Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանի տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում». Նիկոլ Փաշինյանի 10 փաստերը

Վերադարձ լուրերի բաժին

17:15 , 01 Նոյեմբեր 2018

Հայաստանի տնտեսությունում այս պահին որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում և, ընդհակառակը, թույլ տվեք հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ տնտեսական  տրանսֆորմացիայի մասին է խոսքը. ես երկու ամիս առաջ հրապարակել եմ տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին մեր պատկերացումը և քաղաքական արձանագրումը հետևյալն է, որ մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույթ կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական, արդյունաբերական արտադրանքի և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի:

Այսօր այստեղից ուզում եմ հայտարարել, որ հենց այսօր այս գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Սա քաղաքական հայտարարություն է և, բնականաբար, հարց կծագի՝ քաղաքական հայտարարությունը՝ քաղաքական հայտարարություն, բայց արդյոք կան փաստեր, որոնք ապացուցում են այս քաղաքական հայտարարության իրականություն լինելը: Այո՛, կան այդպիսի փաստեր և ես հիմա այդ փաստերը հերթով ձեզ կներկայացնեմ:

Փաստ 1. ինչպես գիտեք, կառավարությունն ունի մի գործիք, որով գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող և նոր աշխատատեղեր ստեղծող ու որոշակի չափանիշներին համապատասխանող ընկերություններին ազատում է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկը հետաձգում: Այսինքն, այդ ընկերությունները ներկայացնում են իրենց ծրագիրը, իրենց ներկրումների նկարագրությունը և կառավարությունն ազատում է մաքսատուրքից և որոշակի ժամկետով հետաձգում ավելացված արժեքի հարկի վճարումը՝ խրախուսելու համար ներդրումը: Ահա այս գործիքի շրջանակներում իրականացված ներդրումների վերջին 5-6 ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, որտեղ արդեն ասացի ինչ է կատարվում, մնացած ոլորտներում իրականացվող ներդրումներն այս ոչ թե հինգ, այլ ինն ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող աշխատատեղերն աճել են 30 տոկոսով: Այսինքն, 70 տոկոսով աճել է այնպիսի սարքավորումների ներկրումը, որոնք հանքարդյունաբերությանը չեն վերաբերվում, որոնք խաղադրույքներ կատարելուն չեն վերաբերվում, որոնք վերաբերվում են ժամանակակից տեխնոլոգիական և մրցունակ արտադրանքի թողարկմանը: Իսկ այդ շրջանակում այդ սարքավորումներն աշխատացնելու համար անհրաժեշտ աշխատատեղերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 30 տոկոսով, այսինքն սարքավորումների աճը 70 տոկոս, աշխատատեղերի աճը 30 տոկոս:

Փաստ 2. 2018 թվականի առաջին ինն ամիսների  ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումը աճել է 75.5 տոկոսով: Խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերվում հանքարդյունաբերության ոլորտին, այլ վերաբերվում  են արտադրության այլ ճյուղերի: Սա հիմնավորովում է նաև այն փաստով, որ 2018 թվականի ընթացքում շուրջ 29 տոկոսով աճել է հումքի ներկրումը, որը, բնականաբար, պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ: Այսինքն սա երկրորդ փաստն է, որն ուղիղ ցույց է տալիս, որ մեր մոտ տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիա իմ նշած երկու ճյուղերից՝ հանքարդյունաբերություն, խաղադրույքներ՝ դեպի արտադրություն, իսկ գյուղատնեսության ոլորտում տեսնում ենք միտում՝ այսպես ասած հին և ոչ մրցունակ գյուղատնտեսությունից տրանսֆորմացիայի դեպի ժամանակակից և տոխնոլոգիական գյուղատնտեսության:

Փաստ 3. արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է 0.9 տոկոսի աճ, որը բավականին ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: Ինչո՞ւ է ցածր. ինչպես ասացի, ներկայումս Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում՝ Թեղուտում լուրջ խնդիրներ կան, դադարեցրել է գործունեությունը: Հանքարդյունաբերության ոլորտի ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի վրա շատ մեծ է, բայց եթե նայենք արդյունաբերության մյուս ոլորտները, այսինքն վերամշակող հատվածի վիճակն ու դրությունը, փաստ կարձանագրենք՝ սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ վերամշակող արդյունաբերությունում արձանագրվել է 11.4 տոկոսի աճ: Ի՞նչի մասին են խոսում այս թվերը: Այս թվերը խոսում են նույն բանի մասին՝ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինը նվազել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը լրջորեն մեծացել:

Փաստ 4. շինարարության ոլորտում անցած տարվա սեպտեմբերի համեմատ ունենք 3.5 տոկոսի աճ: Տարեսկզբին այդ աճը երկնիշ էր: Ի՞նչ է տեղի ունեցել: Կրկին հանքարդյունաբերություն. այդ երկնիշ աճը հիմնականում պայմանավորված էր Ամուլսարի հանքում տեղի ունեցող շինարարություններով, հիմնականում, մեծամասամբ, կրկին շինարարության կապը հանքարդյունաբերության հետ: Բայց, ըստ էության, արդեն մի քանի ամիս դադարել է, և մենք, ըստ էության, այս համապատկերում, հին տրամաբանությամբ պետք է ոչ թե որևէ աճ ունենայինք, այլ պետք է շինարարության մեջ ունենայինք անկում, որովհետև նախկին աճը 90 և ավելի տոկոսով, ըստ  էության, շատ մեծ տոկոսով կապված էր Ամուլսարի հետ: Սակայն, ի հեճուկս դրա, մասնավորապես, սեպտեմբերին, այնուամենայնիվ, շինարարությունում արձանագրվել է 3.5 տոկոս աճ անցած տարվա նույն ամսվա համեմատ: Հանքարդյունաբերությունում շինարարության ծավալների կտրուկ նվազման պայմաններում արձանագրվել է ծավալների աճ մյուս ոլորտներում: Այսինքն, այս աճը տեղի է ունեցել մյուս ոլորտներում, որոնք ոչ միայն փակել են անկումը, այլև արձանագրել 3.5 տոկոսի աճ:

Փաստ 5. արտահանման ոլորտում նույնպես ունենք աճի տեմպի նվազում, իսկ սեպտեմբերին նույնիսկ ունենք անկում անցած տարվա նույն ամսվա համեմատ, մոտ 15 տոկոսով ավելի քիչ ապրանք է արտահանվել Հայաստանից այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ: Ի՞նչի հաշվին է այս նվազումը: Բերենք մի օրինակ. անցած տարվա սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 57 մլն դոլարի հանքահումքային արտադրանք: Այս տարվա սեպտեմբերին նույն հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 44 մլն դոլար: Այսինքն, այստեղ ունենք 13 մլն դոլարի անկում, նվազումը 22 տոկոս է: Այս տարվա սեպտեմբերին, սակայն, Հայաստանից արտահանված մանածագործական իրերի ծավալը կազմել է 24 մլն դոլար անցած տարվա նույն ամսվա 13 մլն-ի դիմաց: Այսինքն, մանածագործության ոլորտում գրեթե կրկնապատիկ աճ ունենք: Եվ սա նույնպես թիվ է, որը վկայում է տնտեսության տրանսֆորմացիայի մասին:

Փաստ 6. բիզնես վարկավորման մակարդակն աճել է շուրջ 10 տոկոսով կամ շուրջ 155 մլրդ դրամով, ինչը նշանակում է՝ մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ: Ի դեպ, այն փաստը, որ բանկային ավանդները նույնպես շոշափելի աճ են արձանագրել, ինչը բացասական մեկնաբանությունների տեղիք նույնպես տալիս է, որոնց հեղինակները պնդում են, որ մարդիկ ներդնելու այլ տարբերակ չունեն, ուզած-չուզած բանկում ավանդ են դնում: Այս քննադատության մեջ, իհարկե, ռացիոնալության հատիկ կա, բայց ուզում եմ նաև ասել, որ ավանդների աճն է նաև պատճառը, որ վարկային տոկոսները Հայաստանի Հանրապետությունում նվազում են, ինչը շատ երկար եղել է մեր քաղաքական և տնտեսական օրակարգի կարևոր հարց: 2018 թվականին, օրինակ, ֆիզիկական անձանց տրվող դրամային վարկերի տոկոսադրույքը միջինը նվազել է 2.9 տոկոսով: 2018 թվականին Մոտ 3 տոկոսով մեր քաղաքացիներին տրվող վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքը նվազել է 1.2 տոկոսով: Բիզնեսին տրվող դրամային վարկերի տոկոսը նվազել 0.5 տոկոսով, դոլարայինով՝ 0.3 տոկոսով:

Փաստ 7. Հայաստանում շարունակվում է անշարժ գույքի գների աճը, անշարժ գույքի գործարքների թիվն աճել է 19.4 տոկոսով: Հիփոթեկային վարկավորումն աճել է, ընդ որում հիփոթեկային վարկավորման աճն ավելի քան կրկնապատկվել է: Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ հիփոթեկային վարկերի պահանջարկը և վարկավորում աճել է 4.1 տոկոսով, պա այս տարի ունենք 10 տոկոս աճ:

Փաստ 8. շարունակում են ներգաղթային միտումները, մայիսի 1-ից մինչև օրս 13 հազարով ավելi մարդ է եկել Հայաստանի Հանրապետություն, քան գնացել է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 9 հազարով ավելի է եղել, քան եկածների: Այս տարվա ամռանը, իհարկե, դրական տարբերությունը շատ ավելի մեծ էր, բայց պայմանավորված էր տուրիստական սեզոնով:

Ի դեպ, ուզում եմ նշել, որ նկատելիորեն մեծացել է առաջին անգամ Հայաստան եկող մեր հայրենակիցների թիվը: Երկու օր առաջ ես ընդունեցի ամերիկահայ հայտնի գործարար, առաջնային բուժօգնության ծառայությունների հիվանդանոցային գործառույթների նախագահ Մայք Սարյանին, ում ղեկավարած հիվանդանոցային համակարգում ավելի քան 43 հազար մարդ է աշխատում: Համեմատության համար ասեմ, որ Հայաստանում առողջապահության համակարգում 40 հազար մարդ է աշխատում: Այսինքն, Մայք Սարյանի ղեկավարած համակարգում  ավելի շատ մարդ է աշխատում, քան մեր ամբողջ առողջապահական համակարգում: Նա առաջին անգամ է եկել Հայաստան՝ իր մեծ ընտանիքի հետ և ինձ հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ ուզում է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին և կարծում է, որ արդյունավետ համագործակցության դեպքում 3 տարվա ընթացքում Հայաստանի առողջապահական համակարգում կարելի է իրականացնել հեղափոխություն և մեր առողջապահական համակարգը բերել ամերիկյան կամ եվրոպական ստանդարտների: Սա վկայում է Հայaստանի նկատմամբ վստահության օր-օրի աճի մասին:

Փաստ 9. Հաջորդ ցուցանիշը, որ ուզում եմ նշել, հետևյալն է. Տեսեք, ինչքան էլ որ ասում են սեպտեմբերի կապակցությամբ այս ինչ է կատարվում տնտեսությունում, բայց ուրիշ ցուցանիշ կա: Սեպտեմբեր ամսին Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հավաքագրումները Հայաստանի Հանրապետության պատմության ռեկորդային ցուցանիշ են գրանցել: Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Ի դեպ, այս թեմայի կապակցությամբ ես ուզում եմ ասել հետևյալը, որ սա շատ կարևոր փաստ եմ համարում, որովհետև պետք է ընդունենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում պետեկամուտների կոմիտեի և գործարար միջավայրի հարաբերությունները բավականին անկայուն և լարված էին, և ես սա ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն, հետևաբար կառավարությունը և գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի:

Բոլոր հիմքերը կան ասելու, որ պետեկամուտների կոմիտեի, կառավարության և գործարար միջավայրի, գործարար մարդկանց, գործարար հանրության միջև երկխոսության նոր փուլ է սկսվում, որտեղ այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում, ինչպես ընդունված է ասել՝ նույն նավի մեջ և պետք է այստեղ հակամարտության ռեժիմը փոխարինել համագործակցության ռեժիմի:

Ես ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեր երկրում առանց հարկատուների վարքի, վարքագծի փոփոխության և առանց, իհարկե, հարկային մարմինների վարքագծի փոփոխության մենք լուրջ խնդիրներ կունենանք, որովհետև, ըստ էության, մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, պայքար ստվերի դեմ: Իհարկե, կառավարությունը վճռական է այս պայքարն իրականացնելու առումով, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է ստվերը, ստվերը չվճարված հարկ է: Կապ չունի դա մի դրամ է, երկու դրամ է, տաս թե մեկ միլիոն դրամ է: Եվ ի վերջո, այդ հարկը վճարել թե չվճարելու որոշումը կայացնում է ոչ թե կառավարությունը, այլ այն մարդը, ով պետք է դա անի: Հենց սա է վճռական և շրջադարձային կետը: Սա վճռական պահն է ապագայի կերտման և իրականության կերտման:

Ես ուզում եմ ցույց տալ, որ կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ: Այդ որոշումը կայացնելիս մարդը որոշում է՝ ինքն ուզո՞ւմ է պայքարել կոռուպցիայի դեմ, թե չի ուզում պայքարել կոռուպցիայի դեմ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնուամենայնիվ, այս պահի շրջադարձային լինելը գիտակցելով և արձանագրելով, բոլոր դեպքերում կկայացնեն այն որոշումը, որը հօգուտ պետական եկամուտների է: Ի՞նչ է նշանակում հօգուտ պետական եկամուտների կայացնել որոշում: Դա նշանակում է համագործակցել կառավարության հետ և հնարավորություն տալ հանրային պահանջարկը, սոցիալական ծախսերն ավելի շատ ավելացնելու, անվտանգության մակարդակն ավելի բարձրացնելու, ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու, կրթության մակարդակն ավելի բարձր դարձնելու, կենսաթոշակները բարձրացնելու և այլն:

Այս բոլոր խնդիրների լուծման համար նշանակում է համագործակցել կառավարության հետ, որովհետև այդ բոլոր խնդիրները լուծողը կառավարությունը չէ միայն: Կառավարությունը կարող է այսօր որոշել, որ թոշակները 100 տոկոսով բարձրացնում է, իսկ ո՞վ է վճարելու այդ թոշակը: Թոշակը վճարելու են հարկատուները: Կառավարության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որ այդ հարկատուները հնարավորինս շատ եկամուտ ստանան՝ հնարավորինս շատ հարկ վճարելու հեռանկարով: Եվ մենք դա անում ենք: Հարցը հետևյալն է՝ հարկատուն պատրա՞ստ է հնարավորինս շատ եկամուտ ստանալու միջավայրում հնարավորինս շատ հարկ վճարելու պայմանին: Եթե պատրաստ է, նշանակում է՝ մենք իսկապես շրջադարձային կերպով փոխում ենք մեր երկրի ճակատագիրը, եթե պատրաստ չէ, նշանակում է՝ մենք քաղաքական բարիկադներն ապամոնտաժելու պրոցեսներից հետո պետք է սկսենք տնտեսական բարիկադների կառուցումը, ինչն օգուտ չէ ոչ կառավարությանը, ոչ պետությանը, ոչ ժողովրդին, ոչ էլ բիզնեսին:

Բայց այնուամենայնիվ, ամփոփելով փաստերի շարադրումը, ես կարող եմ միանշանակ պնդել, որ այսօր Հայաստանի տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում: Այսօր Հայաստանի տնտեսությունում հստակ տեղի են ունենում առողջացման գործընթացներ և տնտեսական տրանսֆորմացիայի պրոցես: Մենք ագրարային երկրից սկսել ենք տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը, բայց այն, ինչ տեղի է ունենում, նախանշաններ են, բայց մենք չենք կարող այդ պրոցեսը թողնել իներցիայի հույսին և  պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկենք և շատ կոնկրետ գործիքներ կիրառել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։