Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2017 թ. աջակցել է ավելի քան 4700 ՓՄՁ-ի. 2017 թվականի ամփոփում (տեսանյութ, լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

11:38 , 29 Դեկտեմբեր 2017

Դեկտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը: Միջոցառման ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ոլորտային պատասխանատուները հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին և մյուս հոգաբարձուներին ներկայացրեցին հաշվետվությունը և հիմնական արդյունքները՝ ըստ աջակցության ուղղությունների:

2017 թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հիմնական արդյունքներն են՝

81 սկսնակ և գործող ՓՄՁ-ների տրամադրվել է շուրջ կես միլիարդ դրամի վարկային երաշխավորություն, որոնցից 9-ին՝ ՀՀ վարչապետին ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակներում:

Աջակցության արդյունքում 81 ՓՄՁ ներգրավել է շուրջ 1.1 մլրդ դրամի սեփական ներդրում: Հիմնվել և ընդլայնվել են բազմաթիվ հյուրատներ, ջերմոցային տնտեսություններ, չրերի արտադրություններ, կաթի վերամշակման արտադրամասեր, և այլն: Իսկ բոլորովին վերջերս  Վայոց Ձորի Գոմք համայնքում, բացվել է  ձիարշավարան, որը հանդիսանում է նաև զբոսաշրջային կենտրոն:

sme02

Ըստ հաստատված գործարար ծրագրերի, նախատեսվում է ստեղծել շուրջ 330 նոր աշխատատեղ, որոնցից մոտ 50%-ն արդեն ստեղծվել է:

11 շահառու ստացել են դրամաշնորհներ՝ սարքավորումների տեսքով:

Ուսուցողական աջակցություն է ստացել 710 սկսնակ գործարար և ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչ: Այդ թվում՝ 464 սկսնակ ձեռնարկատեր մասնակցել է Հայաստանի 10 մարզերում իրականացված, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» 31 ծրագրի և ստացել իրատեսական գործարար ծրագիր կազմելու համար անհրաժեշտ գիտելիք: 264 շահառուների տրամադրվել է տեխնոլոգիական աջակցություն՝ չրագործության, պանրագործության, մշակաբույսերի պատվաստման, սննդի անվտանգության և հիգիենայի, ջերմոցների կառուցման, շահագործման և այլ ոլորտներում:

Շուրջ 4700 սկսնակ և գործող ՓՄՁ-ների տրամադրվել է տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ավելի քան 10000 անգամ:

Միջազգային համագործակցություն

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ՓՄՁ ԶԱԿ-ի գլխավորած կոնսորցիումի կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում իրականացվել է 11 ենթակառուցվածքային ծրագիր, որոնցից կօգտվեն 26 համայնքների բնակիչներ:

Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը:  Արևաշատ համայնքում ֆերմերները վերանորոգված ջրագծի շնորհիվ կրկին հնարավորություն կունենան մշակելու սեփական հողերը, ինչը մինչև այդ չէին կարողանում անել ոռոգման բացակայության պատճառով: Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում կառուցվել է գործող ջրագծից դուրս եկող նոր ճյուղ, որը ծառայելու է համայնքի 110 ընտանիքի ավելի քան 60 հեկտար այգիները ջրելու համար:  Ջրագծի շնորհիվ այդ տարածքներում հիմնվելու է մոտ 20 հեկտար ծիրանի նոր այգի:

sme03

Շիրակի մարզի Փանիկ և Մեղրաշեն համայնքներում շահագործման են հանձնվել արոտավայրերի ջրարբիացման համակարգեր՝ ընտանի կենդանիների համար նախատեսված խմոցներով: Ակնկալվում է, որ նոր խմոցների շնորհիվ կենդանիների կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, ինչը կավելացնի բնակիչների եկամուտները: Ծրագրի շրջանակում ստեղծվել է գյուղատնտեսական սպասարկման մեկ գրասենյակ: Բերդ համայնքին տրամադրվել է հացահատիկահավաք կոմբայն:

Ծրագրի ջանքերով Ենոքավան համայնքում բացվել է զբոսաշրջային կենտրոն և  ստեղծվել է համայնքի զարգացման ռազմավարությունը:

Իրականացվել են բրենդավորման և շուկայում առաջ մղման մի քանի միջոցառումներ:

Բնապահպանական ծրագրեր են իրականացվել Զորական,Բերդավան և Բագրատաշեն համայնքներում:

ԵՄ հետ համատեղ և պետական համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տեղական ինքակառավարման մարմինների և փոքր ու միջին բիզնեսին աջակցող կառույցների 60 ներկայացուցիչ մասնակցել է կարողությունների զարգացման դասընթացներին:

Կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ Վանաձորում և Արմավիրում:

sme04

Հայճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի շրջանակում 20 ՓՄՁների ներկայացուցիչներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների Ճապոնիայում և Թաիլանդում:

«Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագիրը մշակել և ցանցում տեղադրել է 60 տեղական ՓՄՁերի համագործակցության նկարագրերը: 91 ձեռնարկություն արտերկրում մասնակցել է գործարար համագործակցության հաստատման 14  միջոցառման և հաստատել 16 համաձայնագիր:

«Էրասմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրի շրջանակում 2017-ին 2 հայ սկսնակ ձեռներեց մեկնել է փորձի փոխանակման Իտալիայի Պիզա և Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքներ, հաստատվել են ևս 7-ի փորձի փոխանակման ծրագրերը:

Մարտի 9-10-ը «British-Armenian B2B Networking Event» միջոցառման շրջանակում հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական դեմ առ դեմ հանդիպումներին:

Սպանդանոցային կարողությունների զարգացման պետական ծրագրի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՍԱՊԾ հետ կնքած համաձայնության հիման վրա իրականացրել է փոքր սպանդանոցներ հիմնել ցանկացող սկսնակների դասընթացներ: 19 մասնակիցներից 10-ը Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում հիմնելու է փոքր սպանդանոց:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցության հուշագրեր և համաձայնագրեր է ստորագրել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Թի-Էս-Դի» ընկերության, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Ռուսաստանի նորարար տեխնոլոգիաների կենտրոնի և այլ գործընկերների հետ:

**

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի ընթացքում  Ճապոնիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ներկայացրել է սննդի 15 տեղական արտադրողի: ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարում ցուցադրվող ապրանքատեսականուն, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև գործարարների զարգացման ծրագրերին ծանոթացել և նրանց հետ զրուցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը:

**

ՓՄՁ ԶԱԿ-ը մասնակցել է նաև «Պանարմենիան էքսպո» ցուցահանդեսին: Կենտրոնի տաղավարում ներկայացվել է USAID/PRP ծրագրի շրջանակում սկիզբ առած «3 սերունդ» նախաձեռնության անդամ 5 և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառու մեկ գործարար:

**

ՓՄՁ ԶԱԿ-ը նաև աջակցել է «Շինարարություն և ինտերիեր» 2017 միջազգային ցուցահանդեսի անցկացմանը: 10-րդ հոբելյանական ցուցահանդեսին մասնակցել է մոտ 120 ընկերություն՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

**

Ամռան վերջին Սևանա լիճը հյուրընկալել էր 23 երկրից ժամանած՝ «Սևան ստարտափ սամիթ» 2017-ի ավելի քան 2000 մասնակիցներին: Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն մշակել իրենց բիզնես գաղափարները, այլև նոր կապեր հաստատել հետագա հավանական ներդրողների և մյուս մասնակիցների հետ:

Բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդների հետ վարպետության դասընթացներ, դասախոսություններ, խոսքի և ներկայանալու վարպետության ժամեր և այլ հետաքրքիր հանդիպումներ են անցկացրել հայաստանցի և արտասահմանցի առաջատար մասնագետները: Սամիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցել  է 50,000 դոլարը: Արդեն սկսվել է «Սևան ստարտափ սամիթ» 2018-ի նախապատրաստական աշխատանքը, իսկ գալիք տարում այն անցկացվելու է նաև Միացյալ Արաբական Էմիրություններում և Հնդկաստանում: «Սևան ստարտափ սամիթի» համակազմակերպիչն են Ստարտափ Արմենիա հիմնադրամը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: 2017 թ. Միջոցառման կազմակերպմանն աջակցել են նաև «Գլոբալ էյ-էմ» ՀԿ-ն և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

**

Տարվա ամենագեղեցիկ միջոցառման ընթացքում 6 անվանակարգում 34 կին գործարար պարգևատրվել է Հայաստանի վարչապետի «Լավագույն կին գործարար» 2017 թ. մրցանակաբաշխության ընթացքում: Արդեն 6-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության նպատակներն են Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռներեցության և նախաձեռնողականության խրախուսումը, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը:  Միջոցառման ընթացքում Արցախցի 2 կին գործարարի խրախուսական մրացանակներ է հանձնել ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը, մոտ 80 մրցանակներ են հանձնել նաև ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային և տեղական կազմակերպությունները:

**

ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում Ստեփանակերտում   ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության հիմնական գործիքները: Արտակ Միրզոյանը պատմել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունների մասին: Արցախ այցի ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակազմը մայիսյան տոներին ընդառաջ արքայանարնջի այգի է հիմնել Ասկերանի շրջանում, այցելել Արցախի պատմամշակութային հուշարձանները:

 

**

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն առաջինը Հայաստանում ստացավ Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի EFQM հավաստագիր: Դեպի կատարելություն ճանապարհորդությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սկսել էր այս տարվա փետրվարից: Նախաձեռնությունն իրականացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցության և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

2018 թ. ին նույնպես Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կշարունակի իրականացնել արդեն գործող և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հաստատված  նոր ծրագրերը` նպաստելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, կայացմանը և միջազգայնացմանը:

###

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն արձագանքում է դրամի մոտալուտ արժեզրկման մասին լուրերին

Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։

ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%:

Թեստ Modex-ից. Որքանո՞վ եք ծանոթ Հայաստանի տնտեսությանը

Թեստը բաղկացած է 10 հարցից, և այն լրացնելու համար կպահանջվի ընդամենը 2 րոպե։