաթղթերի ընդլայնված կիրառումը եւ վիճակագրական ուսումնասիրությունների պարզեցումը՝ միեւնույն ժամանակ նկատի ունենալով նաեւ արձագանքների ստացման բեռի թեթեւացման անհրաժեշտությունը։ Ստեղծված տվյալները պետք է համապատասխան լինեն սոցիալական եւ տնտեսական կյանքի առանցքային ոլորտներում քաղաքականությունների մշակման եւ դրանց մոնիթորինգի համար։

ՀՈԴՎԱԾ 34

Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։ Հնարավորության սահմաններում, Եվրոպական վիճակագրական համակարգի շրջանակներում նախաձեռնված գործողությունները, այդ թվում՝ ուսուցումը, պետք է բաց լինեն Հայաստանի Հանրապետության մասնակցության համար։

ՀՈԴՎԱԾ 35

Հայաստանի Հանրապետության օրենսդրության աստիճանական մոտարկումը վիճակագրությանն առնչվող ԵՄ acquis-ին պետք է իրականացվի Եվրոստատի կողմից ստեղծված՝ ամեն տարի թարմացվող Վիճակագրական պահանջների ժողովածուի համաձայն, որը Կողմերը սույն Համաձայնագրի հավելված են համարում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել